Լրահոս
Օրվա լրահոսը

«Քննչականը գործը փակուղի է տանում»․ հարևանն՝ ընդդեմ վարչապետի կնոջ մորաքրոջ ընտանիքի

Օգոստոս 23,2024 22:07

Գյումրու Մայակովսկի փողոցի 75 տան սեփականատեր Գագիկ Հարթենյանը, որն 9 ամիս առաջ հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն և Շիրակի մարզի դատախազություն առ այն, որ իր ու իր մահացած հորեղբոր աղջկա անունից (նա համասեփանակատեր է) կեղծ համաձայնագիր են սարքել, որով իր տան հիմնական պատն անցնում է հարևանին, նորից դիմել է  Aravot.am-ի խմբագրություն՝ իր դժգոհությունը հայտնելով իրավապահ մարմիններից։

Բանն այն է, որ Գագիկ Հարթենյանի հարևանը Գյումրու նախկին ՔՊ-ական փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ մորաքրոջ ընտանիքն է։

Գագիկ Հարթենյանը ցույց է տալիս փորձագետի եզրակացությունը․ ապացուցվել է, որ  Գագիկ Հարթենյանի ու նրա մահացած հորեղբոր աղջկա՝ Կարինե Մախսոյանի ստորագրությունները կեղծված են (տես փաստաթուղթը):

 

 

Հիշեցնենք, որ Գագիկ Հարթենյանը կեղծ համաձայնագրի մասին իմացել էր պատահաբար, երբ հորեղբոր աղջկա երեխաները մոր մահից վեց ամիս անց  ժառանգություն պիտի ընդունեին, սակայն կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի նկատմամբ հարուցված իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցվել էր՝ հիմք ընդունելով այդ կեղծ համաձայնագիրը։

Ու չնայած կեղծիքն արդեն ապացուցված է, Գագիկ Հարթենյանը պնդում է, որ գործի քննությունը ձգձգում են․ իրավապահները կաշկանդված են։

Նա մտահոգություն ունի, որ նման տեմպերով գործն այլ ընթացք կունենա, նախաքննական մարմինը փակուղի կտանի, կկոծկի՝ ելնելով այն հանգամանքից, որ դիմացը վարչապետ Փաշինյանի կնոջ բարեկամներն են, ու իր տան հիմնական պատն այդպես էլ կեղծ փաստաթղթերի հիման վրա կմնա հարևանին։

«9 ամիսը լրացել է, ինչ դիմել եմ ոստիկանություն, որտեղից էլ դիմումն ուղարկվել է քննչական բաժին, սակայն մինչև օրս ոչ մի առաջընթաց չեմ տեսնում։

Կատարվել է ձեռագրաբանական փորձաքննություն, պարզել են, որ թե՛ իմ, թե՛ վաղամեռիկ հորեղբորս աղջկա ստորագրությունները կեղծված են։ Հորեղբորս աղջկա ստորագրության նմուշը գտել են, ապացուցվել է, որ ինքը չի ստորագրել։ Այս փաստից հետո հիմա էլ ուզում եմ հորեղբորս աղջկա ձեռագրի նմուշը, դեմ չեմ թող գտնեն ձեռագրի նմուշը, բայց իմ մոտ մի հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարող է հորեղբորս աղջկա ստորագրությունը պարզելուց, կեղծիքն արձանագրելուց հետո նորից ընկնեն ձեռագրի նմուշի հետևից։ Եթե հորեղբորս աղջիկը ինքն է գրել համաձայնագիրը, ինչո՞ւ պիտի իր անուն-ազգանունը սխալ գրած լիներ ու վերջում չստորագրեր»,-ասում է Գագիկ Հարթենյանը:

Հիշեցնենք, որ Գագիկ Հարթենյանի ու նրա հորեղբոր աղջկա անունից կազմված համաձայնագիրը գրված է տառասխալներով, առանց կետադրական նշանների, հորեղբոր աղջկա ազգանունը մի տեղ Մալխասյան է, ստորագրության մեջ Մախսոյան է (տես լուսանկարում):

«Կեղծիքի փաստը կա, բայց խնդրի ոչ մի լուծում չկա։ Կեղծիքի հիման վրա կադաստրի գծագրով իմ սեփական պատը պատկանում է հարևանին, բայց ես ապրում եմ ազատ երկրում, ես էլ Հայաստանի հպարտ քաղաքացի եմ, ինչպես նշում է մեր վարչապետը։ Ես իմ իրավունքները պաշտպանելու իրավունք ունեմ, իմ արդարությունը պիտի պահանջեմ։

Մեր վարչապետը միշտ շեշտել է՝ ով կեղծիք կատարեց, հանցագործություն կատարեց, ձեռքերը կկտրեմ, ես չեմ ցանկանա ոչ մի մարդու ո՛չ ձեռք կտրեն, ո՛չ գլուխ, միայն ես արդարություն եմ ուզում։ Մեր հարևանը վարչապետի կնոջ մորաքրոջ ընտանիքն է։ Եղավ 9 ամիս այս հարցը ծեծվում է ու ոչ մի արդյունք չկա», -ասում է Գագիկ Հարթենյանը։

Նրա ներկայացմամբ՝ ինքը քննչական մարմին ասել է, թե որ տան հասցեի անդամներն են կատարել կեղծիքը, հետևաբար և իրեն հետաքրքիր է՝ հրավիրե՞լ են նրանց, բացատրություն ու ձեռագրի նմուշ վերցրե՞լ են։

Նա դիմում է հասցեագրել Շիրակի դատախազին՝ խնդրելով ժամանակավորապես կասեցնել Մայակովսկի փողոց 75 տան սահմանների ճշգրտման գործընթացը, քանի որ դա կատարվում է հարևանի շահագրգռվածությամբ՝ կեղծիքով պատին տիրանալու նկատառումով, սակայն Շիրակի մազային քննչական վարչության ավագ քննիչը Վ․ Հ․ Սաֆարյանը պատասխանել է, որ դա չի մտնում վարույթն իրականացնող մարմնի  լիազորությունների մեջ։

Գագիկ Հարթենյանը պահանջում է հարցին իրավական ճիշտ գնահատական տալ և իր տան պատը, որը տան հատակագծով, սեփականության վկայականով իրենն է, վերադարձնեն իրեն։

Նրա ձեռքի տակ են նաև ոստիկանության արխիվից վերցված 2018 թվականի արձանագրությունը՝ կազմված 18 էջից, որտեղ լուսանկարներով ու գրություններով ֆիքսված է, որ հարևանը  դեռ 2018 թվականին փորձել է տեր կանգնել իր պատին, քանդել է այն, սակայն Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանի հանձնարարությամբ վերականգնել է այն։

«Ես ցանկություն չունեմ ինչ-որ մեկին նստեցնել, ինչ-որ մեկին սրոկի տակ մտցնել, իմ օրինական պահանջն է ՝ իմ սեփականությունը նորից լինի ինձ ու հարևանի կողմից այլևս ոչ մի ոտնձգություն չլինի իմ սեփականության նկատմամբ»,- ասում է Գագիկ Հարթենյանը։

Մենք փորձեցինք կապ հաստատել Գյումրու նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանի հետ՝ նրա բացատրությունը ևս լսելու, սակայն հեռախոսահամարն անհասանելի է։
Այս թեմայի շուրջ պարտադիր կլսենք նաև քննչական մարմին պարզաբանումները։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031