«Ազգային-ժողովրդավարական բեւեռի» խորհրդի անդամներ Արա Պապյանը եւ Կարո Եղնուկյանը այսօր Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 34-ամյակի առիթով հրավիրված մամուլի ասուլիսում խոսեցին Անկախության հռչակագրի խորհրդի եւ նշանակության մասին։
Արա Պապյանը արձանագրեց, որ հետաքրքիր զուգադիպությամբ, ինչը յուրօրինակ խորհրդանիշ է, Բելի դեմ Հայկը ճակատամարտել է օգոստոսի 12-ին, այսինքն նոր տոմարով՝ օգոստոսի 23-ին, եւ որ ըստ էության, Հայկ Նահապետը մեր անկախության առաջին մարտիկն է։ Այնուհետեւ, նա Անկախության հռչակագիրը գնահատեց որպես Հայաստանի սկզբնավորման փաստաթուղթ եւ հետագա շատ եւ շատ քաղաքական, տնտեսական եւ այլ գործոնների հիմք։
«Ցավոք, հետագա տարիներին շեղումներ եղան Անկախության հռչակագրում ամրագրված որոշ դրույթներից։ Բայց դրանով հանդերձ, այն մնում է անսասան, որպես մեր երկրի անկախության շատ կարեւոր հիմք։ Հայաստանի, այսպես կոչված, իշխանությունները մեր թշնամիների պահանջով արշավ են սկսել Հռչակագրի մեջ ամրագրված, ես կարծում եմ, առնվազն երեք հիմնադրույթների դեմ, որովհետեւ Անկախության հռչակագիրը հղման եղանակով մաս է կազմել բոլոր սահմանադրություններին եւ առ այսօր շարունակում է մաս կազմել»,ասաց նա։
Արա Պապյանը պարզաբանեց, թե ինչու է Ալիեւը պահանջում մեր սահմանադրությունը փոխել, իսկ այստեղ որոշ քաղաքական ուժեր եւ գործիչներ սատարելով Ալիեւի այդ հրահանգը եւ վարչապետին, իբր հետապնդելով բարի նպատակներ, ուզում են փոփոխություններ մտցնել սահմանադրության մեջ։ Նա վստահ է եւ այդ մասին արտահայտվել է, որ առաջին փոփոխությունն ուղղված է լինելու Անկախությանը հղում անելուն։
Կարդացեք նաև
Քաղաքական գործչի համոզմամբ, այսօրվա իշխանությունների համար անօրինականությունը, հակասահմանադրականությունը սովորական բան է դարձել եւ նրանք սահմանադրական դրույթները ոտնահարելով գնում են առաջ։
Aravot.am-ի դիտարկմանը, թե Հայաստանի Հանրապետությունը ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի հետ վերամիավորման արդյունքում եւ այդ կարգավիճակը հաստատող փաստաթղթով նրան ճանաչել են աշխարհի բազմաթիվ երկրներ, Հայաստանը այդպես անդամակցել է միջազգային ամենատարբեր կառույցներին, որոնք փաստացի ընդունել են այդ իրողությունը։ Եվ հիմա, երբ ոտնձգություններ են կատարվում Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության վրա, ի՞նչն է խանգարում աշխարհին, այդ թվում նաեւ Ռուսաստանին ու հավաքական Արեւմուտքին՝ կանխել այդ ագրեսիան, վերականգնել արդարությունը, Արա Պապյանը պատասխանեց շատ հստակ․ «Հայաստանի Հանրապետության իշխանությունները։
Եթե Հայաստանի Հանրապետությունն ասում է 29 հազար 742 է, ուրեմն այդքան է։ Եթե վաղը Զանգեզուրը նվիրի Թուրքիային, Ադրբեջանին, Ուզբեկստանին, կդառնա այդքան։ Արեւմուտքը հո չի՞ գալու ու ասի, չէ, այդպես չէ։ Արեւմուտքը ճանաչել է եւ գործել է որպես այդպիսին։ Մարդիկ գալիս էին Արցախից հայաստանյան անձնագրով, որի մեջ խփած էր գրանցման վայրը՝ Ստեփանակերտ, Բերձոր եւ այլն, դիմում էին արեւմտյան երկրների դեսպանատներ եւ ստանում էին վիզա։ Արեւմուտքը Արցախը ճանաչել է որպես Հայաստանի Հանրապետության մաս։ Ճանաչումը միջազգային իրավունքում լինում է երկու տեսակի՝ դեկլարատիվ եւ լռելյայն, այսինքն, հայտարարություն է արվում կամ գործողություններով ցույց ես տալիս, որ դու ճանաչել ես։ Եվ դա տեղի է ունեցել։ Հիմա եկել է մի իշխանություն, որն ասում է․ Ղարաբաղն իմը չէ։ Եթե Հայաստանի իշխանությունը վաղն ասի, որ Շիրակը իմը չէ, ուրեմն իրենը չէ։
Նիկոլ Փաշինյանն էլ ասում է՝ ժողովուրդը իրեն քվե է տվել, ես էլ ժողովրդի անունից այսպես եմ գործում։ Ու ժողովուրդն էլ չի բողոքում։ Բա մենք ինչի՞ ենք ցույց անում, ժողովրդին ասում միացեք մեզ։ Ձեզնից հերոսություն չի պահանջվում։ Եկեք, կանգնեք մեր կարգախոսի տակ, որպեսզի երբ Վաշինգտոնում, Փարիզում, Բրյուսելում խոսենք, ասենք, որ ժողովուրդը մեր տեսակետի կողմն է եւ դրա վկայությունը այսքան մարդիկ են, որ փողոց են դուրս եկել»,-ասաց Արա Պապյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ