Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի հայությունը՝ որպես իր անօտարելի իրավունքների ապահով և երաշխավորված իրացման վայր տեսավ Հայաստանի անկախ Հանրապետությունը»

Օգոստոս 23,2024 18:55

1990թ․ օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց հռչակագիր Հայաստանի անկախության մասին՝ դրանով իսկ իրականություն դարձնելով անկախ պետականության վերստեղծման բազմամյա ձգտումը։ Հայաստանի անկախության հռչակագիրն իր դրույթներում ամփոփում է համայն հայության հավաքական կամքն ու ձգտումը՝ ապրելու ազատ և ինքնիշխան երկրում՝ մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներով և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերով և զարգացնելով 1918 թ. մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները։

Անկախության հռչակագրի և դրան հետևած իրավական գործընթացների հիմքով  պետականության վերականգնումը ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև աշխարհասփյուռ հայության համար ուներ հսկայական նշանակություն։ Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ հայության հսկայական զանգվածներ ճիշտ այդ ժամանակ և դրանից հետո նույնպես կանգնած էին գոյութենական վտանգի առաջ՝ ի դեմս Ադրբեջանում ծայր առած հակահայկականության ծայրահեղ դրսևորումների՝ ջարդերի, կոտորածների, թալանի, բռնի տեղահանման։ 1988 թ․ Սումգայիթի, 1990 թ․ Բաքվի հայությունը արդեն ճաշակել էր ադրբեջանական բռնության ողջ դաժանությունը, իսկ հայության մեկ այլ խոշոր հատված գոյութենական պայքար էր մղում հայրենի հողում սեփական իրավունքների անխախտ իրացման համար՝ ի դեմս Լեռնային Ղարաբաղի հայությանը։

Հետևապես՝ պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի հայությունը՝ որպես իր անօտարելի իրավունքների ապահով և երաշխավորված իրացման վայր տեսավ Հայաստանի անկախ Հանրապետությունը, որը, թեև գտնվում էր անկախացման դժվարին և անշրջելի գործընթացի մեջ՝ ուղեկցվող բազմաթիվ ներքին և արտաքին դժվարություններով, գրկաբաց ընդունեց ադրբեջանական ռասիզմից մազապուրծ հայության հսկայական զանգվածներին։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը շնորհավորում է անկախության հռչակագրի ընդունումը՝ որպես համազգային կամքի արտահայտման բարձրագույն արժեք։ Մենք լիահույս ենք, որ մարդու իրավունքների պաշտպանության վրա խարսխված Հայաստանի Հանրապետությունը կարող է նպաստել գարդմանահայության, շիրվանահայության, նախիջևանահայության անօտարելի իրավունքների վերականգնմանը՝ դրանով իսկ նպաստելով ժողովրդավարության արտահանմանը, ռասիզմի դեմ պայքարին և մարդկության դեմ գործված հանցանքների արժանի պատժին և պատասխանատվությանը։

 

 Գարդման Շիրվան Նախիջևան ՀՀՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031