«Անկախության հռչակագիրը ոչ միայն պատմական արժեհամակարգային փաստաթուղթ էր, այլ փոխում էր տարածաշրջանում ավելի քան 70 տարի հաստատված ապօրինի քաղաքական իրավիճակը»,- Անկախության հռչակագրի 34-րդ տարեդարձի առթիվ «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի նախագահության նախաձեռնած հավաքի ժամանակ ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը։
«1920-21 թվականներից մեզ ստիպել էին ապրել Լենին-Աթաթուրք հակահայկական պայմանագրի կանոններով։ Այդ ապօրինի պայմանագրով ոչ միայն մասերի բաժանվեց Հայաստանը, ուղղակի ցեղասպանվեց Կարս-Արդահանի հայությունը, այլ յուրովի օրինականացվեց առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հայության հանդեպ իրականացված ցեղասպանությունը։ Եվ դա այն պայմաններում, երբ համաշխարհային հանրությունը տրամադրված էր նվազագույնի հասցնել այս միջազգային հանցագործության հետեւանքները, խոսքս մասնավորապես Վիլսոնյան իրավարար վճռի մասին է։
Անկախության հռչակագրի ընդունմամբ ակամա սկսվեց Լենին-Աթաթուրք պայմանագրի չեղարկման գործընթացը։
Ի դեպ, մենք հիմա վերադարձել ենք Լենին-Աթաթուրք պայմանագրի նախնական պայմաններին, այսօր այդ իրավիճակն է, երբ հայերին թույլ չի տրվում թուրքերի դեմ խոսել։
Կարդացեք նաև
Հռչակագիրը՝ որպես ազգային ակնկալիքների քաղաքական համագումար, ամբողջությամբ դեմ էր այդ ապօրինի եւ հանցավոր համաձայնագրի ոգուն եւ էությանը։ Իսկ Ցեղասպանության հիշատակումն այդ փաստաթղթում պարզապես ճշմարտության, միջազգայնորեն ճանաչված պատմական իրողության արձանագրումն էր։
Այսօր հակառակ ուղղությամբ շահարկումներ են տեղի ունենում, ըստ էության, մեզ կոչ է արվում պատերազմ հայտարարել, եթե մենք լսում ենք այդ բարբաջանքները, պետք է պատերազմ հայտարարենք Ֆրանսիային, Ռուսաստանին, ԱՄՆ-ին, որովհետեւ նրանք ցեղասպանությունը ճանաչել են։ Եվ պետք է պատերազմ հայտարարենք Եվրոպական միության երկրներին»,- ասաց Հայրիկյանը։
Նա ասաց, որ Անկախության հռչակագրի ներառումը Սահմանադրության մեջ օգնում է մեզ զգալ դրա առարկայական գոյությունը։ Այլապես այն մոռացության վտանգի առաջ կանգնած կլիներ։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ