Տեղեկացրել ենք, որ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ Ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ահազանգել էր, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացը առաջ չի գնում և Aravot.am-ի հարցին՝ մասնավորապես ի՞նչն է պատճառը, նա պատասխանել էր․ «Գրիգոր Մինասյանի կողմից որևէ էնտուզիազմ չեմ տեսնում, այնպես, ինչպես չէի տեսնում իրեն նախորդած նախարար Անդրեասյանի կողմից․․․ Նախարարն է խորհրդի ղեկավարը։ Աշխատանքային քննարկումներն ո՞վ պետք է ղեկավարի՝ ե՞ս։ Առաջին հերթին ինքը պետք է քննարկում նշանակի»։
Aravot.am-ը ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին գրավոր հարցում էր ուղարկել՝ հետաքրքրվելով՝ ի՞նչն է պատճառը, որ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստերը պարբերական կարգով տեղի չեն ունենում, ինչի վկայությունն է նաև այն, որ այս տարի ընդամենը մեկ բովանդակային քննարկում է կազմակերպել Խորհուրդը, ինչպես պնդում է Դանիել Իոաննիսյանը։ Այս պնդումները և Ձեր հասցեին հնչած մեղադրանքները արդարացված համարո՞ւմ եք։
Ի պատասխան մեր հարցման նախարարությունից ստացված գրավոր պատասխանում տեղեկացվում է․ «Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը շարունակում է իր աշխատանքները և իր կազմավորումից ի վեր գումարել է շուրջ 30 նիստ, որից 7-ը գումարվել է միայն վերջին մեկ տարվա ընթացքում: Ինչ վերաբերում է Խորհրդի նիստերի կազմակերպմանը, ապա հարկ է նշել, որ Խորհրդի կազմավորումից ի վեր Խորհրդի նիստերի անցկացման օրվա և ժամի վերաբերյալ հարցը Խորհրդի քարտուղարությունն առնվազն մի քանի օր առաջ համաձայնեցնում է Խորհրդի բոլոր անդամների հետ, ինչպես զանգերի, այնպես էլ էլեկտրոնային հաղորդագրությունների միջոցով, որպեսզի Խորհրդի և քարտուղարության համար հստակ լինի, թե նիստը հրավիրելու դեպքում արդյոք քվորումը ապահովված կլինի և Խորհուրդը կկարողանա իրականացնել իր աշխատանքները»։
Մեզ հետ զրույցում Դանիել Իոաննիսյանը նշել էր՝ ուզում էին, որ կայուն մեծամասնության խնդրահարույց կարգավորումը, որը կարող է ԱԺ-ն հեռացնել Սահմանադրությունից, հեռացվի այնպես, որ ԱԺ-ի գալիք ընտրություններից՝ 2026-ից առաջ կայուն մեծամասնության կարգավորումները լինեն՝ այսինքն՝ այդ գործընթացն առանձնացվի սահմանադրական բարեփոխումից։ Դրա հետ կապված նիստ պիտի լիներ, սակայն նախարարությունը ըստ Դանիել Իոաննիսյանի՝ նիստը ինքնագլուխ հետաձգել էր, ու անհասկանալի է՝ երբ կլինի։
Կարդացեք նաև
Ուստի արդարադատության նախարարությունից հետաքրքրվել էինք՝ ի՞նչն է պատճառը, որ ձգձգվում է կայուն մեծամասնության սահմանադրական նորմը չեղարկելու և այդ չեղարկելը նախքան 2026 թվականի ԱԺ ընտրություններ անելու՝ «Իրազեկ քաղաքացիների միավորման» և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձոր գրասենյակի» առաջարկը։ Ի՞նչ պատճառով հետաձգվեց այն նիստը, որի ընթացքում այս առաջարկը պիտի քննարկվեր։
Նախարարությունից ստացված գրավոր պատասխանում այս առիթով ամրագրված է․ «Խորհրդի վերջին նիստը գումարվել է սույն թվականի հուլիսի 17-ին: Խորհրդի նիստի ավարտից հետո Խորհրդի քարտուղարությունը վերը նշված կարգով Խորհրդի անդամներին առաջարկել է հաջորդ նիստի գումարման օրը և ժամը, որին, սակայն, պայմանավորված նաև Խորհրդի անդամներից շատերի արձակուրդում գտնվելու հանգամանքով, Խորհրդի անդամների մեծամասնությունը չի արձագանքել և, ըստ այդմ, նիստի քվորումի համար բավարար հաստատումներ չեն եղել»։
Մեր մյուս հարցին՝ առաջիկայում Խորհուրդը ե՞րբ կհրավիրի նիստ այս հարցով քննարկում կազմակերպելու համար, քանի որ քաղհասարակության ներկայացուցիչները պնդում են, որ մինչև 2026-ի ընտրություններ ժամկետները սեղմ են, արդարադատության նախարարությունից այսպես են պատասխանել․ «Անդրադառնալով Ազգային ժողովի կողմից Սահմանադրության որոշ դրույթների փոփոխությունների իրականացման հարցի որոշմանը, հայտնում ենք, տվյալ հարցի վերաբերյալ Խորհրդի դիրքորոշումը հայտնի կլինի միայն Խորհրդի կողմից համապատասխան հարցի քննարկման և քվեարկության արդյունքում որոշման ընդունման դեպքում: Հարկ է ընդգծել, որ Խորհուրդը կոլեգիալ մարմին է և իր որոշումները կայացնում է միայն քննարկումների և քվեարկության միջոցով, և Խորհրդի որևէ անդամ, այդ թվում`Խորհրդի նախագահը, չի կարող Խորհրդի անունից հայեցակարգային որոշում քննարկել և ընդունել»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ