Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք ՀՀ-ն ու ԼՂՀ-ն իրարից չենք կարող տարանջատել, շատերն Անկախության հռչակագրի նախաբանը չեն հասկացել»․ ԳԽ պատգամավորներն առաջարկություններ արեցին

Օգոստոս 23,2024 15:33

ՀՀ Անկախության հռչակագրի 34-րդ տարեդարձի առթիվ «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի նախագահությունն այսօր նախաձեռնել էր ԳԽ պատգամավորների հավաք։ 

Անկախության հռչակագրի օրվա առթիվ «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի նախագահությունը հայտարարության տեքստ էր պատրաստել, որում Արցախի մասին հիշատակում չկար։ ԳԽ պատգամավորներից ոմանք առաջարկեցին լրացումներ անել հայտարարության տեքստում։

Գերագույն խորհրդի պատգամավոր Կիմ Բալայանը հայտարարեց, որ համբերության բաժակը վաղուց լցվել է։ «Ես շատ նորմալ կընդունեի այս փաստաթուղթը, եթե սա մեկ այլ չեզոք երկրի դեսպանատան շնորհավորանք լիներ մեր Անկախության օրվա կապակցությամբ։ Բայց այն խորհրդարանը, որն ընդունել է այս հռչակագիրը եւ այսօր տեսնում է, թե ինչպես է ոտնատակ տրվում այս հռչակագիրը ներկա իշխանության կողմից, ու որեւէ բան չասել դրա մասին, դա արդեն լուրջ չէ։ Ես կոչ եմ անում, որ անպայման հետեւենք, որ այն հռչակագիրը, որը մենք ընդունել ենք, կյանքում կիրառելի լինի։ 1992 թվականի հուլիսի 8-ին այս նույն Գերագույն խորհուրդն ընդունել է որոշում, որտեղ ասված է՝ Հայաստանի որեւէ պաշտոնատար անձ իրավունք չունի Արցախը ճանաչելու այլ պետության կազմում։ Այսօր մենք տեսնում ենք, որ Հայաստանի Հանրապետության ինչ-որ պաշտոնատար անձ` վարչապետ լինի, թե մեկ այլ ուրիշը, ընդունում է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում։ Եթե մենք իրավական աշխարհում ապրեինք, ինչպես ամրագրված է մեր Սահմանադրության առաջին իսկ հոդվածում, գլխավոր դատախազն անմիջապես, եթե ոչ հայրենիքի դավաճանության, ապա գոնե ինքնիրավչության համար քրեական գործ պետք է հարուցեր եւ պատասխանատվության ենթարկեր։ Այստեղ մի խորամանկություն էլ կա՝ կարող էր քրեական գործը հարուցվել, եւ այնպիսի համեմունքներ ու կեղծ ապացույցներ բերեին, ժողովրդին ցույց տային, որ ստիպված է այդ քայլը կատարել։ Բայց երեւում է` իր կողմնակիցներն էլ չեն ուզում, որ այդպես լինի, այլ ընդհանրապես լռության են մատնում»,- ասաց Կիմ Բալայանը։

Նա առաջարկեց այսօրվա հայտարարությունում ամրագրել, որ որեւիցե իշխանություն, այդ թվում՝ ներկա իշխանությունն իրավունք չունի շեղվելու ԳԽ ընդունած հռչակագրի սկզբունքներից։

Մանրամասները՝ տեսանյութում

ԳԽ Արցախի հարցերի հատուկ հանձնաժողովի քարտուղար Սուրեն Զոլյանն ասաց․ «Եթե մեր պետական այրերն ուզում են վերանայել Անկախության հռչակագիրը, նախ եւ առաջ իրենց պաշտոններից պետք է հրաժարվեն, որովհետեւ իրենց այսօրվա պաշտոններն ածանցյալ են այս հռչակագրից։ Վերհիշենք հիմնական գաղափարները՝ դրանք եղել են ցեղասպանության ճանաչման հետ կապված։ Եվ այդ փաստաթուղթն ընդունվել է ոչ թե Արեւելյան Հայաստանի, այլ միացյալ Հայաստանի համար, որովհետեւ մինչեւ այդ եղել է դեկտեմբերի 1-ի որոշումը։ Այսինքն՝ այն ժամանակվա հիմնադիր փաստաթուղթն ընդունվել է համատեղ, ուստի չի կարելի տարանջատել մի մասը, ես նկատի ունեմ Արցախի Հանրապետությունը եւ դրանով ռևիզիայի ենթարկել այս փաստաթուղթը։ Ի դեպ, Ադրբեջանը դա ավելի ճիշտ է հասկանում, քան այսօրվա իշխանավորները, դրա համար այդպիսի մեծ ուշադրություն է դարձնում այդ փաստաթղթին»։

Մանրամասները՝ տեսանյութում

ԳԽ պատգամավոր Ռաֆայել Ղազինյանը հայտարարեց․ «Մենք ունենք մի կարեւոր փաստաթուղթ, սա հայ ժողովրդի վերջին 35 տարվա աղոթագիրքն է։ Մենք ունենք մի հրաշք կետ, այսօր ոչնչացրել ենք այդ կետը մեր հռչակագրից՝ դա վերաբերում է Լեռնային Ղարաբաղին։ Այսօրվա մեր նիստում կամ մենք պետք է ընդունենք մեկ այլ տեքստ հայտարարության տեսքով, կամ այս հայտարարության մեջ պետք է անպայման մեկ պարբերությամբ նշվի, որ Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրում դեկտեմբերի 1-ի որոշմամբ մենք ընդունել ենք, որ Լեռնային Ղարաբաղը համարվում է մեր անքակտելի մասը։ Եվ այդ մասն ինչ-որ պետության դիվերսիայի արդյունքում եւ մյուսների համաձայնությամբ այսօր մեր տարածքում չէ։ Ես առաջարկում եմ հայտարարության համար ստեղծել հանձնախումբ։ Հայտարարություն լինի նաեւ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, ինչու ոչ, այդ ագրեսիայի հետեւանքով մեր նպատակների վերաբերյալ։ Մենք այսօր բոլորս իրարից վախենում ենք, չգիտենք ումից վախենում ենք, չենք ուզում անկեղծ ասել, որ այսօր մենք գտնվում ենք ամենասոսկալի ու ծանր վիճակում։ Եթե որոշ մարդկանց թվում է, թե Լեռնային Ղարաբաղը տվեցինք, որեւէ խաղաղության պայմանագիր չի կարող լինել՝ առանց դեկտեմբերի 1-ի որոշման ի կատար ածման։ Որեւէ մեկը թող հույս չունենա, քանի թուրքը կա եւ քանի դեռ ԼՂ-ն այսօր գտնվում է Ադրբեջանի կազմում, կեղծ են բոլոր խաղաղության պայմանագրերը»։

Մանրամասները՝ տեսանյութում

ԳԽ պատգամավոր Գառնիկ Իսագուլյանն էլ նշեց, որ Արցախն անպայման պետք է արտացոլվի այսօրվա հայտարարության տեքստում։ «Հռչակագրի նախաբանն ասում է հետեւյալը, որ այսինչ թվականին տեղի ունեցավ այսինչ ակտը, վերամիավորվեցին Հայաստանն ու ԼՂԻՄ-ը, եւ այդ միավորումն էր, որ կոչվեց Հայաստանի Հանրապետություն։ Այսինքն՝ մենք ՀՀ-ն ու ԼՂԻՄ-ն իրարից չենք կարող տարանջատել, շատերն այս հռչակագրի նախաբանը չեն հասկացել։ Եթե մենք այս հայտարարության մեջ չներառենք, որ Արցախի ու Հայաստանի վերամիավորման դեկտեմբերի մեկի որոշմամբ է հռչակվել Հայաստանի Հանրապետություն, ապա տուրք ենք տալիս այսօրվա իշխանությունների ցանկությանը։ Երկրի ղեկավարն արդեն իր ուղերձը հղել է ժողովրդին, շատ հստակ այնտեղ ասում է՝ ո՞վ է ասել, որ դա դոգմատիկ փաստաթուղթ է։ Այսինքն՝ վերջապես կարող է ասել, որ այդ հռչակագիրը կարող ենք մեջտեղից հանել։ Մենք հստակ պետք է ասենք, որ այդ փաստաթուղթն անփոփոխելի է, անքննելի է»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031