Լրահոս
Օրվա լրահոսը

31 տարի է անցել Մերուժանի զոհվելուց, սակայն կինը՝ Գենյան, ամեն օր զգում է ամուսնու ապրեցնող ներկայությունը, մտովի վերադառնում երանելի անցյալ. «Ապառաժ»

Օգոստոս 23,2024 13:48

«Ապառաժ». Ամեն տարի օգոստոսի 23-ին Մոսիյանների ընտանիքը Մարտունիում այցելում էր Արցախյան առաջին պատերազմի ժամանակ նահատակված որդու, եղբոր, ամուսնու, հոր՝ Մերուժանի գերեզմանին, ծաղիկներ խոնարհում, խնկարկում՝ հիշելով այն պահերը, երբ Մերուժանն իրենց հետ էր։ Այդ տարիները որքան որ երանելի են ընտանիքի համար, նույնքան էլ ցավոտ են, քանզի պատերազմ էր և անընդհատ զոհվում էին մեր տղաները հանուն հայրենիքի։ Այսօր հարազատները, բոլոր արցախցիների նման, գտնվում են հայրենի Արցախից հեռու և իրենց հարազատի գերեզմանն այցելելու հնարավորություն չունեն։

Մերուժան Մոսիյանը Մարտունու 26-րդ մոտոհրաձգային գումարտակի հրամանատարն էր, բոլորի կողմից սիրված ու հարգված մարդ, ում վրա կարելի էր հույս դնել ցանկացած հարցում։ Լեգենդար հրամանատարը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:

31 տարի է անցել Մերուժանի զոհվելուց հետո, սակայն կինը՝ Գենյան, ամեն օր զգում է ամուսնու ապրեցնող ներկայությունը, մտովի վերադառնում երանելի անցյալ:

1988 թվականին Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի վերջին կուրսի ուսանողներ էին։ Ստեփանակերտում արդեն սկսվել էին հանրահավաքներն ու ստորագրահավաքները, և ուսանողական խմբերի հետ Մերուժանն ու Գենյան նույնպես ակտիվորեն մասնակցում էին, ապրում Արցախի օրեցօր զարգացող իրադարձություններով։ Նրանք գրեթե ամեն օր միասին էին, ու այդ ամենօրյա շփումները նրանց մեջ խորացրին այն մեծ սերն ու փոխադարձ վստահությունը, որից հետո հասկացան՝ առանց իրար այլևս չեն կարող․․․

-88-ին ավարտեցինք ինստիտուտը, ու ես պետք է վերադառնայի հայրենի Գորիս, որտեղ ինձ համար լուծված էր աշխատատեղիս հարցը։ Ծնողներս ու հարազատներս ինձ էին սպասում, սակայն ես կանգնել էի երկմտանքի առաջ․ մի տեսակ ճիշտ չէի համարում թողնել Արցախը պատերազմի նախաշեմին և հեռանալ։ Մերուժանը նույնպես ցանկանում էր, որ մնամ, ու ես ընտրեցի սրտիս թելադրանքը և որոշեցի Արցախի 150 հազար բնակիչներից մեկը լինել։ Ամուսնացանք օգոստոսի 23-ին և պատերազմին զուգահեռ սկսեցինք մեր համատեղ կյանքը, երեխաներ ունեցանք։ Մերուժանի երազանքն էր՝ իր նոր տունն ունենալ, և նա սկսեց Մարտունիում տուն կառուցել։ Ցավոք, չհասցրեց երազանքն իրականացնել։ Նրա զոհվելուց հետո տան շինարարությունն ավարտին հասցրեց կրտսեր եղբայրը՝ Արթուրը։ Տունը մնաց որպես հիշատակ Մերուժանից, և այդ օջախը միշտ վառ պահելու համար ծնողները թողեցին իրենց տունն ու տեղափոխվեցին այնտեղ։ Մերուժանի տանը նրանք ապրեցին մինչև իրենց կյանքի վերջը․․․

Շարժման սկզբում Մերուժանը հազվադեպ էր տանը լինում։ Գիշերները իր մի քանի ընկերների հետ հերթապահում էին հայերի տների անմիջական հարևանությամբ գտնվող Խոջավենդ ադրբեջանական թաղամասի դիմաց։ Իսկ առավոտյան գալիս էր տուն, իրեն կարգի բերում և գնում աշխատանքի՝ պատմություն դասավանդելու դպրոցում։ Ցերեկներն էլ շատ քիչ ժամանակով տուն էր մտնում, մի փոքր հանգստանում, նորից գնում դիրքեր։ Այդ շրջանում շատ քիչ մարդիկ էին հասկանում, թե ինչ է կատարվում, սակայն Մերուժանը աստիճանաբար կարողացավ ընդլայնել շարքերը, և որոշ ժամանակ անց ստեղծեց 500 հոգանոց գումարտակ ու ընտրվեց գումարտակի հրամանատար։ Իր գումարտակով մասնակցել է Արցախի բոլոր շրջանների մարտական գործողություններին։

1993 թվականի օգոստոսի 23-ն էր, մեր ամուսնության 5-րդ տարեդարձի օրը։ Մարտական ընկերոջ՝ Լիբանանից Արցախ տեղափոխված Մհեր Ջուլհաճյանի հետ պետք է գային տուն, որ հիշենք մեր ամուսնության օրը։ Պարզվեց, որ այդ օրը նաև Մհերի ամուսնության միամյակն է, սակայն նախախնամությունը բոլորովին այլ ճակատագիր էր որոշել նրանց համար։ Միասին զոհվեցին ականի պայթյունից։ Նրանց հետ զոհվեցին նաև մարտական ընկերներ Արտակ Մնացականյանը, Լևոն Համբարձումյանը և Ռուդիկ Ավագյանը։

Իրենից հետո ինձ համար շատ դժվար էր, բայց հպարտ էի, որ պատերազմից հաղթանակով ենք դուրս եկել։ Սակայն հետագայում պարզվեց, որ այդ հաղթանակը չի ամրագրվել այնպես, որ այլևս պատերազմ չտեսնենք։ Ահավոր է հիշել, թե ինչեր կատարվեցին վերջին տարիներին, ինչքան տղաներ նորից զոհեցինք ու հասանք պարտության դուռը, կորցրինք նաև մեր հայրենիքի մի մասը։ Երբեմն մտածում եմ, որ միգուցե Մերուժանը և իր նման տղաները չզոհվեին, մենք այսպիսի ճակատագիր չէինք ունենա։ Մեծ ցավ եմ ապրում, որ տղաների արյան գնով հաղթանակած երկիրը պահել չկարողացանք։ Թե ում մեղքով, կամ ինչ պատճառներով՝ չգիտեմ, բայց Արցախն այսպիսի ավարտ չպետք է ունենար։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031