«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի ֆեյսբուքյան գրառումը
Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի ընդունման օրվա առթիվ:
1990թ. օգոստոսի 23-ին համայն հայության նվիրական երազանքը` ունենալ անկախ եւ ինքնիշխան պետություն, հանդես գալ որպես միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտ, իրականություն դարձավ հայ ժողովրդի անկոտրում կամքի, անսասան վճռականության և անզիջում պայքարի շնորհիվ:
Անկախությունն ու ինքնիշխանությունը յուրաքանչյուր պետության կայացման եւ ազգի գոյության կարեւորագույն երաշխիքներն են, և հենց այսօր էլ՝ անկախության հռչակումից 34 տարի անց, երբ մեր պետությունը վերստին կանգնած է ինքնիշխանության, անվտանգության և տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգների առջեւ, մենք պետք է հիշե´նք եւ գիտակցե´նք, որ անկախությունն ու պետականությունը երբեք հեշտ չեն տրվում, մենք այն վաստակել ենք դժվարին պայմաններում, տարիների համառ պայքարի և զրկանքների գնով, ուստի բոլորիս պարտքն է ամեն գնով պայքարելու հանուն այդ բացարձակ արժեքի ըստ արժանվույն գնահատման, արժեւորման եւ ամուր պահպանման:
Հապաղելու ժամանակ և ռեսուրս չկա` օրվա հրամայականն է սահմանել հստակ առաջնահերթություններ եւ հետեւողական քայլերով առաջ շարժվել, ստեղծել զարգացող եւ մրցունակ տնտեսություն, անցում կատարել ժամանակակից պրոֆեսիոնալ բանակի և ունենալ ամուր անվտանգային համակարգ, կերտել իրապես ժողովրդավարական և իրավական պետություն:
Կարդացեք նաև
Աներկբա է, որ միայն այս` այընտրանք չունեցող ճանապարհով կկարողանանք հաղթահարել մեր առջև ծառացած բոլոր մարտահրավերները եւ վստահորեն առաջ շարժվել դեպի իրապես Անկախ ու Ինքնիշխան, Անվտանգ և Ժողովրդավար, Հզոր ու Զարգացած Հայաստան։