34 տարի առաջ ընդունվեց Հայաստանի Անկախության հռչակագիրը՝ ազդարարելով անկախ պետականության հաստատման ու մեր ժողովրդի կյանքում պատմական նոր փուլի սկիզբը:
Հայաստանի և հայ ժողովրդի համար բարդագույն մարտահրավերների պայմաններում ընդունված այս պատմական փաստաթուղթն առանցքային նշանակություն ուներ ողջ հայության համար, քանի որ իրականանում էր անկախ պետություն ունենալու մեր ժողովրդի դարավոր երազանքը:
Այսօր, ավելի քան երեք տասնամյակ անց, մենք նորից կանգնած ենք լուրջ մարտահրավերների առաջ: Ցավոք, այս տարիների ընթացքում չհաջողվեց ամրապնդել մեր անկախ պետականությունը, տեր կանգնել մեր հաղթանակին, պետության զարգացման հստակ տեսլականով, ամենօրյա քրտնաջան աշխատանքով ստեղծել անվտանգ ու բարեկեցիկ երկիր:
Անկախության հռչակագիրը, ավելի քան որևէ այլ փաստաթուղթ, արտացոլում է մեր ժողովրդի իրական երազանքներն ու ձգտումները, ոգին ու կամքը, ու մենք պետք է ամեն ինչ անենք՝ պաշտպանելու հռչակագրի հիմքում ընկած սկզբունքներն ու արժեքները, ասել է թե՝ որպես պետություն պաշտպանելու մեր անկախությունը և որպես ժողովուրդ՝ մեր արժանապատիվ ապրելու իրավունքը: