«Ռազմավարական էկոլոգիական գնահատման (ՌԷԳ) և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ուղեցույցները հաստատելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագծի վերաբերյալ
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) դիտարկումներ
Ստորև ներկայացնում ենք «Ռազմավարական էկոլոգիական գնահատման (ՌԷԳ) և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) ուղեցույցները հաստատելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագծի վերաբերյալ ԹԻՀԿ դիտարկումները․
Ուղեցույցների նպատակը պետք է լինի քայլ առ քայլ և հանրամատչելի ձևով նախատեսել օրենսդրությամբ ամրագրված ՌԷԳ և ՇՄԱԳ իրականացման ընթացակարգերը՝ որպես ուղեցույց ու գործիք նախաձեռնողների համար։ Այս տեսանկյունից կարևոր է փաստաթղթերը դարձնել առավելագույնս գործածական ու հանրամատչելի՝ խուսափելով ավելորդ տեսական նյութից, բազմիմաստ ու թերի կարգավորումներից:
Ուղեցույցների նախագծերը մշակված են տարբեր ոճով ու ոգով: Ներկայացված բազմաթիվ ու բազմապիսի աղյուսակների միջև կամ տեքստի հետ փոխկապակցվածությունն ու ՌԷԳ/ՇՄԱԳ իրականացնելու համար ընթացակարգային հաջորդականությունը հստակ չեն: Նաև սրանով պայմանավորված՝ նախաձեռնողի դիտանկյունից տրամաբանական շղթան ու իրենցից ակնկալվող քայլերը դժվարըմբռնելի են, ինչը հակասում է ուղեցույցների՝ որպես օժանդակող գործիք հանդիսանալու ընդհանուր նպատակին։
Կարդացեք նաև
Կարևոր է, որ ՌԷԳ/ՇՄԱԳ ուղեցույցները ամբողջականացնեն հիմնադրույթային փաստաթղթերի կազմման կամ նախատեսվող գործունեության նախագծերի մշակման ու դրանց ազդեցությունների գնահատման գործընթացը: Ուստի, առաջարկվում է ներառել վաղ փուլերից սկսած հանրային իրազեկման և մասնակցության ապահովման ընթացակարգերը՝ ի կատարումն Օրհուսի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների, նույնիսկ եթե դրանք որոշակիորեն կրկնեն ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության Կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 2343-Ն որոշմամբ ամրագրված դրույթները, հնարավորինս մանրամասնելով նախաձեռնողից ակնկալվող քայլերը, որպեսզի ապահովվեն հանրային իրազեկման և հանրային լսումների ծանուցման բովանդակությունը, հանրային լսումների ընթացակարգը, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացում շահագրգիռ հանրության կարծիքների, դիտողությունների և առաջարկությունների ներկայացման, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից նախնական համաձայնության կամ անհամաձայնության տրամադրման ընթացակարգը և ժամկետները: Ուղեցույցների մեջ կարևոր է նախատեսել գործնական խորհուրդներ, թե ինչպես կարող է ապահովվել բարձր հանրային մասնակցությունը, օրինակ՝ հանրային լսումները չկազմակերպել արձակուրդային կամ տոների ժամանակահատվածներում, օգտագործել շահագրգիռ կողմերի էլեկտրոնային փոստերով ծանուցումը, կազմակերպելով առցանց լսումներ մարզային ներկայացուցիչների համար և այլն։
Չնայած այն հանգամանքին, որ 21 դեկտեմբերի 2023 թվականի Ռազմավարական էկոլոգիական գնահատման կարգի և ռազմավարական էկոլոգիական գնահատման հաշվետվությանը ներկայացվող պահանջները հաստատելու մասին N 2294-Ն Կառավարության որոշմամբ սահմանվել է, որ նախաձեռնողն իր լիազորությունների շրջանակում հիմնադրութային փաստաթղթի դրույթների գործողության ընթացքում և դրանից հետո իրականացնում է օրենքով նախատեսված շրջակա միջավայրի վրա ազդեցության մշտադիտարկում (մոնիթորինգ) հիմնադրութային փաստաթղթի դրույթների գործողության և դրա հետևանքով շրջակա միջավայրի վրա ազդեցությունների վերաբերյալ, սակայն ՌԷԳ-ի ուղեցույցում բացակայում են մոնիթորինգի իրականացման գործիքակազմն ու ընդհանուր պահանջները, ինչպես նաև մշտադիտարկման իրականացման ընդհանուր ստանդարտները, որոնք նաև նախատեսված են միջազգային պարտավորություններով:
ԹԻՀԿ կարծիքով ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված և՛ ՌԷԳ, և՛ ՇՄԱԳ ուղեցույցներն ունեն կարիք լրամշակման և առավել գործնական կարգավորումների ներառման, քանի որ դրանք պետք է համալիր գործիք հանդիսանան իրականացնելու «Շրջակա միջավայրի վրա ազդեցության և դրա փորձաքննության մասին» ՀՀ օրենքի ու առնչվող միջազգային փաստաթղթերի հիմնարար պահանջները, ներառյալ՝ Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի (ՄԱԿ ԵՏՀ) Շրջակա միջավայրի առնչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացում հանրության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին կոնվենցիան (Օրհուս, 1998), Անդրսահմանային համատեստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին (Էսպու, 1991) կոնվենցիան և վերջինիս կից Ռազմավարական էկոլոգիական գնահատման մասին արձանագրությունը (Կիև, 2003)։
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն