Լրահոս
Օրվա լրահոսը

Հռչակագիրը մեկանգամյա փաստաթուղթ չէ, այլ հենասյուն, որը ուղենիշ էր դառնալու անկախ ու ինքնիշխան պետություն կերտելու մեր ժողովրդի դարավոր իղձերի իրականացման համար. Վահագն Խաչատուրյան

Օգոստոս 23,2024 11:47

Նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման առթիվ

Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ,

34 տարի առաջ այս օրը Հայաստանի նորագույն պատմությունը համալրվեց մի իրողությամբ, որը ելակետային էր դառնալու բազմադարյա դադարից հետո մեր պետականության ու պետության վերածննդի համար՝ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը:

Անկախության հռչակագրով ազդարարվեց մի նոր շրջափուլի մեկնարկը, որի տրամաբանական շարունակությունն ու վերջնակետը 1991 թվականի սեպտեմբերի 21-ի կայացած Անկախության հանրաքվեն էր:

Հռչակագիրը սակայն, մեկանգամյա փաստաթուղթ չէ, այլ շատ ավելի բազմաբովանդակ ու խորհրդանշական հենասյուն, որը ուղենիշ էր դառնալու անկախ ու ինքնիշխան պետություն կերտելու մեր ժողովրդի դարավոր իղձերի ու երազանքների իրականացման համար: Հենց սրան է միտված Հռչակագրի ոգին, որը պարփակված չէ նրա 12 հիմնադրույթներով, և դրանով իսկ մեր պետականության համար կարևորագույն այս փաստաթուղթը ավելի կենսունակ է, ճկուն և արդիական:

Անկախության հռչակագիրը աշխարհի քաղաքական քարտեզում Հայաստանի Հանրապետության լինելիության անքակտելի իրավունքի կյանքի կոչման առաջին քայլն էր և միաժամանակ ազատ, ժողովրդավար, իրավական, ու բարեկեցիկ պետություն կառուցելու հանձնառության ամրագրումը:

Սիրելի հայրենակիցներ,

Անկախության հռչակագիրը մեր պետականության վերածննդի խորհրդանիշ և կարևորագույն փաստաթուղթ լինելուց զատ բարձրագույն պատասխանատվություն է բոլորիս համար: Այն մեր երկրի պետական ու հասարակական կյանքի կազմակերպման կարևորագույն ծրագիր է, որը սահմանում է մեր առաջնահերթությունները՝ պետական ինստիտուտների կայացում, օրենքի առաջ բոլորի հավասարություն, բանակի մարտունակության բարձրացում, մրցունակ կրթական համակարգի և տնտեսության ստեղծում, մարդու և քաղաքացու հիմնարար ազատությունների և իրավունքների ապահովում:

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի ընդունման 34-ամյակի կապակցությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031