Լրահոս
Օրվա լրահոսը

30 մլն դրամով մանկապարտեզը հանձնել եմ իրենց, այսօր այդ աշխատող մանկապարտեզը փակել են՝ անունը դնելով վթարային. Ուրցաձորի նախկին գյուղապետ. «Հրապարակ»

Օգոստոս 23,2024 11:20

Վարչապետ Փաշինյանը հեծանվային արշավների արանքում ավտոմոբիլային շրջագայություններ է կատարում Հայաստանով։

Օգոստոսի 21-ին վարչապետն Արարատի մարզում էր, պտտվում էր գյուղերով, ասֆալտն էր ստուգում, կիսավարտ շինությունները՝ Երասխի մարզադպրոցը, Արալեզի մանկապարտեզը, Հայանիստի դպրոցը, մետաղյա կամ բետոնե «կմախքներն» էր դիտում, Արարատ գյուղի մետաղաձուլարանը, Պարույր Սեւակ գյուղում ինչ-որ տան շինհրապարակում եղավ, ինչ-որ այգի գնաց։ Նրա ամեն քայլը վավերագրողներն արձանագրում էին՝ տեսանյութեր, ֆոտոներ, որոնք հետո սփռվում են ողջ համացանցով ու TV-ներով։

Բայց կարեւորն առիթն էր՝ խոսելու կառավարության ծրագրերից, թե ինչքան փող են հատկացրել այս կամ այն գյուղին, ճանապարհի կառուցմանը, ու քանի որ շինարարությունից բան չի հասկանում, իսկ պոկելու ցնցուղ կամ կախիչներ դեռ չկային այդ տեղերում, վարչապետը լրագրողական հարցեր էր տալիս։

Մեր զրուցակից՝ Ուրցաձորի նախկին գյուղապետ Ռաֆիկ Անդրեասյանին զայրացրել են 30 տարի ոչինչ չանելու մասին նիկոլականների զրույցները։ «16 թվի իմ գրած ծրագրերը հիմա իրենք շարունակում են։ Ես մարզում ամենաբարձր աշխատավարձերն եմ տվել, մանկապարտեզի աշխատողները Հայաստանում ամենաբարձր աշխատավարձն են ստացել։ 30 մլն դրամով մանկապարտեզը հանձնել եմ իրենց, այսօր այդ աշխատող մանկապարտեզը փակել են՝ անունը դնելով վթարային։ 40-45 մլն գումար պետք է ծախսեին ընդամենը, որ նորոգեին։ 120-130 սան եմ ունեցել, էսօր Ուրցաձորից տանում են Դաշտաքար երեխեքին։ Էլի թող սարքեն, բայց եղածն ինչո՞ւ չեն աշխատացնում։ Ես պուրակ սարքեցի, ճոճանակներ դրեցի մանկապարտեզի կողքին, որ օգտվեն մարդիկ, հիմա ո՛չ ծառ են տնկել, ո՛չ մշակել են, 8-10 խմբակից 3 խմբակ է եղել։ Նույնը՝ դպրոցը։ Ցանկապատը կերել են»,- ասում է նախկին գյուղապետը։

Կառավարության հաղորդագրության մեջ փնտրեցինք Տիգրանաշեն այցը, որն անկլավի կարգավիճակ ունի եւ, ըստ լուրերի, պետք է հանձնվի Ադրբեջանին, բայց չգտանք։ Տիգրանաշենը համարվում է Պարույր Սեւակ բնակավայրի թաղամաս։ Պարույր Սեւակի վարչական ղեկավարից հարցրինք, թե ինչու, իր կարծիքով, վարչապետը չգնաց Տիգրանաշեն։ «Եթե նպատակային այցը եղել է կոնկրետ տարածք, ես ինչպե՞ս ասեմ՝ ինչու չեկավ Տիգրանաշեն»,- պատասխանեց վարչական ղեկավարը։

– Հա, բայց կասենք, չէ՞, որ մարզում շատ համայնքներ գնաց, իսկ այնտեղ չգնաց, որովհետեւ Տիգրանաշենը հանձնելու է։

– Շատ տեղեր չի գնացել, գնացել է ֆիքսված տարածքներ։ Նույն համայնքի ներսում էլ նենց չի, որ ամեն տեղ մտել է։

– Կա՞ մի մեծ բան, որը խոստում չէ, արդեն արվել է Պարույր Սեւակի համար։

– Արտադրամաս, որ 40 աշխատատեղ է ապահովելու, 70-ից ավելի նոր կառուցվող բնակարաններ պետք է լինեն, ապագայում էլ՝ 120-ից ավելի, նոր կառուցվող դպրոց՝ ամեն հարմարությունով։ Բոլորը խոստումնալից բաներ են, որ 30-40 տարի չենք տեսել։ 3 մլրդ դրամի միայն խողովակաշարի մասին է խոսքը, ոռոգման ջրի։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031