Օգոստոսի 20-ին գերմանական «Թագեսշփիգելում» հրատարակված «Հաջորդ տարի կայանալիք գագաթնաժողովից առաջ ԵՄ-ն պետք է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հասնի» հոդվածը հունից հանել է Բեռլինում Ադրբեջանի դեսպան Աղաեւին: Հեղինակը ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենն է, որ հոդվածով փորձում է բացատրել Եվրոպայի՝ տարածաշրջանում ակտիվ դերակատարում ստանձնելու կարեւորության մասին: «Բաքվից դարձյալ հարձակողական հնչերանգով են արտահայտվում դրացի երկրի մասին», գրում է Ռասմուսսենը:
«Ինչու՞ է «Թագեսշփիգելը» Ադրբեջանի դեմ նման հոդված հրատարակել, որի հեղինակը Հայաստանից վճարվող լոբբիիստ է: Նա Հայաստանի կառավարությունից տարեկան մինչեւ 499,000 եվրո է ստանում, իսկ «Թագեսշփիգելը» նրան ներկայացնում է միայն որպես ՆԱՏՕ-ի նախկին պաշտոնյայի: Մենք սա դիտարկում ենք որպես Գերմանիայի հասարակությանը մոլորեցնելու և Ադրբեջանին վարկաբեկելու բացահայտ փորձ», նույն օրը՝ օգոստոսի 20-ին X-ի հարթակում ընդվզեց Բեռլինում Ադրբեջանի դեսպանը՝ ավելի ուշ հավելելով. «Թագեսշփիգելի» խմբագրությունից ակնկալում ենք ներողություն և հոդվածի հեռացումը»: Մինչեւ երեկ՝ օգոստոսի 22-ի հետմիջօրեն, Ռասմուսսենի հոդվածը թերթի առցանց տարբերակում տեղադրված էր:
Դեսպան Աղաեւը ընթերցել ու վերընթերցել է սույն հոդվածը, անընդհատ նոր առարկություն ներկայացրել իր միկրոբլոգում: «Ըստ երևույթին տարեկան 500,000 եվրոն նպաստում է, որ թվաբանությունը ստեղծագործական դառնա: Պարոն Ռասմոսւսենը պնդում է, որ 140000 հայ լքել է Ղարաբաղը, նույնիսկ Հայաստանի պաշտոնական թիվն է ընդամենը 100000», նույն օրն ավելի ուշ գրեց դեսպան Նասիմի Աղաեւը:
«ՀՀ Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ 2023 թ.-ի սեպտեմբերի 19-ից հետո Արցախից 100 հազար 617 հայ է դուրս եկել», ներկայացնում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնը: Արեւմտյան, մասնավորապես գերմանական ԶԼՄ-ները Արցախի շրջափակման ժամանակ գրում էին, որ 120 հազար հայ կա այնտեղ: Բռնագաղթի ժամանակ նույն մամուլն արձանագրել է՝ 120, 110 հազար հայ: Ռասմուսսենի ներկայացրած թիվը՝ 140 000 է:
Կարդացեք նաև
Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում