Լրահոս
Օրվա լրահոսը

«Տենց լավն եք, գնացեք, ուրիշ երկրներում Թուրքիայի կամ Ադրբեջանի դեսպանությունների առջև ձեր բողոքը ներկայացրեք»․ Վահագն Մելիքյան

Օգոստոս 23,2024 00:10

«Եկեք արձանագրենք, որ ՀՀ ԱԳՆ-ն միշտ շտապում է արձագանք տալ հիմնականում ռուսական ուղղությունից եկող հայտարարություններին։ Կուզենայի, որ ԱԳՆ-ն մեկ-մեկ էլ արթնանար, Բաքվից ու Անկարայից հնչող հոխորտանքներին արձագանք տար»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններին՝ ՀՀ ԱԳՆ-ի արձագանքին, կարծիք հայտնեց ՀՀ ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար, արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը։

Հիշեցնենք՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ՀՀ ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած համաձայնագիրը Սյունիքի մարզով հաղորդակցությունների հարցով։

Վահագն Մելիքյանն ասաց՝ Սերգեյ Լավրովի հայտարարությունը ոչ թե մեկնաբանելու խնդիր կա, այլ օրվա իշխանություննի վարած ապաշնորհ քաղաքականության խնդիրն է, որ նման հայտարարություններ կարող են լինել․ «Մինչև չունենաս այն հարցի պատասխանը, թե ինչու եկավ,  այդ հայտարարությանը հասավ, չես կարող այդ հարցին գնահատական տալ։  Սաբոտաժին սաբոտաժո՞վ եք պատասխանում, կամ դո՞ւք եք սաբոտաժի մեջ մեղադրում․․․Դուք գնալու եք մոսկովյան հարթակ ասելու, որ դուք սաբոտաժի՞ եք ենթարկում նոյեմբերի 9-ի հայտարարությունը»։

Իշխանության կողմից հնչող այն վստահեցումներին, թե արտաքին քաղաքականության վեկտոր են փոխում, Վահագն Մելիքյանն այսպես արձագանքեց․ «Վեկտոր բացարձակապես չեն փոխում։ Երբ դու վեկտորը պատրաստվում ես փոխել, պետք է հասկանաս՝ ինչը ինչով ես փոխելու»։

Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարության մասին և դրան ի պատասխան ձվեր, կարտոֆիլներ ու պոմիդորներ ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան շենքի վրա նետելու առիթով Վահագն Մելիքյանն ասաց․

«Ապակու վրա քար շպրտելը՝ պոմիդորներով, կարտոֆիլներով, ձվերով, դա՞ է ձեր ուժը պատում՝ գնաք, պատի վրա շպրտեք։ Բնականաբար, չեմ ընդունում Լուկաշենկոյի՝ նման կեցվածքն ու հայտարարությունը։ Այսինքն՝ Լուկաշենկոն չէ, որ պետք է գնահատական տա, թե հայերը որտեղ են, ում են պետք և ինչի համար են ապրում, պայքարում, մաքառում, ինչքան էլ օրվա իշխանություններն այդ բառերը դուրս են հանել»։

Վահագն Մելիքյանը հարցնում է՝ ինչո՞ւ մինչև հիմա Լուկաշենկոն նմանատիպ հայտարարություններ չէր անում։ Նկատի ունենալով Բելառուսի դեսպանատան առաջ բողոքի ցույց անողներին՝ Վահագն Մելիքյանն ասաց․ «Տենց լավն եք, գնացեք, ուրիշ երկրներում Թուրքիայի կամ Ադրբեջանի դեսպանությունների առջև ձեր բողոքը ներկայացրեք։ Բա ինչո՞ւ մի հատ չհավաքեցիք ձվերը, կարտոֆիլներն ու պոմիդորներն ուրիշ դեսպանությունների առաջ էլ նետեիք, թե՞ ուժներդ չէր պատում, թե՞ դա ուղղակի ձեր ծրագրերի մեջ չէր մտնում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031