Վերջերս կարդացի Համբարձում Համբարձումյանի «Կորեական դելիկատես» պատմվածքների ժողովածուն (2018): Այստեղ «իրար հարեւանությամբ» երկու պատմվածք կա ՝ «Ընտրությունները բանակում» (խոսքը, բնականաբար, 2008 թվականի նախագահական ընտրությունների մասին է) եւ «Բիձեն»՝ բանտից դուրս եկած խեղճուկրակ մարդու մասին:
Թեման, կարելի է ասել, «շարունակական է»՝ քրեական բարքերը բանակում – նույն բարքերը բանտում – նույն բարքերը հարաբերական ազատության մեջ: Չնայած նկարագրված է որոշակի ժամանակաշրջան, չեմ կարծում, որ 2018 թվականի «թավշյայից» հետո արմատական փոփոխություններ են տեղի ունեցել՝ մտածողությունն այնպիսի բան չէ, որը 6 տարում փոխվի:
Եվ, ընդլայնելով թեման, դարձյալ մտածեցի անհանդուրժողականության մասին: Վերը նշված պատմվածքներից երկրորդում ասվում է, որ միասեռականության հետ կապված հայհոյանքը գաղութում կապ չունի սեռական կողմնորոշման կամ մարդկային հատկանիշների հետ՝ դա, ըստ էության, պիտակ է, որը տրվում է որոշակի կաստայի:
Հարց. արդյո՞ք դա Հայաստանում «օտարների» նկատմամբ ընդհանուր կարծրատիպային մոտեցման մասնավոր դրսեւորումը չէ: «Օտարները» կարող են լինել այլազգի ներկայացուցիչներ՝ հնդիկներ, ռուսներ, պարսիկներ: Կարող են լինել մեր հայրենակիցները՝ սիրիահայեր, արցախցիներ, որոնք «եկել են մեր երկիր»:
Կարդացեք նաև
Արդյո՞ք այդ այլատյացությունը նույն քրեական ենթամշակույթի յուրահատուկ դրսեւորում չէ: Ընդ որում, այդ մշակույթի կրողը կարող են լինել բարձրագույն կրթությամբ, երբեք չդատված, միանգամայն «սափրված-լողացած» մարդիկ:
Բայց էությունը նույնն է. գոյություն ունի «մեր ոհմակը», եւ այն երբեք չպիտի առիթը կորցնի հարձակվելու «օտարականի» վրա, որն այս կամ այն պատճառով չի համապատասխանում «մեր»՝ հաճախ ոչ այնքան ռացիոնալ պահանջներին, չափանիշներին, պատկերացումներին:
Նույն իրավիճակն է, այսպես կոչված, «քաղաքական քննարկումներում»: Մտավոր եւ հոգեւոր ազատություն չունենալով՝ մարդիկ բավարարվում են նրանով, որ իրենց կարծրատիպերի «դարակից» հանում են այս կամ այն պիտակն ու կպցնում «օտարականին»: Դա էլ է, ի վերջո, բանտային մշակույթի դրսեւորում: Մտավոր բանտի:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Բոլոր բարքերը Հայաստանում պարտադրված են բիրտ ուժի կողմից։
Ով ագրեսիվ և ուժեղ է,կարողանում է պարտադրել իր բարքերը։
Կրիմինալը իր համոզմունքները հանգիստ կարող է պաշտպանել բիրտ ուժով,նրան չի վախեցնում ոչ սպանությունը,ոչ անազատությունը։
Համալսարանի դասախոսը նույն կերպ չի կարող պաշտպանել իր սկզբունքները,նա չի պլանավորում ամեն մի հիմարի պատճառով դառնալ մարդասպան և իր կյանքը անազատության մեջ անցկացնել։
Բիրտ ուժով պարտադրված բարքերից համարյա անհնար է պաշտպանվել։
Կարծես թե ոստիկանությունը պետք է պաշտպան կանգներ օրինապահ քաղաքացուն,բայց հարցն այն է,որ մեր ոստիկանները նույնպես մեծացել են այդ բարքերի ներքո։
Բանակում ամենաազդեցիկ ծառայողները նույնիսկ սպաներին էին ներքաշում իրենց աշխարհ,մանիպուլացնելով նրանց թե “դե դուք կարգին տղա եք,պիտի ձեր հարցերը մեր հետ, տղավարի լուծեք” այսինքն կրիմինալ աշխարհի օրենքներով։
Եվ հենց դա է պատճառը,որ Հայաստանում մեծացած յուրաքանչյուր տղամարդու մանիպուլյացիայի կոճակները հայտնի են կրիմինալին,և նույնիսկ Եվրոպայում և ԱՄՆ ում Հայ կրիմինալների զոհ են դառնում հենց հայերը,որոնք մեծացել են Հայաստանում։
Շնորհակալություն հարգելի Արամ Աբրահամյան ։ Մտածել եք տալիս, վերլուծման հնարավորություն եվ պահանջ։ Մտավոր եւ հոգեւոր ազատություն չունենալու արմատները խորն են եվ ժամանակ է պահանջում ; Ափսոս, որ արձագանք չի գտել։ Յուրաքանչյուրս ունենք ազատության իրավունք արտահայտվելու մեր կարծիքը։ Իսկ, այ ինետելեկտուալ ազատությունը հաճախ ճնշվում է ավտորիտար կառավարությունների ներքո և անձը կորցնում է իր հոգեվոր ազատությունը պահպանելու կարողությունը։ Դառնում է ռոբոտ , զրկվելով մարդկային արժանապատվությունից։ Ցավալի է։
Մեր իրական կյանքից է և մեղավոր ենք նաև մենք՝ բոլորս, որ հանգիստ դիտում ենք, թե ինչպես են «մեր ոհմակ» – «օտարական» հարաբերությունների կարգավորման մեխանիզմներն արմատանում մեր կյանքում, հետո տեղափոխվում են քաղաքական դաշտ: Եթե նիկոլին մնա, ապա այդ դրույթները կմտցնի փոփոխվող Սահմանադրության մեջ ավելացվող կետերում և դրա փոխարեն Սահմանադրությունից կհանի Անկախության հռչակագրին, Արցախին և ցեղասպանությանը վերաբերող կետերը: