Լրահոս
Օրվա լրահոսը

Անիմեների երաժշտություն՝ դասական մատուցմամբ, գումարած Ghibliana եւ Սկրյաբին. շտրիխներ դաշնակահար Գայանե Ասլանյանի կարիերայից

Օգոստոս 23,2024 14:00

Կամ՝ ինչ է արել դասական երաժիշտը՝ ստացված դրամաշնորհով

Գայանե Ասլանյանը  դասական դաշնակահար է, նա Artbox Entrepreneur ծրագրով  դրամաշնորհ է ստացել՝ իր կարիերան առաջ մղելու համար: Գայանեն նաեւ կոմպոզիտոր է, ոչ միայն այլոց ստեղծագործություններն է նվագում, այլեւ  ունի հեղինակային գործեր: «Իմ փոխադրություններն եմ գրում դաշնամուրի համար, նվագում եմ ֆիլմերի, անիմեների ու խաղերի երաժշտություն: Ինչ վերաբերում է դրամաշնորհին, այն ինձ շատ օգնեց իմ անունը տարածելու համար, նաեւ ծախսեցի գովազդների եւ ինստագրամի  էջս զարգացնելու համար»,-«Առավոտի» հետ զրույցում նշեց երաժիշտը:

 

Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ նրա Ghibliana յուրահատուկ ալբոմին, այնտեղ ոչ թե  Գայանեի հեղինակային գործերն են, այլ Ghibli  ստուդիոյի անիմեների՝ դաշնամուրի համար իր փոխադրությունները: Ալբոմի թողարկվելուց հետո Գայանեն աշխատանք է տարել, որպեսզի այնտեղ տեղ գտած գործերը տարածվեն տարբեր հարթակներում:

«Ghibliana-ն իմ հեղինակային երաժշտությունը չէ: Իմ առաջին ալբոմում Studio Ghibli -ի անիմեների՝ դաշնամուրի իմ փոխադրություններն են: Մինչ այդ՝ համերգներ էին եղել, արտասահմանից էլ էին հրավիրել նվագելու իմ փոխադրությունները, ինչը շատ  լավ արձագանք էր ստացել, դրա համար որոշեցի նման ալբոմ թողարկել»,-հավելեց Գայանեն:

Հարցրինք, թե իր տպավորությամբ ինչ խնդիրներ են ծառացած երիտասարդ երաժիշտների առաջ, ինչի կարիք ունեն իրենք: Մեր զրուցակիցը պատասխանեց, որ  հարցը տարբեր պատասխաններ է ենթադրում, կախված նրանից, թե որ ոճում ու ժանրում է երաժիշտը ստեղծագործում. «Օրինակ, ես դասական երաժիշտ եմ, եւ  իմ պահանջները մի քիչ այլ են, քան ռոք կամ ջազ երաժշտի պարագայում: Դասական երաժշտությամբ զբաղվողների  ամենամեծ խնդիրը մարդկանց համերգների բերելն է: Չնայած կարող է դասական երաժշտությունը շատերին դուր գալ, հետաքրքիր լինել, բայց մարդիկ ուզենան հաճույքով փող ծախսել ինչ-որ տեղ ճաշելու, քան համերգի վրա:

Մյուս կողմից, արդեն դրական փոփոխություններ էլ եմ նկատում, մեծացել է ունկնդրի հոսքը համերգասրահներ: Օրինակ, մեր օպերային թատրոնի  վերաբրենդավորումից հետո մարդիկ ավելի շատ են հաճախում: Հենց նշածս դժվարությունը հաղթահարելու նպատակով եմ սկսել փոխադրություններն անել, ընդ որում՝ արել եմ իմ ոճով եւ դասական երաժշտության համատեքստում: Ստացվում է՝ ունկնդիրը գալիս է լսելու դասական երաժշտություն, բայց նաեւ լսում են իրեն սիրելի երաժշտություն, այդպես մարդիկ ավելի հեշտ են տրամադրվում գալ համերգի»:

Դաշնակահար, կոմպոզիտորը հավելում է, որ  դրամաշնորհը ստանալիս առաջին բանը, որ մտածել է, դասական երաժշտության մի նախագիծ անելն էր. «Կոմպոզիտոր Ալեքսանդր Սկրյաբինը, ում գործերը ինքս նվագում եմ,  ունի սինեսթեզիա (համաժամանակյա զգացողություն)` նա նոտաները եւ գույները իրար հետ էր տեսնում: Ես մտածել էի, որ  կարելի է դրա շուրջ  հետաքրքիր գաղափար ստեղծել: Նաեւ Սկրյաբինը գրել է սիմֆոնիա, որտեղ կա գունային գիծ,  ու այդ սիմֆոնիան կատարելու ընթացքում կարող էին գույները փոխվել: Ես մտածեցի նման համերգ անել, որովհետեւ մեծ մասամբ Սկրյաբինի երաժշտությունն եմ նվագում, նաեւ ուրիշ կոմպոզիտորների գործեր, ու հրաշալի է, երբ ակորդների փոփոխությամբ դահլիճի լուսավորության գույները կարող են փոխվել: Դա իրականացրինք, շատ հետաքրքիր էֆեկտ ստացվեց, համերգը կայացավ անցյալ տարվա հունիսին՝ Գաֆեսճյանում: Այդ ժամանակ չկարողացա համերգի մասին լայն տեղեկատվությունը տարածել, բայց եթե եւս մեկ նման համերգ ունենամ, անպայման կփորձեմ ավելի շատ տարածել համերգի վերաբերյալ տեղեկատվությունը»:

Հիշեցնենք, որ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, համագործակցելով Creative Armenia-ի հետ եւ ԵՄ ֆինանսավորմամբ, նախաձեռնել է «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագիրը, որի նպատակն է խթանել Հայաստանում ստեղծարար արդյունաբերությունը։ Իսկ Artbox-ն  իրականացվում է «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի շրջանակներում։ Գայանե Ասլանյանն էլ, ինչպես նշեցինք, ստեղծարար ձեռներեց է եւ Artbox-ի դրամաշնորհառուներից:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հրապարակումը պատրաստվել է Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում լրատվամիջոցը, եւ պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական Միության տեսակետները:

Լուսանկարները տրամադրել է Գայանե Ասլանյանը:

«Առավոտ» օրաթերթ
22.08.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031