Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կեսդարյա թատրոնում 50-ամյա ամուսնություն

Օգոստոս 23,2024 13:00

Երեւանի 50-ամյա մնջախաղի թատրոնի արտիստներ Լեւոն Հովսեփյանը եւ Նունե Օգանեզովան նշում են իրենց ծննդյան 70 եւ ամուսնության 50-ամյակները

Կես դար առաջ, 1974թ. հիմնադրված Երեւանի Մնջախաղի պետական թատրոնի համար 2024-ը հոբելյանական տարի է: Մենք «ձեռքը զարկերակի վրա ենք պահում»` պարբերաբար անդրադառնալով թատերարվեստին առնչվող մշակութային հիշարժան երեւույթներին: Այս անգամ որոշեցինք անսովոր տոնի մասին գրել: Պատեհ առիթն օգտագործեցինք չափազանց ինքնատիպ մի երեւույթի` արվեստի ասպարեզի ամուսնությունների մասին խոսելու համար, քանի որ մարդիկ ամբողջ կյանքով ու ընտանիքով, «օր ու գիշերով» կապվում են ստեղծագործական գործի ու գործունեության հետ, ինչը չափազանց դժվար ապրելակերպ է եւ որքան կողքից հեշտ ու թեթեւ է թվում, այնքան շատ ավելի բարդ վիճակներ են հաղթահարվում այդ «հեշտ ու թեթեւին» հասնելու համար (երեկոյան աշխատանքներ, ամիսներով հյուրախաղեր, անվերջանալի փորձեր եւ այդ ամենը միշտ հանրության աչքի առաջ):

Մենք վաղուց էինք առիթ փնտրում այս մասին բարձրաձայնելու, քանի որ մշակութային լրագրողի գործի բերումով (սա էլ մի ուրիշ թեմա է) ամեն օր առնչվում ենք «մասնագիտացված ընտանիքներին» եւ մեր աչքով ենք տեսնում, թե որքան բարդ է ե՛ւ ընտանիքում, ե՛ւ գործում միշտ գտնվել «ֆորմայի մեջ» եւ ե՛ւ տանը, ե՛ւ դրսում ապրել բոլորի աչքի առաջ, այդ ամենով հանդերձ պահպանել մարդկային ու մասնագիտական բարձր արժանապատվությունը: Մինչ Լեւոն Հովսեփյանի եւ Նունե Օգանեզովայի Ոսկե հարսանիքին անդրադառնալը, մենք շնորհավորում ենք ոչ միայն թատերական, այլեւ ստեղծագործական բոլոր ոլորտների ընտանիքներին փոքր ու մեծ բոլոր հոբելյանների կապակցությամբ: Բարեմաղթում ենք, որ այսօրվա հոդվածի հերոսների նման միացյալ կյանքի հիսուն տարին պարտադիր թող անցնեն, մնացածում թող լինի այնպես, ինչպես կյանքը կկարգավորի:

Տեսարաններ Հովսեփյան-Օգանեզովա ամուսինների բեմական հուշերից

Բարեբախտաբար արվեստում մենք շատ ընտանեկան զույգեր ունենք, բայց այսօր չենք թվարկի, որ չխճճվենք, այլ կորոշենք, որ երբեմն անդրադառնանք նման հոբելյաններին: Ինչ վերաբերում է Հովսեփյան-Օգանեզովա ամուսնական զույգին, ապա այս անգամ որոշեցինք ոսկեհարսանեկան անակնկալ մատուցելու համար, զրուցել ոչ թե անձամբ նրանց, այլ իրենց գործընկերոջ` մնջախաղի թատրոնի հիմնադիր կազմի արտիստներից Լեւոն Իվանյանի, ում խոսքը ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանն առանց լրագրողական միջամտության:

«Մեծ սիրով: Լեւոնի եւ Նունեի մասին մի քիչ ավելի շատ գիտեմ, մի քիչ ավելի շատ ասեմ: Նախ` շնորհավորում եմ իմ գործընկերներին միանգամից չորս հոբելյանների կապակցությամբ` Մնջախաղի թատրոնի հիմնադրման 50, Նունեի եւ Լեւոնի 70-ամյակների եւ իհարկե՝ իրենց Ոսկե հարսանիքի կապակցությամբ: Մենք տասնամյակներ շարունակ, ինչպես նշեցիք, կյանք ենք ապրել «անիվների վրա», իսկ հայտնի է, որ ճանապարհի ընկերները շատ ավելի լավ են ճանաչում իրար եւ ժամանակի ընթացքում դառնում են մեծ ընտանիք:

Առիթից օգտվելով՝ առաջարկում եմ Լեւոն-Նունեի օրինակով պարբերաբար անդրադառնալ մշակութային զույգերին հոբելյանների կապակցությամբ: Անցնենք մասնագիտական արժեքներին:

Սկսեմ Նունեից. 50 տարի անց առաջին անգամ բարձրաձայնելով պիտի հայտնեմ, որ հենց Նունեով է պայմանավորված մնջախաղի թատրոնի գոյությունը Հայաստանում: Նա դեռ 1968-ից Հենրիկ Պողոսյանի ղեկավարությամբ գործող մնջախաղի թատերախմբի առաջատարն էր, հետո նաեւ Արսեն Փոլադովի ղեկավարությամբ գործող արդեն պրոֆեսիոնալ կարգավիճակ ստացած թատրոնի առաջատարը: Ընդ որում՝ միայն Նունեն սկզբից մինչեւ վերջ մնաց թատրոնում եւ նրա համեմատությամբ մենք բոլորս նորեր ենք: Առանց չափազանցության Նունեն մնջախաղի արվեստի թագուհին է Հայաստանում: Ի դեպ, մնջախաղի արվեստի հրաշալի նոր սերնդում հիանալի արքայադստրեր կան, բայց Նունեն բացառիկ դեր խաղաց, որի մասին չափազանց քիչ է ասված ու գրված: Շատ դերեր եմ խաղացել Նունեի հետ ու հայտարարում եմ, որ այդ կարգի արտիստուհի աշխարհի շատ բեմեր կերազեն ունենալ:

Ինչ վերաբերում է Լեւոնին, նա բոլորիս կողմից շատ սիրելի, զվարթ, կատակասեր, կենսասեր, թատրոնի կյանք ու հոգի Լեւոն Հովսեփյանը, հրաշալի գիտի, որ իմ այս բարձր գնահատականը հոբելյանի առիթով ասված խոսք չէ, այլ վերջապես մի հարմար առիթ` իր բարձր որակների բարձրաձայնման համար: Նա իր կյանքով, մարդկային ու արտիստական բնույթով, անմնացորդ նվիրվող անձնավորություն է, որ մասնակցում է թատրոնի կյանքի ամեն ինչին` բեմի արտիստական ծանր աշխատանքից սկսած, բեմի բանվորական աշխատանքներով շարունակած, մինչեւ թատրոնին առնչվող կազմակերպական ամենաբարդ գործերը: Այդ ամենը չէր խանգարում, որ մեր ամենաերկար ճանապարհների, գիշեր-ցերեկային անվերջ-անվերջանալի հանդիպում-հավաքների ընթացքում Լեւոնն անընդհատ կիթառով երգեր ու միշտ զվարթ  ու աշխույժ պահեր բոլորիս:

Հիշում եմ, մի անգամ Ռուսաստանում կազմակերպիչները հարմար գտան, որ մնջախաղի փոխարեն ելույթ ունենա իրենց իսկ «աֆիշում» գրված «вокально-инструментальный ансамбль ереванская пантомима» ծրագրով, որտեղ Լեւոնը կիթառով երգում էր հայկական ու աշխարհի ժողովուրդների երգեր, մենք էլ ձայնակցում էինք նրան:

Ավարտեմ. եթե հյուրախաղերից պատմեմ, դա անվերջանալի արկածային կինո է: Սա էլ ասեմ. Լեւոնն ու Նունեն ինձնից ու իմ տիկնոջից` դերասանուհի Գայանե Մկրտչյանից, թեեւ մի-մի տարի ավելի փոքր են, բայց մեզնից ավելի շուտ ամուսնացան եւ հիմա Ոսկե հարսանիքի ճանապարհը իրենք են բացում: Ցանկանում եմ, որ արտիստական ընտանիքների համար օրինակ լինի` Ադամանդե հարսանիք նշելու, որը չափազանց քիչ է հանդիպում արտիստական կյանքում»,- ասաց Լեւոն Իվանյանը:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Գլխավոր լուսանկարում՝ Հովսեփյան-Օգանեզովա ամուսինները

«Առավոտ» օրաթերթ
22.08.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031