Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի դեմ այս տարի դեռ 3 հայցապահանջ է ներկայացվել

Օգոստոս 23,2024 12:30

2024թ. հունվարի 26-ին ՀՀ վարչական դատարան էր դիմել «ՏՈՍՊԱ» ռադիոընկերության խմբագրություն փակ բաժնետիրական ընկերությունը: Ընկերությունը պահանջում էր Հանձնաժողովի՝ 2023 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 110-Ա որոշումն անվավեր ճանաչել: Նշեմ, որ այս տարի մինչ օգոստոսի 22-ի դրությամբ ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի դեմ առկա է երեք հայցադիմում: ՀՀ վարչական դատարանի դատավոր Ռոբերտ Մաքեյանի որոշմամբ «ՏՈՍՊԱ» ընկերության հայցապահանջը վարույթ է ընդունվել, որոշվել է գործը քննել գրավոր ընթացակարգով:

Մինչ դատարան դիմելը, հայտնի է, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը գումարել էր նիստ, Հանձնաժողովը Լսողական մեդիածառայություն մատուցող «ՏՈՍՊԱ» ռադիոընկերության խմբագրություն ՓԲ ընկերության կողմից հեռարձակվող «ՍՊՈՒՏՆԻԿ ԱՐՄԵՆԻԱ» լսողական ծրագրի ձայնագրության մշտադիտարկման արդյունքում արձանագրել էր առաջին վարչական վարույթի դեպքում օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի, իսկ երկրորդի դեպքում օրենքի՝ 7-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերի պահանջների խախտման հատկանիշներ: Հանձնաժողովը Լսողական ծրագրեր հեռարձակողի նկատմամբ հարուցել էր վարչական վարույթներ՝ հիմք ընդունելով Հանձնաժողովի կողմից Հեռարձակողի գործունեության մշտադիտարկման արդյունքների հիման վրա կազմված մշտադիտարկման իրականացման արձանագրությունները:

Ըստ պաշտոնական արձանագրության՝ «Ընկերության կողմից հեռարձակվող «Սպուտնիկ Արմենիա» լսողական ծրագրի «Ուրբաթը Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդման 2023 թվականի նոյեմբերի 17-ի եթերի ընթացքում հաղորդման հեղինակն ու վարողը ծաղրական եւ նսեմացուցիչ ձեւակերպումներով է անդրադարձել Հայաստանի Հանրապետությանն ու ժողովրդին, տալով գնահատականներ, որի բարոյական իրավունքն օտարերկրյա քաղաքացի հանդիսացող քաղաքական մեկնաբանն ու հաղորդավարը չունի: Արձանագրվել է նաեւ, որ հաղորդման ընթացքում հնչեցվել են օրենսդրությամբ արգելված արարքների կոչերի տարածում»:

Դատարանում վիճարկվող որոշմամբ, հանձնաժողովը կիրառել էր վարչական տույժ՝ կասեցրել «ՏՈՍՊԱ»-ի լիցենզիայի գործողությունը՝ 30 օր ժամկետով, իսկ երկրորդ վարչական վարույթի շրջանակում՝ կիրառել օրենքի 58-րդ հոդվածի 18-րդ մասով սահմանված տույժը՝ տուգանելով հասույթի 0.02 տոկոսի, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով…

Այս տարվա մայիսի 20-ին ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի դեմ հայցապահանջով դատարան դիմեց «Վի Էմ Տելեպրոջեքթ» ՍՊ ընկերությունը՝ 2024թ. ապրիլի 12-ի թիվ 33-Ա որոշումը վերացնելու պահանջով: Այն գտնվում է վարչական դատարանի դատավոր Դանիել Դանիելյանի վարույթում: Դեռ նիստի օրը նշանակված չէ (ըստ դատական տեղեկատվական համակարգի), ինչպես որ նույն ընկերության մեկ այլ՝ երկրորդ հայցապահանջով առկա է:

Այս գործով հայտնի է, որ «ՎԻ ԷՄ ՏԵԼԵՊՐՈՋԵՔԹ» ՍՊ ընկերությունը 2024 թվականի մարտի 25-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողով էր ներկայացրել տեսալսողական ծրագրերի վերաբերյալ ծանուցում: Հանձնաժողովը որոշել էր՝ հաստատել ընկերության ծանուցումը՝ «Россия-К» եւ «Россия-24» տեսալսողական ծրագրերի մասով, սահմանելով «Россия-К» տեսալսողական ծրագրի սփռման տարածքը՝ Հայաստանի Հանրապետություն՝ բացառությամբ Երեւան քաղաքի։

Քննարկման ժամանակ նշվել է, որ 2024 թվականի մարտի 6-ին տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտոր հանդիսացող «ՎԻ ԷՄ ՏԵԼԵՊՐՈՋԵՔԹ» ՍՊ ընկերության նկատմամբ հարուցվել է թիվ 6 վարչական վարույթ՝ առանց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 54-րդ հոդվածով սահմանված ծանուցման գործունեություն իրականացնելու հատկանիշներով։

«Վի Էմ Տելեպրոջեքթ» ՍՊ ընկերության անունից հայցադիմում է ներկայացվել ՀՀ վարչական դատարան մայիսի 21-ին՝ ընդդեմ ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի: Մայիսի 29-ին ՀՀ վարչական դատարանի դատավոր Հերմինե Մուրադյանը «Վի Էմ Տելեպրոջեքթ» ՍՊ ընկերության գործով կայացրել է որոշում:

Այս ընկերությունը խնդրել էր անվավեր ճանաչել 2024թ. փետրվարի 19-ի թիվ 19-Ա եւ 22.03.2024թ. թիվ 28-Ա որոշումները եւ պարտավորեցնել ընդունել բարենպաստ վարչական ակտ:

Ըստ հանձնաժողովի վիճարկվող որոշման նկարագրական մասի. «Հանձնաժողովը հայտնաբերել է օրենքի պահանջի խախտում, այն է՝ Դիստրիբյուտորն իր գործունեությունն իրականացրել է առանց Հանձնաժողովի կողմից հաստատված «Россия-24» եւ «Россия-К» տեսալսողական ծրագրերը ներառող ծանուցման՝ խախտելով օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի դրույթի պահանջը։ Դիստրիբյուտորը 2024 թվականի փետրվարի 22-ին վարչական բողոք է ներկայացրել Հանձնաժողով՝ Հանձնաժողովի 2024 թվականի փետրվարի 19-ի թիվ 19-Ա որոշումը (մի մասը) վերացնելու եւ կայացնելու նոր որոշում՝ հաստատելով Դիստրիբյուտորի 2024 թվականի հունվարի 29-ի ծանուցումը՝ «Россия-К», « Россия-24» տեսալսողական ծրագրերի վերաբերյալ, սակայն այն մերժվել է Հանձնաժողովի կողմից։ Հանձնաժողովը պարզել է նաեւ, որ Դիստրիբյուտորը, Հանձնաժողովի կողմից չունենալով հաստատված ծանուցում՝ տեսալսողական ծրագրերի վերաբերյալ, ցանցային օպերատորների հետ կնքել է պայմանագրեր՝ նշված տեսալսողական ծրագրերի վերահաղորդման վերաբերյալ»։

Հանձնաժողովը որոշել էր՝ Դիստրիբյուտորի նկատմամբ կիրառել համապատասխան պատասխանատվության միջոց՝ տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով։

Դատարանը վկայակոչել էր ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 2-րդ մասը, համաձայն որի՝ վարչական մարմինը պարտավոր է ներկայացնել վարչական վարույթի բոլոր նյութերը, ինչպես նաեւ իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում եղած այն բոլոր ապացույցները, որոնք հիմնավորում են հակառակ կողմի պահանջները կամ առարկությունները (…)։

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն էլ՝ ապացույցներ ձեռք բերելու նպատակով դատարանն իրավասու է կայացնելու որոշում` առանձին դատական ակտի տեսքով, դրանք պահանջելով դատավարության այն մասնակիցներից, պետական եւ տեղական ինքնակառավարման այն մարմիններից (դրանց պաշտոնատար անձանցից), ինչպես նաեւ դատավարությունում չներգրավված ֆիզիկական եւ իրավաբանական այն անձանցից, որոնց ազդեցության ոլորտում են դրանք կամ պետք է լինեն` սահմանելով ժամկետ դրանք դատարան ներկայացնելու համար:

Դատարանը պատասխանողից պահանջել է դատարան ներկայացնել 19.02.2024թ. թիվ 19-Ա որոշման կայացման համար հիմք հանդիսացած վարչական վարույթի նյութերն ամբողջությամբ՝ դրա համար սահմանելով երկշաբաթյա ժամկետ՝ սույն որոշումն ստանալուց հետո։

Այս վարչական գործով դատարանը նշանակել է նախնական դատական նիստ՝ 2024 թվականի հոկտեմբերի 1-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.08.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031