Ինչ էր ուզում Մոսկվան ազդարարել ընդդեմ Հայաստանի աննախադեպ հակաքարոզչությամբ
«Ռուս-հայկական հարաբերությունները, ըստ երեւույթին, նոր փուլ են թեւակոխում. Երեւանը պետք է պատասխան տա Ռուսաստանի դեմ վերջին երեք տարիների ընթացքում իրականացված ոչ բարեկամական գործողությունների համար։ Երկակի խաղը, որ սկսեց Երեւանը՝ փորձելով մնալ ՀԱՊԿ-ում, բայց միաժամանակ ամեն կերպ պարելով Արեւմուտքի առաջ, ի վերջո դաժան կատակ էր հենց Հայաստանի հետ…»: Սա «Միլիտարիստ» (Милитарист) ռուսաստանյան իշխանական քարոզչություն իրականացնող, շուրջ 287 հազար լսարան ունեցող, Հայաստանում բավական հանրաճանաչ, տելեգրամ ալիքի վերլուծությունից մեկ հատված է, որը հրապարակվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Բաքու կատարած այցից ընդամենը ժամեր անց:
Հայաստանի ղեկավարությանը մեղադրելով Արեւմուտքի հետ հարաբերությունները խորացնելու մեջ, նշելով, թե Հայաստանն «արագորեն ՆԱՏՕ-ի դե ֆակտո դաշնակցի է վերածվել», հավելում էին, թե Երեւանն ակտիվորեն ընդունում էր արեւմտյան զինվորականներին՝ միաժամանակ քննադատելով ռուս խաղաղապահներին։ «Երեւանը բանակցել է Եվրոպայի եւ ԱՄՆ-ի հետ զենքի գնման շուրջ, ֆրանսիացի գեներալներին հրավիրել է երկիր, ինչպես նաեւ համատեղ վարժանքներ է անցկացրել ԱՄՆ-ի հետ, որոնց շրջանակներում գաղտնի տվյալների փոխանցումն անխուսափելի էր…»։ Իսկ օրինակ՝ Ադրբեջանի վերաբերյալ գնահատականները լիովին այլ են. «Այս ֆոնին Ադրբեջանը մի փոքր այլ տեսք ունի։ Երկիր, որը երբեք այնքան կախված չի եղել Մոսկվայից, որքան Երեւանը. ո՛չ տնտեսապես, ո՛չ անվտանգության ոլորտում… Բայց հենց Բաքուն է այսօր մեծ հարգանքով ու պատվով ընդունում Վլադիմիր Պուտինին։ Եվ դա այն դեպքում, երբ արեւմտյան երկրները ճնշում են գործադրում այդ երկրի վրա, առաջին հերթին՝ Ֆրանսիան, որը դարձել է Հայաստանի գլխավոր դաշնակիցը»։
Պուտինի այցը ռուսաստանյան քարոզչական այս հարթակում «պատմական» գնահատեցին. «Այն կարող է դիտվել որպես Մոսկվայի պատասխանը` Փաշինյանի վարչակազմի ոչ բարեկամական գործողություններին։ Հայաստանին հասկացրին, որ Կովկասի քաղաքականության ներկայիս ջրբաժանում Երեւանն այլեւս միակ գործոնը չէ, որի հետ հաշվի կնստի Ռուսաստանը։ Միաժամանակ Պուտինը ճկունություն դրսեւորեց՝ ասելով, որ Փաշինյանին կտեղեկացնի Ալիեւի հետ հանդիպման մանրամասները։ Մնում է սպասել, թե Երեւանում ինչ հետեւություններ կանեն»։
Կարդացեք նաև
Իրականում, Բաքու կատարած Պուտինի այցից առաջ արդեն Ռուսաստանում, կարելի է ասել, աննախադեպ հակաքարոզչություն իրականացվեց ընդդեմ Հայաստանի:
Օգոստոսի 14-ին նույն «Միլիտարիստ» տելեգրամյան ալիքը հղում էր կատարել ադրբեջանական ռազմաքաղաքական ռեսուրս համարվող, «Ադրբեջանի ՊՆ-ի կողմից կառավարվող Caliber.Az-ին, ու «հայտնել», թե` «հրապարակել են կադրեր Հայաստանում Ադրբեջանի եւ Իրանի սահմանների մոտ ամերիկյան անձնակազմի եւ զենքի գաղտնի տեղակայման մասին»։
Նաեւ հարկ էին համարել նշել. «Մինչ Իրանը կենտրոնանում է Ադրբեջանում գոյություն չունեցող իսրայելական բազաների վրա, ամերիկյան զորքերն արդեն նրանց դարպասների մոտ են»: Ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ ռուսական 287 հազարանոց հարթակը ադրբեջանական կեղծ տեղեկատվությունն արտատպում է` Պուտինի այցից 4 օր առաջ:
Սա դեռ ամենը չէ: Արդեն Պուտինի այցի օրը, օգոստոսի 18-ին, «Միլիտարիստը» դարձյալ հղում է անում թուրքերին, այս անգամ էլ մեկ այլ կեղծիք տարածելով. «Ինչպես գրում են թուրքերը, Ուկրաինայում նման քանակությամբ հնացած C-125 հակաօդային պաշտպանության համակարգերի եւ «Տոչկա-Ու» հրթիռային կայանների հանկարծակի հայտնվելը պայմանավորված է նրանով, որ Հայաստանը հակաօդային պաշտպանության համակարգերի եւ հրթիռների իր պաշարները փոխանցել է Ուկրաինա՝ ԱՄՆ աջակցության դիմաց։ Նրանց խոսքով՝ վերջերս Ռուսաստան արձակված հրթիռների մի մասը հայկական ծագում են ունեցել»։
Ի՞նչ է սա, եթե ոչ հիբրիդային հարձակում Հայաստանի նկատմամբ: Ադրբեջանական կեղծիքը, իբր մեր երկիրը Ուկրաինային տրամադրել է «Տոչկա-Ու» հրթիռներ եւ մեծ քանակությամբ հրթիռներ` C-125-ի համար, եւ որոնցով էլ ուկրաինական կողմը ռմբակոծում է Կուրսկը, գրում է ալիեւյան կեղծիքի քարոզչամեքենան, իսկ ռուսները տարածում են: Ի դեպ, նույն օրերին Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն էլ իր հերթին հայտնեց, որ «Z- հայրենասիրական ուժեր»-ը DDoS հարձակում են գործել, որոշ ժամանակով խափանել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կայքը։
Ու այս վիճակում, Հայաստանում գտնվեցին «փորձագետներ», որոնք Պուտինի` Բաքու կատարած այցում հակահայկական որեւէ քայլ ու արշավ ընդդեմ Հայաստանի «չնկատեցին»: Այս կերպ նրանք շարունակում են Հայաստան պետության կործանումը երազող Բաքվի քարոզչամեքենայի կեղծիքի արտատպումը ռուսական քարոզչական հարթակներում անուղղակիորեն ողջունել, ինչը, համաձայնեք, Հայաստան պետության համար իսկապես սպառնալիք է: Ու այսպիսի «փորձագետները» ազատության մեջ են, դեմքի լուրջ արտահայտությամբ տարբեր մամուլի ակումբներ են վազում, հստակ ուղերձներով քարոզչական ելույթներ են ունենում` հանդես գալով «հայրենասիրական» դիրքերից:
Մոսկվայի «սյունիքյան» ախորժակը
ՌԴ նախագահն արդեն Բաքվում էր, երբ պաշտոնական Մոսկվան արտգործնախարար Լավրովի բերանով հստակ ներկայացրեց, թե ինչ «փորացավ» ունի Մոսկվան: Լավրովը պաշտոնական Երեւանին մեղադրեց Սյունիքի մարզում հաղորդակցությունները ապաշրջափակելու պայմանավորվածությունը սաբոտաժի ենթարկելու համար։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը օգոստոսի 19-ին «Առաջին ալիքի»-ի հետ զրույցում ասում է. «Համոզված ենք, որ գլխավորը Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ 2020-2022թթ. ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների շարքի ոգուն եւ տառին հետեւելն է։ (1, 2, 3, 4): Դրանք ներառում են իրավիճակի բոլոր ասպեկտները, ինչպես նաեւ այն հարցերը, որոնք պետք է լուծվեն՝ վերջնականապես եւ ամբողջությամբ: Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը եւ հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Ցավոք սրտի, ինչ վերաբերում է ՀՀ Սյունիքի մարզով հաղորդակցություններին, ապա Հայաստանի ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում վարչապետ Ն.Վ.Փաշինյանի ստորագրած համաձայնագիրը։ Դժվար է հասկանալ, թե որն է նման դիրքորոշման իմաստը։ Եռակողմ հանդիպումների եւ փաստաթղթերի շրջանակում դրված հիմքը մնում է լիովին արդիական»։
Վաղուց գոյություն չունեցող, Մոսկվայի ու Բաքվի հետեւողական քայլերով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ տխրահռչակ փաստաթուղթը թաղելուց 4 տարի անց այն «արդիական» համարելն արդեն զավեշտ է, իհարկե, բայց այստեղ առավել կարեւոր էր «Սյունիքի մարզի» հիշատակումը: Այսինքն, «միջանցքը մերն է»` ոչ դիվանագիտական լեզվով, Մոսկվան վերջնականապես բացահայտեց, թե ինչու էր Պուտինը գրել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթուղթը:
Հիշեցնենք նաեւ, որ շաբաթներ առաջ հայտնի դարձավ, որ տարածաշրջանային ապաշրջափակման հարցը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ քննարկվող խաղաղության պայմանագրի նախագծից հանվել է: Այդուհանդերձ, Բաքվում Պուտին-Ալիեւ բանակցություններից առաջ ռուսական պետական TACC լրատվական գործակալությունը հայտնեց, որ քննարկման օրակարգում է նաեւ տարածաշրջանում կապերի ապաշրջափակումը` հիմնված 2020-2022թթ. համաձայնագրերի վրա։
Պաշտոնական Երեւանի արձագանքը հստակ էր
Հայաստանի ԱԳՆ-ն պատասխանեց Լավրովին, եւ այդ պատասխանը միանգամայն տեղին էր: Լավրովի մեկնաբանությունը ՀՀ ԱԳՆ-ն նախ որակեց «իրականությանը չհամապատասխանող» ու «ակնհայտորեն կողմնակալ»: «Չենք կարող չասել, որ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի երեկվա հայտարարությունը ոչ միայն զուտ ափսոսանք է առաջացնում, այլեւ կասկածի տակ է դնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում Ռուսաստանի Դաշնության կառուցողական ներգրավվածությունը: Երբեմնի միջնորդական առաքելություն ստանձնած, 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրած, դրա հիման վրա տարածաշրջանում խաղաղապահ զորախումբ տեղակայած պետության ԱԳ նախարարը չի կարող չտեսնել, որ չկա այդ հայտարարության գեթ մեկ առանցքային կետ, որն անդառնալիորեն խախտված չլինի՝ չնայած դրա ներքո ՌԴ ստորագրությանը եւ դրանով նախատեսված գործընթացներում ՌԴ մասնակցությանն ու պատասխանատվությանը: Կարծում ենք նաեւ, որ ՌԴ ԱԳ նախարարը քաջատեղյակ է, որ հրապարակային փաստաթղթերից դուրս՝ Հայաստանը որեւէ այլ պայմանավորվածության մաս չի կազմում, հետեւաբար չի կարող սաբոտաժի ենթարկել դրանք»:
Ցավոք, ՀՀ ԱԳՆ-ն շարունակում է գովազդել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որով ակնհայտորեն Հայաստանի անվտանգային պաշտպանության որեւէ խնդիր լուծելու երաշխիքներ չկան` պաշտոնական Երեւանի կողմից Բաքվի պահանջները կատարելու, հարմարվողական կեցվածքի դրսեւորման պայմաններում: «Վերահաստատում ենք, որ դրա շրջանակներում տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը հնարավոր է բառացիորեն ամեն պահի։ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը դրական արձագանքի է արժանացել մի շարք միջազգային գործընկերների կողմից, եւ ՌԴ ԱԳՆ գործընկերներին կոչ ենք անում կողմնակալ հայտարարություններով սաբոտաժի չենթարկել այն, ոչ էլ Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ջանքերը», ասվում էր ՀՀ ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
Մնում է նաեւ հասկանալ, թե պաշտոնական Երեւանը ե՞րբ է վերջակետ դնելու 2020թ. նոյեմբերի 9-ի տխրահռչակ եռակողմ հայտարարության վրա, ե՞րբ է դրանից Հայաստանի ստորագրությունը ուղղակի հետ կանչելու:
Ռուսական պատժամիջոցները գործողության մեջ
Պաշտոնական Մոսկվայի` Երեւանի նկատմամբ ճնշումները կոնկրետ քայլերով են զուգորդվում: Ռուսական խանութներում վաճառվող հայկական կոնյակի գրեթե 90%-ը անվտանգ չի եղել, միեւնույն ժամանակ, արտադրանքի գրեթե կեսը պարունակել է «ոչ ալկոհոլային սպիրտ», օգոստոսի 20-ին ասվում էր «Անտիկոնտրաֆակտ» միջազգային ասոցիացիայի եւ կոնյակ, սպիրտ եւ ալկոհոլային արտադրանք արտադրողների միության համատեղ հետազոտության մեջ, որը հրապարակեց ՏԱՍՍ-ը։ Նշվում էր, որ հետազոտությունն իրականացնելու համար հայկական 10 խոշորագույն արտադրողներից ձեռք է բերվել ավելի քան 20 ապրանքանիշի կոնյակի 200 նմուշ: «Դրանցից 177-ում, այսինքն, 89%-ում (10 նմուշից 9) խախտումներ են հայտնաբերվել։ Իսկ գրեթե կեսում հայտնաբերվել է ոչ ալկոհոլային ծագման սպիրտ։ Միայն 23 նմուշն է լիովին համապատասխանել ԳՕՍՏ-երին (ստանդարտ) եւ Ռուսաստանի օրենսդրությանը», – ասվում էր հետազոտության մեջ:
Պարզվում է, «Անտիկոնտրաֆակտ» ասոցիացիան դիմումներ է ուղարկել գլխավոր դատախազություն, ԴՄԾ եւ «Ռոսալկոհոլտաբակկոնտրոլին»՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել Հայաստանից ներմուծվող ալկոհոլային արտադրանքի նկատմամբ լրացուցիչ վերահսկողության համար՝ հաշվի առնելով, որ ներմուծվող բեռը տարանցվում է Վրաստանով, եւ միջոցներ ձեռնարկել մեծածախ ու մանրածախ ցանցերում որակի չափանիշներին չհամապատասխանող արտադրանքի շրջանառությունը սահմանափակելու համար: Դիմումների պատճենները հայտնվել են ՏԱՍՍ-ի տրամադրության տակ։ Ինչպես նշվում է համապատասխան դիմումներում, Հայաստանից ստացվող կեղծված ալկոհոլային արտադրանքը պայմաններ է ստեղծում անբարեխիղճ մրցակցության եւ գնիջեցման համար: «Ստեղծվում է շրջանառության բարեխիղճ մասնակիցներին շուկայից դուրս մղելու վտանգ։ Էժան կեղծված արտադրանքն արդեն ծանր դրության մեջ է դնում հայրենական արտադրողներին, եւ ռուսական շուկայում կեղծիքի էքսպանսիայի շարունակման դեպքում մոտ ժամանակներս խոսք կգնա արդեն ռուս արտադրողների, որպես այդպիսին, գոյատեւման մասին», – ասվում է գերատեսչություններ ուղարկված նամակներում։
Ի դեպ, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից մամուլին հայտնեցին, որ Հայաստանը պաշտոնական ծանուցում չի ստացել ռուսական կողմի տարածած այն հայտարարության մասին, թե ՌԴ-ում վաճառվող հայկական կոնյակի գրեթե 90%-ը չի համապատասխանում պետության ստանդարտներին։
«Բատկան»` իր ամպլուայի մեջ
Տարիներ առաջ Սերժ Սարգսյանին գումարի դիմաց Արցախը` Ադրբեջանին հանձնելու առաջարկ արած Բելառուսի նախագահն էլ, ինչպես երեւում է, Արցախի շուրջ ստեղծված իրավիճակից հիմա էլ առանձնապես գոհ չէ: Հիմա ի՞նչ են ուզում «Բատկան» ու Ալիեւը Հայաստանից ու չեն ստանում, որ Լուկաշենկոն արդեն անցնելով բոլոր թույլատրելի սահմանները նման հրապարակային հայտարարություն է անում` «Россия» հեռուստաալիքին տված հարցազրույցում. «Դե, հայերը մեզնից բացի ո՞ւմ են պետք։ Նրանք ոչ մեկին պետք չեն։ Թող իրենց տնտեսությունը զարգացնեն ու իրենց ունեցածի վրա կենտրոնանան։ Ի՞նչ Ֆրանսիա, ի՞նչ Մակրոն։ Վաղը Մակրոն չի լինի, եւ բոլորը կմոռանան այդ Հայաստանի մասին»:
Իր հերթին նա ցույց է տալիս իր երկրի բռնած ուղին. «Մենք (Բելառուսն ու Ռուսաստանը) իրականում նույն նավակի մեջ ենք, եթե այն շրջվի, երկուսս էլ կխեղդվենք՝ եւ՛ Ռուսաստանը, եւ՛ Բելառուսը, ի՞նչ թաքցնենք (դաշնակցային հարաբերությունները»։ Ապա նա հավելել է. «Եկեք միասին լինենք, հեռու չէ ժամանակը, երբ դուք կգաք նույն Ռուսաստան եւ կխնդրեք աջակցություն եւ օգնություն։ Ղազախստանում ինչ-որ բան եղավ՝ ո՞ւմ դիմեցին՝ Չինաստանին, Հնդկաստանին, Պակիստանին։ Ո՛չ, Պուտինին ասացին՝ օգնե՛ք, իսկ մենք (ՀԱՊԿ) տեղակայվեցինք (ուժերը), կեսօրից հետո մեր ինքնաթիռները վայրէջք կատարեցին այնտեղ եւ ամեն ինչ իրենց տեղը դրեցին»,- հիշել է Լուկաշենկոն։ Նա նաեւ կոչ է արել չկորցնել հետխորհրդային տարածքում կառուցված տնտեսական կապերը։ «Ի՞նչ է, Ղազախստանին կամ Ուզբեկստանին իրենց ապրանքներով սպասում են Ամերիկայո՞ւմ, թե՞ Եվրամիությունում… Ոչ, նրանք խնդրում են Ռուսաստանում վաճառել դրանք։ Հետեւաբար, ինչո՞ւ կորցնենք այն, ինչ ունենք, եկեք ավելացնենք եղածի վրա»:
Բաքուն մեծարեց Պուտինին, կարեւորեց նրա «առանցքային դերը»
Կարծես ձայնակցելով Մոսկվայի պահանջներին, պաշտոնական Բաքուն էլ Պուտինի` Բաքու կատարած այցին զուգահեռ հարկ համարեց հիշեցնել, որ նախ Բաքվի համար ռուսական հարթակը միշտ ընդունելի է եւ որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դերը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ 2020թ. հակամարտության կարգավորման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերման գործում եղել է առանցքային։ «Արդյունքը 2020թ. նոյեմբերի 9-10-ի եռակողմ համաձայնագիրն է»,- «Իզվեստիա»-ի հետ զրույցում հայտարարեց Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, հավելելով, որ 2020-22թթ. հետկոնֆլիկտային կարգավորման շրջանակներում ռուսական կողմի մասնակցությամբ բազմաթիվ հանդիպումներ են տեղի ունեցել։ Բայրամովը նաեւ հավելել էր, որ Բաքուն նպատակ ունի կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ. «Սակայն հայկական կողմի՝ տասնամյակներով թելադրած բոլոր անհիմն պահանջները պետք է ամբողջությամբ վերացվեն։ Դա պետք է տեղի ունենա ոչ թե հայտարարությունների մակարդակով, այլ արտացոլվի իրավաբանորեն հիմնավորված ձեւերով»։
Ահա, Բաքուն հայտնեց իր հավատարմությունը Մոսկվայի միջնորդական ջանքերին եւ այս պայմաններում էլ կայացավ Պուտինի այցը Բաքու:
Ամփոփումը` վաղվա համարում:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 22.08.2024
Այսպիսի երկարաշունչ հոդված գրելուց առաջ մեկ անգամ ել աչքի անցկացնեիք 1920թ բաքվում կայացած «Արեվելյան ժողովուրդների կոնֆերանսի»որոշումը՝ոչնչացնել Անտանտի դաշնակից Հայաստանի հանրապետությունը՝այդ որոշման ի կատարածումը դեռ շարունակվում է։Իսկ մենք մոռացած պատմական դասերը մեր «էշը»քշում ենք դեպի արեւմուտք։Մեր հարեւան թուրքերից չսովորեցինք՝կանգնել կշեռքի ծանր նժարին։ Երբեք չպետք է մոռանալ՝ռուսական զորքերը միշտ Հայաստան են եկել ադրբեջանի տարածքով եւ միշտ համալրվել են կովկասյան թաթար զինվորներով։
Մյուս կողմից ել ինչ են ասում ռուսները մեր դեմ մեր ինչ գործն է՝մենք եվրոպ ենք գնում. . . .