Լրահոս
Օրվա լրահոսը

Դիտարկումներ իշխողների քաղաքական մտածողության վերաբերյալ

Օգոստոս 23,2024 13:30

Հայկական վերնախավ. կայացում

Մենք սիրում ենք խոսել մեր փառավոր անցյալի մասին: Մենք սիրում ենք ձախողումներով աչքի ընկնող մեր պատմությունը: Մենք սիրում ենք այդ պատմությունը հատկապես այն պատճառով, որ հաճախակի ու տեւական անհաջողությունների կողքին եղել են նաեւ ազգային վերելքի ու արդյունավետ ինքնադրսեւորման այնպիսի դրվագներ, որոնք թույլ են տալիս ասել, որ Հայաստանը եղել է ժամանակի հզորագույն տերությունների արժանի մրցակիցը: Միաժամանակ, մեզ թվում է, թե որքան ավելի հին է ազգն, այնքան ավելի մեծ արժանիքներով է օժտված այն առհասարակ եւ, ելնելով այդ դրույթից, փորձում ենք հնարավորինս «հնեցնել» ինքներս մեզ, այդ կերպ սնելով մեր ազգային սնափառությունն ու, երբեմն էլ, հայտնվելով ծիծաղելի վիճակում հենց միայն այն պատճառով, որ մեր փառավոր անցյալը մի տեսակ չի սազում մեր խեղճ ներկայի նկարագրին, խեղճ, անշուշտ, մեր անցյալի համեմատ: 20-րդ դարում ազգովի եւ պետականորեն մուտք գործելով միջազգային քաղաքական ասպարեզ՝ մոտ 1000-ամյա ընդմիջումից հետո (Կիլիկյան թագավորության ժամանակաշրջանը ես չեմ դիտարկում որպես Մեծ Հայք` Հայաստանի պատմության ներհակ բաղադրյալ) պարտավորված ենք վերաքննել եւ ինքնագնահատման օբյեկտիվ չափանիշների կիրառման միջոցով հնարավորինս միմյանցից զանազանել հայկական իրականությունն` այն աղավաղող առասպելաբանությունից:

Պետք է փորձենք հասկանալ, թե մարդկության պատմության ժամանակային հոսքի մեջ ո՞րն էր այն ակնթարթը, որից հետո կարող ենք ասել, որ մենք այսօր հենց այն «մենք»-ի շարունակությունն ենք, դրա կատարելագործված (գուցե` դեգրադացված) տեսակը: Առհասարակ ազգը, էթնոսը հաճախ պահպանելով իր հնագույն անունը, ժամանակի ընթացքում ենթարկվում է այնպիսի լուրջ ներքին հոգեւոր-մշակութային փոփոխությունների, որ կորցնում է ներքին կապը նախկին իր «մենք»-ի հետ, հպարտանում է իր անցյալ «մենք»-ով, սակայն դրա հետ ունեցած իր հոգեւոր կապն այլեւս խզված է: Ո’չ իտալացիներն են այսօր Հին Հռոմի շարունակությունը, ո’չ հույները` Սպարտայի, ո’չ էլ պարսիկները` Աքեմենյան Իրանի: Կապված են արյամբ, բայց նույնը չեն հոգեկերտվածքով, աշխարհայացքով, կրոնով, անգամ` արտաքնապես: Պատմական ընթացքը ազգերին, էթնոսներին մշտապես ընտրության առջեւ է կանգնեցնում` դա ընտրություն է եղածի ու նորի միջեւ: Նրանք, ովքեր ընտրում են եղածը պահելու ուղին, չքանում են, լուծվում ուրիշների մեջ, մինչդեռ նորն ընկալողները վերապրում են, հանուն այդ նորի` վերաստեղծելով իրենք իրենց, ենթարկվելով անդառնալի ներքին կերպարանափոխության այնպես, որ իրենց նոր կերպարանքը հաճախ հնի բացասումն է: Արդյունավետ քաղաքական մտածողությունից զուրկ, կրավորական վարքագծի տեր ժողովուրդները պատմություն ասելով հասկանում են իրար հաջորդող իրադարձությունների նկարագրություն եւ հակված են դատողություններ անել այդ իրադարձությունները ծնած պատճառների մասին` ելնելով պատմականորեն հաստատված արդյունքներից: Իրականում, պատմություն ասվածը հարկավոր է դիտարկել որպես ընդունված որոշումների իրականացման, կատարված ընտրության հետեւանք եւ միայն այդ դեպքում է հնարավոր համարժեք գնահատական տալ պատմական իրադարձություններին, հասկանալ, թե որքանո՞վ էին համարժեք արդյունքները սահմանված նպատակներին եւ որո՞նք էին որոշում կայացնողների իրական շահերը: Եթե այս տեսանկյունից դիտարկենք մեր այսօրվա «մենք»-ը, ապա կարող ենք հայկական սնափառությունը «ոտնահարող» հետեւությունների հանգել, կարող է պարզվել, որ ներկայիս հայ ժողովրդի ազգային դիմագիծն ու պետական անկախության նախադրյալները ստեղծվել են օտարների հետեւողական եւ եռանդուն ջանքերով:

Իրականում, դրանում ողբերգական կամ ազգային արժանապատվությունը նվաստացնող որեւէ բան չկա: Էթնոսների, պետությունների փոխազդեցությունը ժամանակի ու տարածության մեջ ունեցել է եւ ունի ինչպես ակնհայտ, այնպես էլ` աներեւույթ դրսեւորումներ: Վերջիններս հաճախ դժվար է որսալ, շոշափել, բացատրել ըստ էության: Միեւնույն ժամանակ, շատ կարեւոր է ճիշտ վերծանել ժողովրդի հետագա ճակատագիրը կանխորոշող որոշումների ու դրանց հիման վրա իրականացված ծրագրային գործողությունների բուն դրդապատճառները: Մեզ համար, անկասկած, այդ կարգի ճակատագրական քայլ եղավ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու որոշումն ու դրա իրագործումը: Այս որոշման հետ փոխկապակցված էր նաեւ հայոց գրերի ստեղծման անհրաժեշտությունը: Հայաստանում այս հարցի վերաբերյալ կարծես հստակ միակարծություն է ձեւավորվել` մեր գիտական շրջանակները միաբերան պնդում են, որ քրիստոնեության ընդունումն ու մոտ հարյուր տարի անց հայոց գրերի ստեղծումը նպատակ ունեին ապահովելու Հայաստանի պետական անկախությունը` այդ միջոցով մենք սահմանազատվում էինք մեզ սպառնացող իրանական զրադաշտականությունից, ինչպես նաեւ Հռոմի ոտնձգություններին դիմակայելու համար լուրջ գաղափարախոսական զենք ձեռք բերում, քանի որ, ինչ խոսք, քրիստոնեությունը հռոմեական բազմաստվածության նկատմամբ որոշակի աշխարհայացքային առավելություններ ունի:

Այս կարգի բացատրությունները բազմաթիվ են: Բոլորն էլ կոչված են ընդգծել մեր ժողովրդի իմաստնությունը եւ ազատատենչությունը ու, այդ առումով, դժվար թե կապ ունեն իրականության հետ, որովհետեւ արդեն իսկ քրիստոնեությունն ընդունելու պահին Հայաստանն ավելի քան 200 տարի ապրում էր օտար կառավարման պայմաններում` պարթեւների իշխանության տակ: Որքան էլ մենք ձգտենք Հայաստանի Արշակունի թագավորներին հայ ներկայացնել, դա իրականությանը համապատասխանող եղելություն չի դառնա: Պարթեւ Արշակունիները Հայոց թագավորներ էին, սակայն մեզ համար ցանկալի իմաստով հայ չեն եղել` պարթեւ էին, ընդգծել են իրենց պարթեւ լինելը եւ ժամանակի պարթեւական Արշակունյաց չորս թագավորությունների գահակալման աստիճանակարգում երկրորդն են եղել Իրանի պարթեւ Արշակունիներից հետո: Այնպես որ, հայկական Արշակունիները տասնամյակներ շարունակ անխռով դաշինքի մեջ են եղել Իրանի Արշակունիների հետ, միասին պատերազմել Հռոմի դեմ եւ չեն փորձել հրաժարվել իրենց էթնիկ ինքնությունից հանուն հայացման, պետական անկախության եւ այլ նմանատիպ բաների: Հայոց Արշակունիների քաղաքական նոր դերակատարություն ստանձնելու ձգտումներն ի հայտ եկան այն բանից հետո, երբ Իրանում իշխանությունն անցավ Սասանյան արքայատոհմին: Այստեղից սկսվեց Հայաստանի պարթեւ Արշակունիների եւ հայ ժողովրդի համար ճակատագրական մեծ շրջադարձը, որն ունեցավ քաղաքական առումով կարեւոր երկու փուլ:

Շարունակելի

Արման ՄԵԼԻՔՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.08.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031