«Մեր գլխավոր մարտահրավերը ինքնության պառակտման վտանգն է»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց ԱԺԲ խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանը:
Նա վստահեցրեց՝ առանց այդ վտանգը չեզոքացնելու, մյուս մարտահրավերները՝ այն է պետության ու տարածքների կորստի վտանգը, չենք կարող չեզոքացնել։ Առանց մեր ժողովրդի մոբիլիզացման, առանց ոգեղենության վերականգնման ու առանց արժեքների նկատմամբ հավատքի, ոչ մի կամք չի կարող առաջանալ»։
Խոսելով արտաքին մարտահրավերների մասին՝ Գարեգին Չուգասզյանն ասաց․ «Առաջին արտաքին մարտահրավերը Թուրանին ինտեգրվելու մարտահրավերն է։ Դրա համար բոլորս՝ տարբեր քաղաքական հայացքների տեր ուժեր, հավաքվել ենք, քանի որ այս պատկերը մեզ միավորել է»։
Ինքնության ու տեսլականի մասին խնդիրները զուգահեռելով՝ Գարեգին Չուգասզյանն ասաց․ «Եթե մենք չունենք տեսլական, ինչպե՞ս ենք կարողանալու մեր ժողովրդի ամենաստեղծագործ հատվածին մոբիլիզացնել, բերել դեպի մեր ավանդական արժեքները․ միայն, եթե ունենանք բազմաչափ մոտեցում։ Միայն այդ ժամանակ դա հնարավոր կլինի։ Դա պահանջում է պլանավորում, քարտեզագրում, պետության միջամտություն։ Առանց պետական խորը պլանավորման հնարավոր չէ այս խնդիրները լուծել։ Կան մարտահրավերներ, որոնք պարադոքսալ ձևով հնարավորություն են մեր՝ հատկապես սփյուռք ունեցող ժողովրդի համար»։
Կարդացեք նաև
Փաստելով, որ աներևակայելի փորձությունների միջով անցնելով մեր ժողովուրդը կարողացավ հրաշք գործել՝ 1918-ին պետություն ստեղծել, Գարեգին Չուգասզյանն ասաց․ «Բա հրաշք չէ, ի՞նչ է։ Եթե չլիներ արժեքների նկատմամբ նվիրումը, նորարարությունը, որով այդ հանրապետությունը ստեղծվում էր, դա չէր լինի։ Կանանց ընտրական իրավունք չկար այդ ժամանակ աշխարհում, ՀՀ-ն տալիս էր դա։ Ճապոնիայում կին դեսպան ունեինք, որովհետև մենք հավատարիմ ենք մնացել մեր կորիզային, հոգևոր արժեքներին, նաև մեր ստեղծագործական կարողությանը»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ Սրբազան պայքար ֆեյսբուքյան էջի