Օգոստոսի 22-ին N բանակային զորամիավորում կատարած այցի ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է զորամիավորման ենթակա զորամասերից մեկը, որտեղ անցկացվում է Հայաստանի դպրոցների բարձր դասարանների ռազմամարզական ճամբարը:
Այն համակարգում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ղեկավար կազմը՝ աշակերտներին զուգահեռաբար ծանոթացնելով զինվորական գործին և նոր ընդունված կուրսանտների մարզումներին:
Պաշտպանության նախարարը ողջունել է աշակերտներին, նրանց ուսուցիչներին, մարզումներ անցնող կուրսանտներին։ Կարևորելով հայրենիքի պաշտպանի մասնագիտությունը՝ նախարարը բարձր դասարանների աշակերտներին խորհուրդ է տվել ուսումնասիրել ռազմական ակադեմիայի ընձեռած հնարավորություններն ու լրջորեն մտածել այնտեղ կրթություն ստանալու և ապագայում հրամանատար դառնալու հեռանկարի մասին:
Կարդացեք նաև
Սուրեն Պապիկյանը հետևել է աշակերտների մասնակցությամբ անցկացվող մրցույթներին և պարգևատրել հաղթողներին։
ՀՀ պաշտպանության նախարարություն