Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Գնում են Ադրբեջան ի՞նչ անեն, գնան այնտեղ ստորանալո՞ւ»․ Բագրատ սրբազան

Օգոստոս 22,2024 21:01

«Ի հեկճուկս բոլոր չարախնդացողների՝ առողջությունս շատ լավ է։ Մենք մի անգամ ենք կյանքում հիվանդանում, դրանից հետո Աստված գիտի՝ ինչ է անում»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Բագրատ սրբազանը։

Լրագրողների հարցերին ի պատասխան՝ ի՞նչ է լինելու սեպտեմբերին՝ Բագրատ սրբազանն ասաց՝ կխոսենք՝ երբ ժամանակը մոտենա սեպտեմբերին։ Նաև վստահեցրեց՝ լինելու է այն, ինչ մեր ծրագիրն է եղել․ ճշմարտության հաղթանակը․ այս մարդկանց հեռացումը։

Հաջողության հասնելու ժամկետների հետ կապված Բագրատ սրբազանն ասաց․ «Սա պայքար է, մարաթոն, շարժում, կունենա վերելք,  վայրէջք, շատ մարդիկ կբացակայեն, ժամկետներ կսահմանեն, որոնք կարող է՝ տեղի չունենա։ Պայքար է»։

Անդրադառնալով այն խոսակցություններին, թե առողջական խնդիրները զուտ պատրվակ էին, որ Կաթողիկոսին չշնորհավորի, քանի որ Բագրատ սրբազանն աչք ունի Կաթողիկոսի աթոռի վրա, նա պատասխանեց․ «Ես գիտեմ, որ անբարոյականությունը որոշ իմաստով լավ չափանիշ է դարձել մեր կյանքում և հատկապես այսպես կոչված իշխանության գլխից սնվող աղբյուրներից։ Երկուշաբթի օրը ես հանդիպել եմ Վեհափառ հայրապետին, հեռաձայնով իր ծննդյան տարեդարձը շնորհավորել, իր օրհնությունն եմ հայցել։ Հիվանդանոցում եմ եղել, Վեհափառն այցելել է ինձ»։

Այն խոսակցությունների մասին, թե Ռոբերտ Քոչարյանն այսպես կոչված իր շեֆն է և այլն, Բագրատ Սրբազանն ասաց․ «Ես մի անգամ Արամ Սարգսյանին անդրադարձել եմ, ու դա մնում է։ Ինքն ընդհանրապես անուն չունի։ Հավատացեք՝ նման մարդ էլ չկա։ Չեմ ուզում ավելորդ մեկնաբանություններ անել»։

Առուշ Առուշանյանին կալանավորելու մասին պրոբացիոն ծառայության առաջարկի առիթով էլ նշեց․ «Անձնապես իմ աջակցությունն եմ հայտնում պարոն Առուշանյանին՝ մաղթելով, որ այդ գործերն ավարտվեն, և ինքը լիարժեք շարունակի իր քաղաքական պաշտոնավարումը»։ Հարցին՝ Առուշանյանին յուրային համարո՞ւմ եք, Բագրատ սրբազանը պատասխանեց․ «Չեմ կարող որևէ մեկի համար գնահատական տալ։ Յուրային ասեցիք՝ անշուշտ յուրային է, ինչո՞ւ պիտի թշնամի համարեմ»։

Հստակեցմանը՝ ընդդիմադիր համարո՞ւմ եք նրան, Բագրատ սրբազանը պատասխանեց․ «Ինքը կորոշի, թե ինչպես է ինքնադրսևորվում։ Ես գնացել եմ Գորիս, դիմավորել է ինձ, հանդիպել, խոսել։ Դրանից առաջ էլ ենք մեկ-երկու տարի առաջ հանդիպել։ Խնդիր չկա։ Ամեն մարդ ինքը պիտի համարի, ես իրեն համարում եմ մարդ, որը գետնի վրա որևէ խնդիր չունի, թե ինչպես են իրեն ներկայացնում։ Ինձ համար կարևոր է՝ այս բարքերը մերժո՞ւմ են, թե՝ ոչ․ սրա մասին է խոսքը»։

Խոսելով արտաքին մարտահրավերների և ՀՀ իշխանությունների «ֆեստիվառային» տրամադրությունների և ֆիլմեր դիտելու հորդորների մասին՝ Բագրատ սրբազանն ասաց․ «Հիմա մենք՝ իրենց լեզվով ասեմ՝ կինոյի մեջ ենք։ Ձեզ ինչո՞ւ է զարմանք պատճառում այս մարդկանց կեցվածքը․ թե′ արտաքին մարտահրավերների և հատկապես ներքին մարտահրավերների հարցում այս մարդիկ որևէ գործոն չեն եղել։ Ատելություն սերմանելով, մարդկանց ծաղրելով, դրա վարպետներն են։ Լսե՞լ եք որևէ խոսք Ադրբեջանից հնչող որևէ հայտարարության մասին»։

Հարցին՝ ինչպե՞ս կգնահատեք՝ ՀՀ իշխանության՝ COP29-ին մասնակցության համար Բաքու գնալ-չգնալը, գնալու դեպքում ի՞նչ կարող ենք շահել, Բագրատ սրբազանը պատասխանեց․ «Դուք ինձ հարց եք տալիս դավաճանական իշխանության մասին։ Մինչև հիմա ի՞նչ քայլ են արել, որտե՞ղ են պայմաններ դրվել։ Գնում են Ադրբեջան՝ ի՞նչ անեն, որևէ իշխանություն, բայց սրանք առավել ևս, գնան այնտեղ ստորանալու՞։ Այն երկրում, որտեղ մեր գերիներն են, ռազմաքաղաքական ղեկավարությունը բանտում տառապում է, մեր տղաներն են այնտեղ, ամեն օր չեն դադարում նրանց ծաղրել, ստորացնել, նվաստացնելու, ամեն օր մեր առաջ պահանջներ են դնում։ Կամ որ գնան՝ ի՞նչ են անելու»։

Այն, որ Մարզահամերգային համալիրը չի տրամադրել շարժման հավաքի համար սրահ, Բագրատ սրբազանն այս առիթով պարզաբանեց՝ Գառնիկ Դանիելյանին ասել են՝ այդ օրը չեն կարող։ Գրավոր իրենք գրել են։

Բագրատ սրբազանը նաև վստահեցրեց՝ մարզային այցելությունները կշարունակվեն այնքանով, որքանով այս պահին իր առողջությունը կների։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031