Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա քաղաքական ճնշում է՝ նենգ վրեժխնդրությամբ»․ գյումրեցի ակտիվ ընդդիմադիր գործչի կալանքը 3 ամսով երկարացրել են

Օգոստոս 22,2024 19:30

Այսօր Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը երեք ամսով երկարացրել է գյումրեցի ընդդիմադիր քաղաքական գործիչ, նախկին իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի տնային կալանքի ժամկետը՝ անփոփոխ թողնելով 2000000 դրամ գրավը։

Կարապետ Պողոսյանի կինը՝ Անգին Մալխասյանն Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ նրա փաստաբանները՝ Արտակ Նավասարդյանն ու Սլավիկ Պողոսյանը, պատրաստվում են բողոքարկել դատարանի որոշումը, քանի որ որևէ իրավական հիմք չկա կալանքը երկարացնելու։

«Մեկ անգամ ևս ապացուցվեց, որ քաղաքական հետապնդում են իրականացնում ամուսնուս նկատմամբ, քաղաքական ճնշումներ են գործադրում՝ նենգ վրեժխնդրությամբ»,-ասաց Անգին Մալխասյանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին Կարապետ Պողոսյանի նկատմամբ ՀՀ քրեական  օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝  «Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել էր, քանի որ անձը չէր կատարել  իրեն մեղսագրվող արարքը։

Ըստ փաստաբանների տարածած հաղորդագրության․ «2024 թվականի հուլիսի 31-ի  քրեական վարույթով հսկող դատախազի որոշմամբ Կարապետ Պողոսյանի նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ (խուլիգանությունը, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով), որով, որով, ըստ էության, վերաշարադրվել է արդեն իսկ հարուցված հանրային քրեական հետապնդման ձևակերպումը։
Տվյալ քրեական վարույթով հայտնվել է նախաքննության ավարտ՝ մեղադրական եզրակացություն կազմելով, որին կհետևի վարույթի նյութերը դատարանին հանձնելը»։

Կարապետ Պողոսյանի կնոջ տեղեկացմամբ, օգոստոսի 28-ին նշանակված է դատական նիստ։

Անգին Մալխասյանը ամուսնուն թմրամիջոցներ, հոգեմետ դեղեր պահելու կամ օգտագործելու մեջ մեղադրելը համարել էր նրան վարկաբեկելու, անունը սևացնելու  ու անմեղության կանխավարկածը  խախտելու ակնառու փորձ։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031