FPWC-ն սկսում է մարդ-վայրի կենդանի կոնֆլիկտի հաղթահարման խոշորագույն ծրագիրը Վայոց ձորում՝«Մեղմելով կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարդ-վայրի կենդանի կոնֆլիկտը Հայաստանում»։ Ծրագիրը, որը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության կառավարության Darwin Initiative-ի միջոցով, նպատակ ունի մեղմել կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարդ-վայրի կենդանի աճող կոնֆլիկտը Հայաստանում:
Եղեգիս համայնքը Վայոց ձորի մարզում առաջատարն է մեղվաբուծութան ծավալներով։ «2020 թվականին ունեինք 5000 փեթակ մեղու, իսկ այժմ՝ 6300 փեթակ։ Այժմ Եղեգիս համայնքում մեղվաբուծությունը համարվում է 2-րդ տնտեսական ճյուղը»,- ծրագրի մեկնարկի միջոցառման ընթացքում ասել է Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը՝ ընդգծելով, որ վայրի կենդանիների, մասնավորապես՝ գորշ արջերի այցելությունները գյուղ հաճախ վնասներ են հասցնում տնտեսություններին։
Օրերս Վայոց ձորի Աղնջաձոր համայնքում տեղի է ունեցել Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից նախաձեռնված առաջին հանդիպումը մարզի բնակիչների հետ, որով և ազդարարվել է ծրագրի մեկնարկը։
Ինչպես հայտնի է՝ Վայոց ձորում գորշ արջերի այցելությունները հաճախակի են դարձել։ Կենդանիների նման վարքը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, այդ թվում՝ կենդանու սննդի և արեալների կրճատմամբ, իսկ կլիմայական փոփոխությունները սրում են իրավիճակը։ Բացի այդ, սննդի մատչելիությունը բնակավայրերում, օրինակ՝ չպաշտպանված մրգի այգիները կամ անփույթ թափված աղբը, գրավում են արջերին դեպի մարդկային բնակավայրեր:
Կարդացեք նաև
Հանդիպմանը ներկա են գտնվել FPWC տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը, մարզի մի շարք բնակավայրերի վարչական ղեկավարներ, FPWC ներկայացուցիչներ, ինչպես նաև՝ բազմաթիվ մտահոգ բնակիչներ։
Առաջիկա 3 տարիների ընթացքում իրականացվող այս ծրագրի շրջանակում նախատեսվում են մի շարք գործողություններ, որոնք ուղղված են լինելու մարդ-արջ կոնֆլիկտի հաղթահարմանը, ինչպես նաև՝ համայնքների կայուն զարգացմանը։ Ծրագրի առաջնային նպատակներից մեկը համայնքային կարողությունների զարգացումն ու աղքատության մակարդակի կրճատումն է՝ այլընտրանքային եկամտի աղբյուրներ ձևավորելու միջոցով։ Նախատեսվում է տրամադրել էլեկտրական հովիվներ մեղվափեթակներն ու այգիները պաշտպանելու համար, տնկել և վերականգնել վայրի պտղատու այգիներ՝ ապահովելով հավելյալ սնունդ կենդանիների և բնակիչների համար, տեղադրել տեղեկատու ցուցանակներ արջերի վարքագծի վերաբերյալ, տրամադրել արջերին ոչ հասանելի աղբամաններ, նպաստել աղբահանության կանոնավոր իրականացմանը, նպաստել էկոտուրիզմի զարգացմանը՝ ներգրավվելով համայնքային բնակիչներին, իրականացնել տարածքների պահպանություն տեղի բնակիչների ներգրավմամբ։
Արդյունքում ծավալվել է ակտիվ քննարկում և պարզաբանվել են մարզի բազմաթիվ բնակիչներին հուզող հարցերը, այդ թվում՝ ծրագրի շրջանակում ի՞նչ տեսակի տնկիներ են տնկվելու, որքան ժամանակահատված է պահանջվելու պտուղներ ստանալու համար և անգամ, թե ինչպե՞ս կարելի է փշալարերի օգնությամբ ժամանակավորապես պաշտպանել այգիները։ Բնակիչները բարձրաձայնել են նաև կլիմայի փոփոխությունների հետևանքով առաջացած ջրի պակասի մասին, ինչի պատճառով ևս կենդանիները կարող են մոտենալ բնակավայրերին։ Ներկա բնակիչներից մեկը փաստել է, որ տարիներ առաջ FPWC կողմից այլ ծրագրի շրջանակում իրեն տրամադրված էլեկտրական հովիվները շատ օգտակար են եղել, քանի որ դրանց շնորհիվ նրա 40 մեղվափեթակները կրկնապատկվել են հասնելով 80-ի։ Հովիվների օգնությամբ արջերի հասցված վնասները կտրուկ նվազել են։
Ծրագրի բաղադրիչներից շատ կարևոր է կոնֆլիկտի կանխարգելումը, ինչը հնարավոր կլինի ներդրված տեխնոլոգիական լուծումների շնորհիվ, ինչպիսիք են արջերի վաղ ահազանգման համակարգերը և էլեկտրական ցանկապատերը:
«Կլիմայի փոփոխությունների ազդեցությամբ փոփոխվում է ամեն ինչ և անհրաժեշտ է, որ մարդիկ կարողանան ադապտացվել։ Այս նույն համատեքստում կենդանական աշխարհում էլ փոփոխություններ են լինում և կենդանիները նույնպես պետք է հարմարվեն»,- ասել է FPWC բնապահպանական ծրագրերի պատասխանատու Ծովինար Հովհաննիսյանը՝ շարունակելով,- «Այս երեք տարիների ընթացքում նախատեսվում է իրականացնել 50,000 վայրի պտղատու ծառերի տնկում։ Մենք ցանկանում ենք լրացնել այն ռեսուրսները, որոնք մարդիկ օգտագործում են և այդ նոր ռեսուրսները հասանելի կլինեն ինչպես ձեզ, այնպես էլ՝ կենդանիներին։ Մեր ծրագրի ամենակարևոր բաղադրիչներից մեկը համայնքի բնակիչների կարողությունների զարգացումն է, այսինքն դուք պետք է ձեռք բերեք գիտելիքներ և փորձառություն, որը շարունակաբար կկիրառեք»։
Քննարկման ընթացքում հավաքվածներն անդրադարձել են նաև մարդկանց կողմից իրենց իսկ տնտեսությունների թերի պաշտպանությանը։ Օրինակ, համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը նշել է, որ հաճախ հանդիպել է գյուղատնտեսական կենդանիների հոտերի, որոնք սարերում են եղել առանց հովվի և պահակ շան, իսկ այս դեպքում դժվար է գտնել «արջի մեղավորությունը»։ Հանդիպել է նաև դեպքերի, երբ գայլերի ոհմակի հարձակումները ներկայացվել է որպես արջի։
Ամփոփելով հանդիպումը FPWC տնօրեն Ռուբեն Խաչատրյանն ընդգծել է, որ այստեղ խնդիրն այն չէ, որ մարզի բոլոր արջերը սոված են և գալիս են գյուղ, այլ այն, որ կան սահմանափակ թվով արջեր, որոնք մոտենում են մարդկանց բնակավայրերին՝ ինչ-ինչ պատճառներով սովորել են դրան։ «Դուք պետք է հասկանաք, որ արջերին վերացնելով կամ թակարդ տեղադրելով այդ հարցը չի լուծվելու և դրա համար մենք ձեր կողքին ենք։ Մենք ամեն ինչ անում ենք, որ հնարավորինս շատ կարողանանք օժանդակել»,- եզրափակել է նա։
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ