Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի «Կենտրոն» նստավայրում, դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ որոշվեց, որ ՀՀ ՍԴ նախկին նախագահ, ներկայումս ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի գործով հաջորդ դատական նիստում ամբաստանյալների պաշտպանները կներկայացնեն իրենց պաշտպանական ճառերը:
«Սույն քրեական գործը դատարանի վարույթ է ընդունվել 2020 թվականի մարտին և գործի քննության ողջամիտ ժամկետների՝ որպես արդար դատաքննության իրավունքի բաղադրատարր, ապահովելու անհրաժեշտությունից ելնելով, դատարանը դատավարության մասնակիցների հետ դեռևս 2020 թվականին համաձայնություն է ձեռք բերել շաբաթական մեկ անգամ դատական նիստ նշանակելու վերաբերյալ։ 2024 թվականի հուլիսի 25-ի դրությամբ, այսինքն՝ երբ դատարանը որոշում է կայացրել Նորայր Փանոսյանի վերաբերյալ մասն անջատելու մասին, ընդհանուր առմամբ, դատարանի կողմից նշանակված են եղել 132 դատական նիստեր, որոնցից 73-ը հետաձգվել են ամբաստանյալների և նրանց պաշտպանների բացակայության պատճառով, որոնցից միայն 31-ը՝ ամբաստանյալ Հրայր Թովմասյանի բացակայության պատճառով»,- ընթերցեց դատավորը։
Տաթեւիկ Գրիգորյանը նաեւ հավելեց. «Հետագայում Սահմանադրական դատարանից ստացված գրությամբ պարզվել և հաստատվել է, որ դատական կազմի նիստերը նշանակվում են դատական կազմի նախագահողի կողմից, իսկ տվյալ ժամանակահատվածում նախագահողը եղել է հենց Հրայր Թովմասյանը։ Այսինքն՝ ստացվել է մի իրավիճակ, որ Հրայր Թովմասյանը դատական կազմի նիստերը նշանակել է հինգշաբթի օրերին՝ հենց իր գործով դատական նիստերի ժամերին՝ արհեստականորեն ստեղծելով դատական նիստերը հետաձգելու դատավարական հիմք, իր վարքագծով խոչընդոտելով դատական վարույթի բնականոն ընթացքը»։
Կարդացեք նաև
Նիստից հետո Հրայր Թովմասյանի պաշտպան Արամ Օրբելյանը պատասխանելով լրագրողների հարցին, թե ի՞նչ կասի մեղադրող կողմի, այնուհետեւ նաեւ դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի պնդումների մասին, թե պաշտպանական կողմը դիտավորյալ ձգձգում է դատական նիստերը, ասաց. «Սույն դատական գործի շրջանակներում ողջամիտ ժամկետները վաղուց, արդեն չորս տարի է, խախտվել են, որովհետեւ քրեական գործը չէր կարող ընդհանրապես վարույթ ընդունվել դատարանում եւ քննության առարկա դառնալ:
Քննության առարկա դառնալուց հետո մի շարք միջնորդություններ, որոնք ենթադրում էին քրեական գործի անմիջապես ավարտ, չեն քննարկվել: Այսինքն, հետաձգվել եւ առանց քննության են թողնվել, որից հետո դատաքննությունն ամբողջությամբ տեղի է ունեցել, հետազոտվել են ապացույցները:
Սույն քրեական գործի շրջանակներում ներկայացվել է առնվազն երկու միջնորդություն ՍԴ գործող նախագահի, հետո՝ գործող դատավորի անձեռնմխելիության հաղթահարված չլինելու հետ կապված: Եվ դատարանը ոչ թե արձանագրել է, որ հաղթահարվել է, ոչ թե արձանագրել է, որ չկա անձեռնմխելիություն եւ հաղթահարելու կարիք չկա, ոչ թե արձանագրել է, որ Հրայր Թովմասյանը չունի կարգավիճակ, անձեռնմխելիություն, այլ նախապես ասել է, որ այս քննությունը չենք անում՝ վերջում կանդրադառնանք:
Գործի շրջանակներում արտահայտվել է հստակ դիրքորոշում, որ այս գործը արդարադատություն իրականացնելու հետ որեւէ առնչություն չունի, սույն քրեական գործը ինքնին ստեղծվել է բացառապես ՍԴ-ում փոփոխություններ իրականացնելու համար: Դրան նույնպես անդրադարձ չկատարվեց:
Վերջին միջնորդությունը, որը ներկայացվել է, որը այն է, որ այս գործը պետք է կարճվեր այն պահին, երբ ներկայացվել է, այն է, որ գործը հարուցվել է անոնիմ գրության՝ անանուն օպերատիվ տեղեկատվության հիման վրա: Սա բացարձակապես անընդունելի է: Հարցրեք քրեական իրավունքի ցանկացած մասնագետի. անանուն տեղեկատվության հիման վրա քրեական գործ չի կարող հարուցվել: Դա բացառվում է, դա 1937 թվականն է. նամակ գրենք, չասենք ով ենք ու դրա հիան վրա՝ քրեական գործ»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ