Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Խնդրահարույց են անձնական տվյալների պաշտպանության իրավունքի տեսանկյունից». դիրքորոշում ոստիկանության մասին օրենքում լրացումների նախագծերի վերաբերյալ

Օգոստոս 22,2024 15:55

CyberHUB.am. Դիրքորոշում «Ոստիկանության մասին» օրենքում եւ հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի վերաբերյալ

  • Նախագծերի փաթեթի հիմնավորումները որոշակի եւ հստակ չեն: Օրինակ, Նախագծերի հիմնավորման մեջ մի տեղում նշված է, թե փաթեթով հստակ սահմանված է բացառապես հանրային նշանակության տարածքների նկատմամբ հսկողություն սահմանելու նպատակը եւ տեսահսկումն ու տեսագրությունը չի կարող հետապնդել որեւէ կոնկրետ անձի վերաբերյալ տեղեկատվություն հավաքելու կամ մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը սահմանափակելու նպատակ: Այնինչ, նույն հիմնավորման մեջ մեկ այլ հատվածում նշված է, որ փաթեթի ընդունման արդյունքում նաեւ հնարավորություն կառաջանա իրականացնելու այսպես կոչված «խոցելի» կամ «վտանգավոր» տարածքների վերահսկում եւ ուսումնասիրություն, ինչի արդյունքներով Ոստիկանությունը կկարողանա վերլուծել տարածքի խոցելիության պատճառները եւ մշակել համապատասխան ռազմավարություն դրանց վերացման համար:

Ավելին, հենց նախագծում տեսահսկման նպատակները շատ ավելի լայն են, քան նշված է հիմնավորման մեջ:

Եւ ավելին, նախագծերի փաթեթում Ոստիկանության կողմից սեփական նպատակներով իրականացվող վերլուծությունների մասին առհասարակ նշված չէ, փոխարենը նշված է օրենքով չարգելված նպատակներով պետական եւ ոչ պետական կազմակերպություններին վճարովի հիմունքներով անհրաժեշտ վերլուծական տվյալների տրամադրման մասին:

Կամ մեկ այլ օրինակ՝ փաթեթի հիմնավորման մեջ մի տեղ նշվում է, որ ելնելով անձնական տվյալների պաշտպանության առաջնահերթությունից՝ անձանց նույնականացումը նախատեսվում է իրականացնել բացառապես հանցագործությունների կանխման եւ բացահայտման նպատակով: Այնինչ, անմիջապես հաջորդիվ նշվում է նաեւ անհետ կորած քաղաքացիների հայտնաբերման նպատակի մասին, ինչը չի կարող իրականացվել անձանց նույնականացման:

Մի դեպքում էլ հիմնավորման մեջ նշվում է, թե տեսահսկումն ու տեսագրությունը չի կարող հետապնդել որեւէ կոնկրետ անձի վերաբերյալ տեղեկատվություն հավաքելու (…) նպատակ: Այնինչ, անձի վերաբերյալ տեղեկություն (անձնական տվյալներ) հավաքելը տվյալների հետ կատարվող գործողություն է՝ տվյալների մշակում, եւ որեւէ կերպ չի կարող տվյալների մշակման (ինքնա)նպատակ լինել:

Նման անորոշ, միմյանց հակասող պատճառաբանություններով/նպատակներով տվյալների մշակում նախատեսող նախագծերն ինքնին անընդունելի են:

 ԱռաջարկՆախագծերում եւ դրանց հիմնավորման մեջ անհրաժեշտ է հստակեցնել տեսահսկման նպատակներն այնպես, որ դրանք լինեն սպառիչ, կոնկրետ, բխեն ոստիկանության լիազորություններից:

  • Նախագծերի փաթեթում նշված է օրենքով չարգելված նպատակներով ի թիվս այլնի պետական կազմակերպություններին վճարովի հիմունքներով անհրաժեշտ վերլուծական տվյալների տրամադրման մասին, այնինչ Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

Նույն դրույթում պարզ չէ, թե ինչու սահմանված չէ վերլուծությունն ապանձնավորված իրականացնելու կանոնը: Նախագծի նման բացը խնդրահարույց է համաչափության սկզբունքի տեսանկյունից:

 ԱռաջարկՆախագծերում անհրաժեշտ է տեսահսկման նպատակները վերախմբագրել այնպես, որ բացառվեն առերեւույթ հակասահմանադրական եւ անհամաչափ նպատակներով տվյալների մշակման հնարավորությունները:

  • Նախագծերի փաթեթով նախատեսվում է անձանց տվյալների անսահմանափակ եւ անընդհատ մշակում, միաժամանակ որեւէ կերպ հիմնավորված չէ այդպիսի մշակման պիտանիությունը, անհրաժեշտությունը եւ չափավորությունը: Որպես հիմնավորում հիմնականում նշվում են ոստիկանության այս կամ այն լիազորության իրականացումը, սակայն պարզ չէ, թե ինպե՞ս են համաչափության սկզբունքի տեսանկյունից ընտրվել տեսահսկման այս կամ այն պայմանները, տեսահսկման տեսադաշտը, տեսագրությունների պահպանման ժամկետը, տեսաահսկման վայրերը եւ այլն:

Ավելին, թեեւ փաթեթի հիմնավորման մեջ նշվում է, որ սովորաբար տեսանկարահանման եւ տեսահսկման հնարավորությունները համամասնորեն բաժանված չեն լինում երկրի ամբողջ տարածքով, այլ առավել կենտրոնացված են լինում քաղաքային տարածքներում եւ հանրային կարեւոր նշանակություն ունեցող վայրերում, սակայն նախագծերի փաթեթը վերաբերում է ՀՀ ամբողջ տարածքի տնտեսվարողներին՝ անկախ գործունեության վայրից, տվյալ վայրում հանցագործությունների թվից, հաճախությունից եւ այլ նախատեսվող համաչափության այլ օբյեկտիվ պայմաններից: Նման պայմաններում նախագծերի փաթեթով առաջարկվող տվյալների մշակումը համաչափությունը որեւէ կերպ հիմնավորված չէ:

 ԱռաջարկՆախագծերում անհրաժեշտ է տնտեսվարողների շրջականը եւ տեսահսկման պայմաններն անհրաժեշտ է վերախմբագրել այնպես, որ չհակասեն համաչափության սկզբունքին, լինեն սահմանված նպատակների համար ոչ միայն պիտանի եւ անհրաժեշտ, այլ նաեւ չափավոր:

  • Նախագծերի փաթեթը հաշվի չի առնում տեսահսկմամբ ստացվող տվյալների օբյեկտիվ զգայունությունը եւ այդպիսի զգայուն տվյալների մշակման համար օրենսդրությամբ սահմանված առանձնահատկությունները: Օրինակ, Նախագծերի փաթեթով ոստիկանությունն իրավունք է ստանում պահանջելու եւ ստանալու տեսագրություններ, ունենալու հասանելիություն բանկերի կամ շտապ օգնության բնագավառի լիազոր մարմինների տեսահսկման համակարգերին: Այս դեպքում առերեւույթ խոսք է գնում համապատասխանաբար բանկային եւ բժշկական գաղտնիքի մասին, որոնց իրավապահ մարմինների հասանելիության համար գործող օրենսդրությամբ հատուկ պայմաններ են նախատեսված: Նախագծերի փաթեթն ընդհանրապես անտեսում է նշված տվյալների՝ գաղտնիքի կարգավիճակը եւ դրանց հասանելիության համար օրենսդրությամբ սահմանված առանձնահատկությունները:

 ԱռաջարկՆախագծերում անհրաժեշտ է առհասարակ բացառել ընդհանուր կարգով զգայուն անձնական տվյալների մշակման հնարավորությունը կամ առնվազն նախատեսել զգայուն տվյալների մշակման իրավաչափության երաշխիքներ՝ հատուկ պայմաններ, որոնք համահունչ կլինեն նաեւ ոլորտային գործող օրենսդրությանը:

  • Մարդու պատկերն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի իմաստով կենսաչափական անձնական տվյալ է: Ըստ այդմ, նախագծերի փաթեթով նախատեսվում է կենսաչափական անձնական տվյալների մշակում: «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝ կենսաչափական անձնական տվյալներ մշակվում օրենքով կարող է նախատեսվել, եթե օրենքով հետապնդվող նպատակը հնարավոր է իրականացնել միայն այդ կենսաչափական տվյալները մշակելու միջոցով: Նախագծերի փաթեթում եւ դրա հիմնավորման մեջ առհասարակ բացակայում է որեւէ հիմնավորում, թե ինչու ոստիկանության նպատակներին հնարավոր չէ հասնել այլ՝ ավելի նվազ միջամտող միջոցներով, այդ թվում՝ «Ոստիկանության մասին» օրենքի 22–րդ հոդվածով նախատեսված տեխնիկական միջոցների կիրառմամբ, նույն հոդվածով սահմանված՝ հանրային կամ մասնավոր վայրերում տեսանկարահանող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ տեղադրելու կամ մասնավորի տեխնիկական միջոցներին հասանելիություն ստանալու գործող ընթացակարգերով:

Նման հիմնավորման բացակայության պայմաններում առհասարակ տպավորություն է, թե ՆԳՆ-ն պարզապես փորձում է նշված օրենսդրական նախաձեռնությամբ մասնավորին պարտավորեցնել ոստիկանության համար գնել տեխնիկական միջոցներ:

 ԱռաջարկՆախագծերում անհրաժեշտ է դիտարկել տեսահսկման համակարգեր տեղադրելու եւ ոստիկանությանը դրանց հասանելիություն տալու տնտեսվարողների իրավունքը, այլ ոչ թե պարտականությունը: Տեսահսկման համակարգերի ապահովման եւ կիրառման բեռը չպետք է պարտադիր լինի տնտեսվարողի համար: Փոխարենը, կարելի է Նախագծերով նախատեսել նման տեսահսկման համակարգեր կիրառելու եւ ոստիկանությանը դրանս հասանելիություն տալու խրախուսանքի միջոցներ:

  • Նախագծերում առհասարակ նախատեսված չեն տվյալների անվտանգության կազմակերպչական միջոցառումները եւ տվյալների մշակման բոլոր պայմանները:

Օրինակ, պարզ չեն Նախագծերի փաթեթով տեսահսկման համակարգեր տեղադրելու պարտականություն ստանձնող անձանց եւ ոստիկանության հարաբերություններն անձնական տվյալների պաշտպանության ոլորտում, այդ թվում՝ ինչ հասանելիություն է ունենալու տեսագրություններին տնտեսվարողը, ինչպե՞ս են օրենքով սահմանված նպատակները տարածվելու նրանց վրա, ինչպե՞ս են այդ տեխնիկական միջոցները համարվելու ծառայողական եւ ինչպե՞ս են ապահովվելու այդ տեխնիկական միջոցների համապատասխանությունը ծառայողական տեխնիկական միջոցների որակական պահանջներին եւ այլն:

Նաեւ, օրինակ, պարզ չեն, թե ինչպես են վերահսկվելու տեսահսկման տեղեկատվական համակարգերում իրականացվող անօրինական գործողությունները, պարզ չէ տվյալներին ծանոթանալու իրավունք ունեցող ոստիկանության պաշտոնատար անձանց ցանկը, տվյալներից օգտվելու, տվյալները պահպանելու, ոչնչացնելու կարգը, սահմանված չէ տեսահսկման տեղեկատվական համակարգերում իրադարձությունների էլեկտրոնային գրանցման (electronic event logs) պահանջ եւ այլն:

ԱռաջարկՆախագծերում անհրաժեշտ է սահմանել տվյալների անվտանգության կազմակերպչական միջոցառումներ՝ որպես անվտանգության երաշխիք, այդ թվում, բայց չսահմանափակվելով տեղեկատվական համակարգում դերակատար ունեցողների իրավունքներն եւ պարտականությունները սահմանելով, տեղեկատվական համակարգում իրադարձությունների արձանագրման (լոգավորման) պահանջ սահմանելով եւ այլն:

  • Պարզ չեն տեսահսկմամբ մշակվող տվյալների անվտանգության տեխնիկական երաշխիքները եւ այդ երաշխիքների ապահովման պարտականությունները:

Դրանք նախագծերի փաթեթով ընդհանրապես նախատեսված չեն, իսկ փաթեթի հիմնավորման մեջ նշված է միայն, որ տեսահսկման համակարգերի անվտանգությունը եւ անձնական տվյալների պաշտպանությունն ապահովելու նպատակով նախատեսվում է լավագույն եւ գերժամանակակից կիբեռանվտանգության միջոցների կիրառում:

Այս ձեւակերպումն ավելի շատ հարցեր է առաջացնում՝ ո՞րն է գերժամանակակիցը, ինչքա՞ն ժամանակը մեկ են թարմացվելու այդ միջոցները՝ գերժամանակակից համարվելու համար, ո՞րն է կիբեռանվտանգության լավագույն միջոցը, ի՞նչ չափանիշներով է գնահատվելու այդ լավագույնը, ո՞վ է ապահովելու այդ միջոցների կիրառումը եւ ընթացիկ սպասարկումը եւ այլն:

ԱռաջարկՆախագծերում անհրաժեշտ է սահմանել տվյալների անվտանգության տեխնիկական միջոցառումներ՝ որպես անվտանգության երաշխիք, այդ թվում, տեսահսկման տեղեկատվական համակարգի օպերացիոն եւ կիրառական ծրագրային ապահովումների ոչ իրավաչափ գործողություններ կատարելու սպառնալիքները կանխող պահանջներ եւ պայմաններ սահմանելով:

  • Առկա չեն նախագծերի փաթեթով առաջարկվող կարգավորման պատշաճ կիրառման համար բարենպաստ միջավայր եւ երաշխիքներ:

Օրինակ, արդեն մի քանի տարի է, ինչ պետք է ընդունվեր, սակայն չի ընդունվել «Ոստիկանության մասին» օրենքի 22-րդ հոդվածի վերջին պարբերությամբ նախատեսվածտեսանյութերի և լուսանկարների պահոց մուտք գործելու և տվյալներին ծանոթանալու իրավունք ունեցող ոստիկանության պաշտոնատար անձանց ցանկը, տվյալներից օգտվելու, տվյալները պահպանելու, ոչնչացնելու կարգը, տեսանկարահանող, լուսանկարահանող, տեսաձայնագրող տեխնիկական միջոցների ցանկը, շարժական տեխնիկական միջոցներ օգտագործելու վերաբերյալ որոշում կայացնող պաշտոնատար անձանց շրջանակը սահմանողԼիազոր մարմնի ղեկավարի հրամանը:

Գործնականում օրենսդրության պահանջների խախտմամբ է իրականացվում (ըստ այդմ՝ օրենսդրությամբ պատշաճ չեն կարգավորվում) ոստիկանության ծառայողների կողմից կիրառվող մի շարք տեխնիկական միջոցներով իրականացվող տվյալների մշակումը:

Դեռեւս մեծ է ի թիվս այլնի նաեւ ոստիկանության ծառայողների շրջանում անձնական տվյալների մշակման կանոնների չիմացությունը եւ իրազեկվածությունը եւ այլն:

ԱռաջարկԱնհրաժեշտ է նախատեսել նման տեսահսկման տեղեկատվական համակարգի պատշաճ եւ անվտանգ կիրառման երաշխիքներ՝ միջոցառումներ, մասնավորապես, զուգահեռաբար վերացնել ոստիկանության կողմից արդեն իսկ կիրառվող տեխնիկական միջոցների օրենսդրական կարգավորման բացերի խնդիրները, ինչպես նաեւ իրականացնել առհասարակ տվյալների պաշտպանության եւ կիբեռանվտանգության եւ մասնավորապես ոստիկանության ծառայողի տեխնիկական միջոցներով տվյալների մշակման իրազեկման միջոցառումներ ոստիկանության ծառայողների համար:

Եզրակացություն.

Վերոնշյալ դիտողությունները եւ առաջարկությունները վկայում են, որ Ազգային ժողովում քննարկվող խմբագրությամբ «Ոստիկանության մասին» օրենքում եւ հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը խնդրահարույց են անձնական տվյալների պաշտպանության իրավունքի տեսանկյունից, առաջարկվող կարգավորումները պատշաճ հիմնավորված չեն, հակասում են տվյալների մշակման սկզբունքներին եւ անհամաչափ են մարդկանց իրավունքներին միջամտության տեսանկյունից: Որպես ընդհանուր առաջարկ՝ առաջարկում ենք նախագծերը չընդունել եւ վերադարձնել լրամշակման։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031