Լրահոս
Օրվա լրահոսը

Ծաղկաձորում հողակտորները պետք է աճուրդ–վաճառքով օտարվեին, եթե կարևորությունը գնորդի անձին չտրվեր. «Հետք»

Օգոստոս 22,2024 14:58

«Հետք». Վերջին երեք տարիներին հողի վաճառքը մեծ չափերի է հասել Ծաղկաձորում։ Պահանջարկ ունեն բնակելի կառուցապատման նշանակության հողամասերը, որովհետև իշխանություն և փող ունեցողները քաղաքում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրներ են կառուցում։ Հանգստյան և տուրիզմի քաղաք Ծաղկաձորի հողերի մեծ մասն իրենց նշանակությամբ հատուկ պահպանվող հանգստյան գոտու և անտառային հողեր են։ Համայնքապետարանը մի կողմ է դրել քաղաքի գլխավոր հատակագիծը և վաճառքի է հանել այդ հողամասերը։

Համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանը հողերի վաճառքն իրականացում է մի մասը՝ աճուրդի անվան տակ, մի մասը՝ ուղղակի վաճառքով։ Վաճառքի այդ ձևերի միջև եղած տարբերությունը վաղուց վերացել է՝ պայմանավորված այն հանգամանքով, թե ով է գնորդը։ Երկու դեպքում էլ հողամասերը վաճառում են կադաստրային արժեքով։ Աճուրդ–վաճառքների ժամանակ սակարկողներ չեն եղել, բայց, չգիտես ինչու, որոշ դեպքերում կադաստրային արժեքին մի փոքր գումար են հավելել։

2023թ․-ից մինչ օրս Ծաղկաձոր համայնքի ավագանին համայնքապետ Նարեկ Հարությունյանի առաջարկով համայնքային հողերն ուղղակի վաճառքով օտարելու 16 որոշում է կայացրել։ Գնորդները պատահական մարդիկ չեն․ «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության անդամ, Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանի որդին՝ Մեխակ Միքայելյանը, Երևանի տնտեսագիտության համալսարանի դասախոս Նարեկ Կեսոյանը, «Շենգավիթ» ԲԿ-ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Ուռումյանը, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանի և Վաղարշակ Հակոբյանի հետ կապվող ընկերությունը եւ այլք։

Հողային օրենսգրքով նախատեսված՝ հողամասն ուղղակի վաճառքով օտարելու կիրառումն ապահովելու նպատակով կառավարության 2016թ․ N 550-Ն որոշումը թույլ է տալիս ընդլայնման նպատակով հողամասն օտարել ուղղակի վաճառքով, եթե անհնար է այն որպես առանձին գույքային միավոր օտարել աճուրդային կարգով։ Սույնով անհնարինությունը որոշելու չափորոշիչներ են սահմանվել, և Ծաղկաձորի համայնքապետը ավագանու հաստատմանը ներկայացրած որոշման նախագծերը հիմնավորելու համար մեջբերումներ է կատարել այդ որոշումից։

Ուղղակի վաճառքով օտարված հողակտորներից մի քանիսի չափերը և գտնվելու դիրքն ակնհայտորեն ցույց են տալիս, որ դրանք ամենևին չեն համապատասխանում կառավարության N 550-Ն որոշումով ուղղակի վաճառքի համար սահմանված պահանջներին։ Օտարվող հողակտորներն առանձին գույքային միավոր են և պետք է աճուրդ–վաճառքով օտարվեին, եթե կարևորությունը գնորդի անձին չտրվեր։

Ծաղկաձոր համայնքի ավագանին 2023թ․ մայիսին ընդունած որոշումով Երևանի տնտեսագիտության համալսարանի դասախոս Նարեկ Կեսոյանի սեփական հողամասին կից հատուկ պահպանվող տարածքների հանգստի համար նախատեսված 2000 քմ հողամասը ուղղակի վաճառքով, որպես ընդլայնում օտարել է նրան։ Հողամասը Ն․ Կեսոյանին վաճառվել է կադաստրային արժեքով՝ 32 մլն 353 հազար դրամ։ Համայնքի ղեկավարի 2023թ․ N 507 որոշումով Ն․ Կեսոյանի հողատարածքները միավորվել են, և 4000 քմ մակերեսով հողամասին նոր հասցե է տրամադրվել։

Ավագանու անդամներից երեքը դեմ են քվեարկել այս նախագծին, սակայն այդ նիստի տեսագրությունը տեղադրված չէ կայքում, որ տեղեկանանք դեմ քվեարկելու պատճառների մասին։ Համենայնդեպս, համոզիչ չեն համայնքի ղեկավարի ներկայացրած նախագծի՝ կառավարության 2016 թ․–ի N 550-Ն որոշման երեք կետերով հիմնավորումները, որ ընդլայնման նպատակով Ն․ Կեսոյանին տրամադրված 2000 քմ հողամասն անհնար էր որպես առանձին գույքային միավոր օտարել աճուրդով։

Սառա Պետրոսյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031