Լրահոս
Օրվա լրահոսը

3 բացառիկ գիրք, խաղեր՝ գումարած մուլտֆիլմերի երաժշտություն. մեկնարկում է «Դեպի դպրոց» մանկապատանեկան գրքի փառատոնը

Օգոստոս 22,2024 14:49

«Օգոստոսի 24-ին բոլոր ընթերցասեր երեխաներին ու նրանց ծնողներին հրավիրում ենք «Երազ» այգի, որտեղ արդեն երկրորդ անգամ անցկացվելու է «Դեպի դպրոց»՝ / BACK TO SCHOOL ամենամյա մանկապատանեկան գրքի փառատոնը: Այդ օրն ունենք երեք գիրք: Իսկ այս մեկ տարվա ընթացքում «Երազ» մատենաշարը հրատարակել է եւս 10 գիրք »,-«Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց «Նյու Մեգի» ծրագրերի եւ «Երազ» մատենաշարի ղեկավար Գոհար Մանուկյանը:

Գոհար Մանուկյան

Նա հավելեց, որ բացի այդ գրքերի ներկայացումից, ունենալու են մշակութային հագեցած երեկո՝ տարբեր խմբերի մասնակցությամբ, այս անգամ փառատոնին է միացել նաեւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ հետաքրքիր ծրագրով: Նախատեսված են տարբեր զարգացման խաղեր երեխաների համար, միջոցառման ժամանակ հանդես կգա նաեւ «Օրրան» բարեգործական կազմակերպության երգչախումբը, Արցախի երեխաները:

Անի Հակոբյան

Գրական ծրագրերի ղեկավար Անի Հակոբյանը խոսեց «Երազ» մատենաշարի երեք գրքերից: Դրանք են Սեսիլիա Հեյկիլյայի «Վերջին ամրակետը», Եվգենի Վելտիստովի ամենահայտնի գիրքը՝ «Էլեկտրոնիկի արկածները» եւ Ջեֆ Քիննի «Վտվտիկի օրագրի» երկրորդ հատորը: «Վտվտիկի օրագիրը» համաշխարհային բեսթսելլեր է, վաճառվել մոտ 300 միլիոն օրինակով, թարգմանվել 5 տասնյակ լեզվով, 6 տարի անընդմեջ գիրքն արժանացել է Nickelodeon Kids Choice մրցանակին։

Լիլիթ Հարությունյան

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մարքետինգի եւ հաղորդակցության ղեկավար Լիլիթ Հարությունյանը, ի թիվս այլնի տեղեկացրեց, որ «Դեպի դպրոց»՝ / BACK TO SCHOOL ամենամյա մանկապատանեական գրքի փառատոնին մասնակցում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի լարային կվինտետը, որը երեխաներին պարգեւելու է սիրված մուլտֆիլմերի՝ դասական հնչողությամբ կատարումներ: Նա հորդորեց ծնողներին գալ եւ երեխաների հետ վայելել բացօթյա բացառիկ համերգը: «Կարծում եմ՝ սա շատ կարեւոր գործակցության սկիզբ կարող է դառնալ «Նյու Մեգի» հետ: Նա հավելեց, որ Սիմֆոնիկ Դաս Ա կրթական ծրագրի թիմը եւս ներկայանալու է երեխաներին, ինտերակտիվ խաղերով, նվերներով ներկայացնելու է դասական երաժշտությունը: Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031