Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության խթանման ծրագրերը: «Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության խթանման ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է հանրապետության անասնաբուծության տարբեր ճյուղերի զարգացումը խթանելու նպատակով պետական աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ։ «Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության խթանման ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծում ներկայացվել են անասնաբուծությանն առնչվող հետևյալ ծրագրերը՝ 1․ «Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների ծրագիրը», որի նպատակն է տնտեսավարողների կողմից ձեռք բերվող 10000 գլուխ տոհմային մանր եղջերավոր կենդանիների համար պետական միջոցներից հատկացնել ձեռք բերված կենդանիների արժեքի 50 %-ի չափով փոխհատուցում; 2. «Մթերատվության բարձրացման փորձնական ծրագիրը», որի կարգավորման նպատակն է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Սյունիքի և Տավուշի մարզերում 2024-2025 թվականներին իրականացնել փորձնական ծրագիր՝ կովերի արհեստական սերմնավորման գործընթացի միջոցով բարելավելով տավարի տոհմային հատկանիշները և բարձրացնելով կենդանիների մթերատվությունը։ Ծրագրով նախատեսվում է սուբսիդավորել կովերի արհեստական սերմնավորման ծախսերի շուրջ 70%-ը՝ յուրաքանչյուր սերմնավորման համար պետական միջոցներից հատկացնելով 10000 դրամ; 3. «Մեղվաբուծության զարգացման փորձնական ծրագիրը», որի նպատակն է ՀՀ մարզերում խթանել մեղվաբուծությունը՝ պետության կողմից տրամադրելով 10000 մեղվաընտանիքների ձեռքբերման արժեքի 50 %-ը։ «Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների ծրագրի» իրականացման արդյունքում 2024-2028 թվականների ընթացքում հանրապետություն կներկրվի 10000 գլուխ ոչխարի և այծի համաշխարհային լավագույն ցեղերի տոհմային կենդանիներ, որոնք կօգտագործվեն տեղական ցեղերի տոհմային և մթերատու հատկանիշները բարելավելու նպատակով: Ներկրված ցեղերի գենետիկական ներուժի օգտագործման շնորհիվ տեղական ցեղերի ոչխարների պտղատվությունը կբարձրանա 20%-ով, կենդանի զանգվածը՝ շուրջ 15 կգ-ով, իսկ այծերինը՝ 6-7 կգ-ով: Միայն ներկրված կենդանիներից ծրագրի ավարտից հետո տարեկան կստացվի շուրջ 20 հազար գլուխ բարձր մթերատու և տոհմային հատկանիշներով օժտված սերունդ: Ընդհանուր առմամբ, գրեթե 25%-ով կավելանան ոչխարաբուծությունից և այծաբուծությունից ստացվող արտադրանքի ծավալները կամ տարեկան լրացուցիչ կարտադրվի շուրջ 3,5 մլրդ ՀՀ դրամ արժեքով ոչխարաբուծական և այծաբուծական արտադրանք: «Մթերատվության բարձրացման փորձնական ծրագրի» իրականացումը թույլ կտա Արագածոտնի, Գեղարքունիքի, Սյունիքի և Տավուշի մարզերում լիարժեք կազմակերպել տավարի վերարտադրությունը և բարձրարժեք կենդանիներով համալրել տավարի նախիրները, ինչի շնորհիվ կովերի միջին կաթնատվությունը կավելանա գրեթե 1100 կգ-ով և կկազմի շուրջ 3600 կգ, իսկ բտվող տավարի միջին կենդանի զանգվածը կավելանա գրեթե 30 կգ-ով՝ հասնելով 350 կգ-ի։ Արդյունքում, ծրագրի ավարտին հաջորդող ժամանակահատվածում մարզերում տարեկան հավելյալ կարտադրվի շուրջ 31 հազար տոննա կաթ և 1000 տոննա՝ բտված տավարի և հորթի միս կամ ծրագրի իրականացման շնորհիվ երկրում տարեկան լրացուցիչ կարտադրվի 8,2 մլրդ դրամ արժեքով բարձրորակ կաթ և միս։ «Մեղվաբուծության զարգացման փորձնական ծրագրով» նախատեսված միջոցառումների իրականացման արդյունքում Հայաստանի Հանրապետության մարզերում կհամալրվեն շուրջ 10000 մեղվաընտանիքներով, տարեկան կարտադրվի առնվազն 300000 կգ հավելյալ բարձրորակ մեղր, հնարավորություն կընձեռվի արդյունավետ օգտագործել սահմանամերձ բնակավայրերի չօգտագործվող բնական կերահանդակները և պահպանել արժեքավոր բույսերի տեսակային կազմը:
Թեմայի առնչությամբ վարչապետ նշել է. «Ըստ էության ստացվում է, որ մենք անասնաբուծության հետ կապված տարբեր ծրագրերը կոնսոլիդացնում ենք, գոնե մասամբ, որովհետև ինչ-որ բան այնուամենայնիվ դուրս է մնում, որովհետև, օրինակ, խեցգետնագործության ծրագիր ունենք, որը ինտեգրված չէ»: Այս առումով՝ Կառավարության ղեկավարն առաջարկել է ինտեգրել անասնաբուծության հետ կապված բոլոր ծրագրերը մի որոշման մեջ և հավելել, որ խեցգետնագործության հետ կապված որոշումից հետո, շուկայում որոշակի արձագանք նկատելի է, քանի որ որոշակի ակտիվացում է նկատվում:
«Ոչխարաբուծության հետ կապված՝ շատ կարևոր ծրագիր է, որովհետև ակնհայտ է, որ ոչխարաբուծությունը գյուղատնտեսության ամենաեկամտաբեր ոլորտներից է, բայց մենք այդպես էլ չենք կարողանում այստեղ մեր քաղաքացիներին քաջալերել, որպեսզի մեծ քանակով ոչխարաբուծությունը զարգանա»,-ասել է Նիկոլ Փաշինյանը և այս առումով կարևորել «կաբինետից» դուրս աշխատանքը, գյուղացիների հետ շփումները, նրանց կողմից բարձրացվող խնդիրներին ծանոթանալը:
Կարդացեք նաև
Անդրադառնալով որոշման այն կետին, ըստ որ ծրագիրն իրականացվում է Արագածոտնի, Գեղարքունիքի, Սյունիքի և Տավուշի մարզերում, վարչապետն առաջարկել է փորձագիտական խմբերի հետ քննարկել և բացառող փաստարկների բացակայության դեպքում, մյուս մարզերում ևս ծրագիրն իրականացնել:
Կպարզեցվի էլեկտրոնային հարթակների միջոցով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող ֆիզիկական անձանց հարկային մարմնում հաշվառումը
Կառավարության որոշմամբ, կատարվել են լրացումներ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 8-ի «Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային մարմնում հաշվառման պարզեցված կարգը սահմանելու մասին» N 922-Ն որոշմամբ սահմանված հավելվածում: ՀՀ կառավարության 08․06․2023թ․ N922-Ն որոշմամբ սահմանված է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային մարմնում հաշվառման պարզեցված կարգը։ Կարգի համաձայն՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային մարմնում պարզեցված հաշվառման համար անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ֆիզիկական անձանց հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի անձնական գրասենյակից ներկայացվում է «Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային մարմնում հաշվառման» դիմում։ Դիմումը ներկայացնելուց հետո հարկային մարմնի տեղեկատվական համակարգը դիմողին մեկ աշխատանքային օրվա ընթացքում շնորհում է հարկ վճարողի հաշվառման համար։ Էլեկտրոնային հարթակների միջոցով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող ֆիզիկական անձանց հարկային մարմնում հաշվառումը պարզեցնելու նպատակով նախատեսվում է, որ էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող անձանց կողմից ներկայացված տեղեկատվության հիման վրա ֆիզիկական անձինք հաշվառվելու են հարկային մարմնում։ Որոշմամբ նախատեսվում է, որ էլեկտրոնային հարթակների միջոցով ուղևորափոխադրման ծառայությունների մատուցման դեպքում ուղևորափոխադրման ծառայություն մատուցող ֆիզիկական անձինք հաշվառվում են հարկային մարմնում՝ էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող անձանց կողմից հարկային մարմին ֆիզիկական անձանց վերաբերյալ ներկայացված տեղեկության հիման վրա։
Քննարկում է ծավալվել ուղևորափոխադրման ծառայության որակի հսկողության, լիցենզավորման գործընթացի պարզեցման, սակայն որակի չափանիշների պահպանումը խստացնելու հետ կապված հարցերի շուրջ: «Պարզ է, որ որոշակի դժգոհություններ լինելու են, բայց ես էլի ուզում եմ, որ մենք հարցը դիտարկենք մեր ռազմավարությունների և հայեցակարգերի տրամաբանությամբ: Մենք կարծում ենք, որ այստեղ պետք է պետական տրամաբանությունն աշխատի և այո՛, պետության կայացման և նրա կարիքների հասցեագրման հարցում բոլոր քաղաքացիները, այդ թվում՝ տաքսու վարորդներն օրենքով սահմանված կարգով պետք է մասնակցություն ունենան»,-հավելել է Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության ղեկավարը հանձնարարել է որոշման հետ կապված անհրաժեշտ իրազեկման արշավներ կազմակերպել և տեղեկացնել հանրությանը:
Հանրային խորհրդի կազմում կձևավորվի փաստահավաք գործունեություն իրականացնող հանձնաժողով
Գործադիրը հավանություն է տվել «Հանրային խորհրդի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: ««Հանրային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքի»» նախագծով սահմանվել են՝ 1) Հանրային խորհրդի շրջանակներում գործող Փաստահավաք հանձնաժողովի ստեղծման և գործունեության նպատակներն ու սկզբունքները, մասնավորապես` Հայաստանի Հանրապետությունում Փաստահավաք հանձնաժողովի ստեղծումը ուղղված է նախ և առաջ 1991 թվականի սեպտեմբերից մինչև 2023 թվականը ներառյալ տեղի ունեցած` դեպքերի և իրադարձությունների շրջանակում կամ դրանց հետևանքով տեղի ունեցած՝ մարդու իրավունքների հիմնարար և պարբերական խախտումների վերաբերյալ փաստերի հավաքագրմանը և ուսումնասիրմանը, որը պետք է գործի հետևյալ սկզբունքների հաշվառմամբ` օբյեկտիվություն և անկողմնակալություն, քաղաքական չեզոքություն, կոլեգիալություն, հանրային հաշվետվողականություն և թափանցիկություն, համագործակցություն, 2) Փաստահավաք հանձնաժողովի իրավասությունների շրջանակը և լիազորությունները, մասնավորապես` Փաստահավաք հանձնաժողովի կողմից ուսումնասիրվող դեպքերը և իրադարձությունները պետք է ներառեն՝ ա. համապետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների և հանրաքվեների կազմակերպում և անցկացում, բ. հետընտրական գործընթացներում տեղի ունեցած քաղաքական հետապնդումներ, գ. հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումներ, դ. անձանց սեփականության իրավունքից զրկելու այլ դրսևորումներ, ե. ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքեր, զ. հավաքների ազատության իրավունքի խախտումների դեպքեր: Թվարկված դեպքերի ուսումնասիրության համար Փաստահավաք հանձնաժողովը լիազորված է անձից հայցել դեպքերի և իրադարձությունների տեղեկություններ, իրավասու մարմնի համաձայնությամբ կազմակերպել այցելություններ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց ստորաբաժանումների գտնվելու վայրեր, ցանկացած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից կամ դրանց պաշտոնատար անձանցից օրենքով պահպանվող գաղտնիքի վերաբերյալ օրենսդրության սահմաններում հայցել դեպքերին, իրադարձություններին և խախտումներին առնչվող անհրաժեշտ նյութեր ու փաստաթղթեր` անկախ նյութական կրիչի ձևից և տեսակից, ծանոթանալ քրեական, քաղաքացիական, վարչական և կարգապահական իրավախախտումների վերաբերյալ այն գործերին, որոնց վերաբերյալ դատավճիռները, վճիռները և որոշումներն օրինական ուժի մեջ են մտել, ինչպես նաև այն նյութերին, որոնց կապակցությամբ մերժվել է այդ գործերի հարուցումը և իրականացնելու այլ գործողություններ: 3) Փաստահավաք հանձնաժողովի կազմավորման կարգը և կառուցվածքը, անդամներին ներկայացվող պահանջները, մասնավորապես` Փաստահավաք հանձնաժողովը գործելու է մինչև իր եզրափակիչ զեկույցի հրապարակումը, որի համար սահմանված է երկու տարի ժամկետ (որը ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով կարող է երկարաձգվել), իսկ նրա անդամները ընտրվելու են Հանրային խորհրդի կողմից, 4) Փաստահավաք հանձնաժողովի աշխատանքի կազմակերպման և գործունեության կարգը, նախատեսվում է իրականացնել նիստերի միջոցով, 5) Փաստահավաք հանձնաժողովի կողմից զեկույցների կազմման և հրապարակման կարգը, մասնավորապես` Նախագծով նախատեսվում է, որ Փաստահավաք հանձնաժողովը իր գործունեության արդյունքում կազմելու է եզրափակիչ զեկույց, որը պարունակելու է խախտումների նկարագրությունը և Փաստահավաք հանձնաժողովի եզրակացություններն ու առաջարկությունները, իսկ ընթացիկ աշխատանքների ամփոփման և հրապարակայնության ապահովման նպատակով նախատեսվում է միջանկյալ զեկույցներ ներկայացնելու կարգը: Փաստահավաք հանձնաժողովի եզրափակիչ զեկույցը Հանրային խորհրդի հաստատումից հետո ներկայացվելու է Կառավարություն: Որոշմամբ հստակեցվել են նաև Հանրային խորհրդի կազմավորման և գործունեության ժամկետները: Որոշման ընդունմամբ ակնկալվում է երաշխավորել Հանրային խորհրդի կողմից Փաստահավաք հանձնաժողովի տեսքով փաստահավաք գործունեություն իրականացնող հանձնաժողովի կազմավորումը և գործունեության իրականացումը, որի միջոցով հնարավոր կլինի անդրադառնալ և անցյալում տեղի ունեցած իրադարձություններին և միջոցներ ձեռնարկել անձանց խախտված իրավունքների պաշտպանության ուղղությամբ:
Թեմայի շրջանակում վարչապետը հավելել է. «Այո՛, սա և՛ քաղաքական հանձնառություն է, և՛ անհրաժեշտություն: Բայց ես գիտեմ, որ նաև կլինեն քննադատություններ, որ սա ուշացած որոշում է: Եվ այդ քննադատությունը ոչ օբյեկտիվ անվանել դժվար կլինի: Այս ընթացքում մենք փաստահավաք գործառույթ ունենալու քաղաքական կամքի հետ որևէ խնդիր չենք ունեցել, բայց այս վերջին 6 տարիների ընթացքում անընդհատ քննարկվել է, և ամեն անգամ ինստիտուցիոնալ բնույթի պրոբլեմներ են եղել, թե որ մարմնում ինչպես ձևավորվի, ինչպես աշխատի, որտեղ լինի: Այդ հետաձգումը եղել է բացառապես սրա հետ կապված, որպեսզի նաև նրա աշխատանքի լեգիտիմության հետ կապված խնդիրներ չառաջանան, սահմանադրականության հետ կապված խնդիրներ չառաջանան և այլն: Մյուս կողմից էլ պետք է արձանագրել, որ այն փաստերը, որոնք ենթադրաբար պետք է ուսումնասիրի հանձնաժողովը, այդ փաստերն իրենց տեղում են: Այսինքն՝ այդ փաստերը 3 տարի առաջ էլ էին այն նույն տեղում, ինչ հիմա են: Այդ փաստերը ոչ մեկ չի վերցրել և «ա» կետից «բ» կետ չի տեղափոխել: Որոշում կայացնելը դեռ հարցի մի մասն է, պետք է նաև արդյունավետ իրագործվի: Հույս ունեմ, որ դրա արդյունավետ իրագործումը նույնպես տեղի կունենա: Քանի որ խոսքը օրենքի նախագծի մասին է, խորհրդարանական հարթակում, համոզված եմ, որ շատ ավելի մանրամասն քննարկում տեղի կունենա, և նաև մեր հանրությունը դրա մասին առավել մանրամասն տեղեկություններ կստանա»:
Քայլեր են ձեռնարկվել համայնքներում վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման ոլորտի բարելավման ուղղությամբ
Գործադիրի որոշմամբ առաջարկվում է փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի N 1281-Ն որոշման մեջ՝ վերանայելով համայնքներում վճարովի ավտոկայանատեղերի զբաղեցրած տարածի կարմիր գույնի գետնանշումով սահմանազատման վերաբերյալ պահանջը՝ նախատեսելով վճարովի ավտոկայանատեղերի զբաղեցրած տարածքների սահմանազատման տարբերակված գունային գետնանշման ձև, ինչը հնարավորություն կտա վարորդներին գետնանշման գունային տարբերությամբ հեշտորեն միմյանցից տարբերակելու ծառայողական ավտոկայանատեղերը, այլ վճարովի ավտոկայանատեղերը, այդ թվում՝ էլեկտրամոբիլների լիցքավորման կայաններից էլեկտրամոբիլների լիցքավորման ապահովման հնարավորությամբ կազմակերպված վճարովի ավտոկայանատեղերը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երևան քաղաքում համայնքային վճարովի ավտոկայանատեղերում կայանելու համար տեղական վճարի վճարման դրույքաչափերը սահմանված են ըստ գոտիավորման՝ ավտոկայանատեղերի գետնանշման գույնն առաջարկվում է տարբերակել նաև ըստ գոտիավորման՝ «Ա» գոտի և «Բ» գոտի՝ նախատեսելով, որ 1. վճարովի ավտոկայանատեղերի զբաղեցրած տարածքի՝ կարմիր կամ կապույտ գույնի գետնանշմամբ սահմանազատումն իրականացվում է ըստ գոտիավորման՝ համապատասխանաբար «Ա» գոտում գտնվող վճարովի ավտոկայանատեղերի համար կարմիր, իսկ «Բ» գոտում գտնվող վճարովի ավտոկայանատեղերի համար՝ կապույտ գույնի գետնանշմամբ, 2. համայնքներում կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի զբաղեցրած տարածքը առանձնացվում է սպիտակ գույնի գետնանշմամբ: Ծառայողական ավտոկայանատեղի զբաղեցրած տարածքի առանձնահատկություններից և նպատակահարմարությունից ելնելով, կարող է իրականացվել ծառայողական ավտոկայանատեղի զբաղեցրած ամբողջ տարածքի` սպիտակ ներկանյութով, այդ թվում՝ սպիտակ գույնի ասֆալտաբետոնյա կամ այլ ծածկույթներով սահմանազատում, 3. էլեկտրամոբիլների լիցքավորման կայաններից էլեկտրամոբիլների լիցքավորման ապահովման հնարավորությամբ կազմակերպված վճարովի ավտոկայանատեղերի զբաղեցրած տարածքը առանձնացվում է կանաչ գույնի գետնանշմամբ:
Բարձրագույն ուսումնական հաստատություններին և գիտական կազմակերպություններին կնվիրաբերվեն սարքեր
Կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններին և գիտական կազմակերպություններին կնվիրաբերվեն սարքեր (սարքավորումներ) և կհաստատվի բաշխման ցանկը: Որոշման ընդունմամբ կվերջնականացվի գիտական կազմակերպությունները և բարձրագույն ուսումնական հաստատությունները ժամանակակից սարքավորումներով վերազինելու՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 15․05․2023թ․ N 691-Ա/2, 07․11․2023թ․ N 2326-Ա/2 հրամանների հիման վրա կազմակերպված գործընթացը, թույլ կտա պատշաճ կերպով և ըստ նշանակության օգտագործել ձեռք բերված գույքը։ Գիտական ենթակառուցվածքների զարգացվածությունը, մրցունակ գիտական հետազոտությունների իրականացումը, եզակի գիտական սարքավորումների կիրառումը գիտական գործունեության մեջ նպաստելու են Հայաստանում գիտության զարգացմանը, գիտական միջավայրի արդիականացմանը և մրցունակության բարձրացմանը, ինչպես նաև միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում (Web of Science կամ Scopus) հրապարակումների աճին (քանակ):
Մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրեր կիրականացվեն
««Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» որոշման ընդունումը պայմանավորված է մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրեր իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ: ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսվում է 1212 ծրագրի 12027 «Սուբվենցիաներ՝ մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացման համար» միջոցառմամբ ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքին հատկացնել՝ 120,968․0 հազ․ դրամ, ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքին հատկացնել 121,593․3 հազ․ դրամ, ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքին հատկացնել 28,332․2 հազ. դրամ, ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքին 156,453.4 հազ․ դրամ:
Բնակչությունը կապահովվի անվճար բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների տրամադրման անընդհատությամբ
Գործադիրը որոշում է կայացրել՝ պայմանավորված առողջապահական համակարգի կազմակերպությունների կողմից արդեն իսկ կատարված աշխատանքների ֆինանսավորման անհրաժեշտությամբ, ինչը կապահովի պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների հասանելիության մակարդակի բարձրացում: Կառավարության որոշմամբ, ներկայացված փոփոխությունների նպատակը մատուցված և կանխատեսվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների դիմաց առաջացած պարտավորությունների ամբողջական կատարումն է, ինչպես նաև շահառուներին պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների հասանելիության և մատչելիության ապահովումը և պետական բյուջեի միջոցառումների շրջանակներում մատուցվող ծառայությունների փոխհատուցման անընդհատության ապահովումը, չսահմանափակվող բյուջեի սկզբունքի կիրառման արդյունքում բուժհաստատությունների կողմից կատարված աշխատանքների դիմաց առաջացած ֆինանսավորման ընթացիկ պարտքերի կառավարումը։
Կխթանվի մանկավարժական աշխատողների մասնագիտական կատարելագործման շարունակականությունը
Կառավարությունը որոշում է կայացրել, որով կարգավորվում է պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման արդյունքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրավճարի տրամադրման գործընթացը։ «1148. Արտադպրոցական դաստիարակության ծրագիր» բյուջետային ծրագրի «12002. Կամավոր ատեստավորման նոր համակարգի ներդրում՝ ուղղված արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների որակի բարձրացմանը» միջոցառման գլխավոր նպատակն արտադպրոցական ուսումնական հաստատության մարզիչ-մանկավարժի, խմբակավարի, դասատուի, ինչպես նաև որևէ արտադպրոցական ուսումնական հաստատությունում չաշխատող և մանկավարժական աշխատողի պահանջները բավարարող անձի՝ ըստ մարզաձևերի, ուղղությունների, առարկաների գիտելիքների իմացության աստիճանի գնահատումն ու դրա արդյունքում վերջինիս լրավճարի տրամադրումն է։ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրավճարի տրամադրումը թույլ կտա մեծացնելու համակարգի գործառնության արդյունավետությունը, խրախուսելու համակարգի զարգացման հնարավորությունները, խթանելու և զարգացնելու մանկավարժական աշխատողների մասնագիտական կատարելագործման շարունակականությունը, կատարելագործելու ուսումնական հաստատությունների կառավարման մեխանիզմները։ Ներդրված կամավոր ատեստավորման համակարգի փորձնական ծրագիրը շարունակաբար կխրախուսի մանկավարժական աշխատողների մասնագիտական զարգացումը, և լրավճարի տրամադրման միջոցով կնպաստի դասավանդման որակի և արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև կխթանի արական սեռի մանկավարժների մուտքը արտադպրոցական ուսումնական հաստատություններ։ Համաձայն ՀՀ կառավարության 2023թ-ի մարտի 2-ի N 269-Ն որոշմամբ հաստատված կարգի ատեստավորումն անցած մանկավարժական աշխատողներին լրավճար տրվում է 5 տարի ժամկետով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արտադպրոցական ուսումնական հաստատություններում դրույքաչափերը խիստ տարբեր են՝ ըստ տարբեր համայնքների՝ կախված համայնքների բյուջեներից, սահմանվում է ամրագրված լրավճար հետևյալ տրամաբանությամբ՝ 1. Ատեստավորման 90-100 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 138300 դրամ լրավճար՝ մեկ դրույք ծանրաբեռնվածության համար, 2. Ատեստավորման 80-89 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 111500 դրամ լրավճար՝ մեկ դրույք ծանրաբեռնվածության համար, 3. Ատեստավորման 70-79 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 80600 դրամ լրավճար՝ մեկ դրույք ծանրաբեռնվածության համար:
Կբարելավվի Հայաստանի Հանրապետության ճանապարհների վիճակը
Կառավարության նիստում ընդունվել է որոշում, որը անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների հետևանքով վնասված տրանսպորտային ենթակառուցվածքները վերականգնելու, երթևեկության անվտանգությունը ապահովելու և Հայաստանի ճանապարհային ցանցի անընդհատությունը պահպանելու համար: Որոշմամբ առաջարկվում է ՀՀ 2024 թվականի պետական բյուջեով նախատեսված 1049 «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի 21002 «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» միջոցառման համար Կառավարության ներքո հաստատված միջոցներից 2,475.0 հազ. դրամը հատկացնել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ վերը նշված կամուրջների վերականգնման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման և դրանց փորձաքննության համար:
Կարգավորվել են Եղեգիսի միջնակարգ դպրոցի մոդուլային շենքի կառուցման լրացուցիչ աշխատանքների հետ կապված հարցերը
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսվում է փոփոխություն և լրացումներ կատարել ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի N 1135-Ա որոշման մեջ՝ թույլատրելով ՀՀ քաղաքաշինության կոմիտեին «Եղեգիսի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ–ի մոդուլային շենքի կառուցման աշխատանքների ծավալն ավելացնել՝ գերազանցելով ՀՀ կառավարության 15.07.2021թ. N 1135-Ա որոշմամբ թույլատրած 20.0 տոկոսը։ Որոշման ընդունման արդյունքում կլուծվի Եղեգիսի միջնակարգ դպրոցի մոդուլային շենքի կառուցման ավարտական աշխատանքների փաստացի ծավալների ճշգրտման արդյունքում առաջացած լրացուցիչ աշխատանքների համար համաձայնագիր կնքելու խնդիրը։
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ