Կառավարության այսօրվա նիստից հետո Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ են վերջին շրջանում Երեւանում հաճախակի հոսանքի անջատումներ արձանագրվում։
«Նման բոլոր հարցերը պայմանավորված են համապատասխան կանոններով։ Իսկ ինչ վերաբերում է քանակի ավելացմանը, կոնկրետ Արաբկիր եւ Կենտրոն վարչական շրջաններում այս երկու ամիսների ընթացքում ունենք անջատումների քանակի ավելացում։ Եվ դա հիմնականում պայմանավորված է Երեւան ՀԷԿ-ում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով հիմնական էլեկտրասնուցման անջատման պատճառով, որը, ըստ Հայաստանի էլեկտրական ցանցերի, մոտակա օրերին պետք է կարգավորվի։ Մինչեւ օգոստոսի 10-ն էին ասել, բայց որոշակի խնդիրներ էին առաջացել Լարսում բեռնափոխադրման հերթերով պայմանավորված։ Բայց հիմա արդեն բեռնատարները ժամանել են, եւ աշխատանքներն ակտիվ իրականացվում են»,- ասաց Գարեգին Բաղրամյանը։
Հանձնաժողովի նախագահը նաեւ նշեց, որ ջրի սակագների հետ կապված քննարկումներն այս պահին շարունակվում են։ «Ջրի սակագինը, ըստ վարձակալության պայմանագրի, մինչեւ յուրաքանչյուր տարվա օգոստոսի 1-ն ընկերությունը պարտավոր է ներկայացնել։ Այս պահին քննարկումները շարունակվում են, կարծում եմ, որեւիցե խնդիր չունենք»,- հավելեց նա։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ