Հակակոռուպցիոն դատարանում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի գործով այսօրվա դատական նիստը չկայացավ՝ մեղադրող դատախազի ուշանալու պատճառով:
Վիգեն Սարգսյանի պաշտպան, փաստաբան Ամրամ Մակինյանը դատարանին տեղեկացրեց, որ ինքը նույն դատարանում կարճ ժամանակ անց մեկ այլ նիստի պետք է մասնակցի, ուստի ուշացող դատախազին սպասելը այլեւս նպատակահարմար չէ, եւ միջնորդեց նիստը հետաձգել մեկ այլ հարմար ժամանակ:
Նախագահող դատավոր Սարգիս Դադոյանը բավարարեց փաստաբանի միջնորդությունը: Հաջորդ դատական նիստի օրն ու ժամը կհրապարակվի ավելի ուշ:
Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել այն բանի համար, որ ենթադրաբար նա նախարարության հաշվեկշռում գտնվող բազմաբնակարան շենքի բնակարանների բաշխման գործընթացում դիտավորյալ կատարել է իր լիազորությունների շրջանակներից ակնհայտորեն դուրս գտնվող գործողություններ, որոնց արդյունքում էական վնաս է պատճառվել անձանց իրավունքներին, օրինական շահերին, ինչպես նաեւ պետության օրինական շահերին, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ