Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Հանրային խորհրդի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Ըստ այդմ՝ առաջարկվում է փաստահավաք խումբ ստեղծել, որը կզբաղվի 1991 թվականի սեպտեմբերի 21-ից մինչեւ 2023 թվականը ներառյալ տեղի ունեցած դեպքերի եւ իրադարձությունների, մարդու իրավունքների հիմնարար եւ պարբերական խախտումների վերաբերյալ փաստերի հավաքագրմամբ, ուսումնասիրմամբ ու հաշվառմամբ։ Օրենքի նախագծով սահմանվում է, որ Հանրային խորհուրդը ձևավորում է փաստահավաք հանձնաժողով, որի կազմավորման կարգը եւ գործառույթները սահմանվում են այս օրենքով:
Ըստ կառավարության հիմնավորման՝ քանի որ փաստահավաք գործունեությունը մոտ է Հանրային խորհրդի ծավալած գործունեությանը, առավել նպատակահարմար է փաստահավաք գործունեություն իրականացնելու լիազորությունը վերապահել Հանրային խորհրդի կազմում նրա կողմից ձևավորվող առանձին փաստահավաք հանձնաժողովին:
Փաստահավաք հանձնաժողովի գործունեությունն առավելապես ուղղված է լինելու ՝
1) Հայաստանի Հանրապետությունում 1991 թվականի սեպտեմբերի 21-ից մինչև 2023 թվականը ներառյալ ժամանակահատվածի ընթացքում տեղի ունեցած դեպքերի եւ իրադարձությունների շրջանակում կամ դրանց հետեւանքով կատարված մարդու իրավունքների հիմնարար եւ պարբերական խախտումների վերաբերյալ փաստերի հավաքագրմանը եւ ուսումնասիրմանը,
Կարդացեք նաև
2) պատմական, քաղաքական, տնտեսական, իրավական համատեքստում խախտումների կատարման առիթների, պատճառների, հանգամանքների բացահայտմանն ու նկարագրմանը,
3) խախտումների կատարմանը նպաստած կամ դրանց կատարման պատճառ հանդիսացած ինստիտուցիոնալ մեխանիզմների, համակարգային կապերի, խախտումների կատարմանը նպաստած և դրանց կատարման գործընթացում ներգրավված, այդ թվում՝ էական ու որոշիչ մասնակցություն կամ ազդեցություն ունեցած անձանց, կազմակերպությունների, մարմինների հնարավոր շրջանակի բացահայտմանը,
4) ինստիտուցիոնալ բարեփոխումների եւ այլ առաջարկությունների ներկայացմանը` ուղղված հնարավոր խախտումների կրկնությունը բացառելուն, դրանց արդյունքում տուժած անձանց իրավունքների պաշտպանությանը, անձանց խախտված իրավունքների վերականգմանը և փոխհատուցման եղանակների ու միջոցների սահմանմանը:
Ուսումնասիրվող դեպքերը և իրադարձությունները պետք է ներառեն համապետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների և հանրաքվեների կազմակերպումը եւ անցկացումը, հետընտրական գործընթացներում տեղի ունեցած քաղաքական հետապնդումները, հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումները, անձանց սեփականության իրավունքից զրկելու այլ դրսևորումները, ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքեր, հավաքների ազատության իրավունքի խախտումների դեպքերը:
Արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանի խոսքով՝ նախագծով նախատեսվում է, որ գործող Հանրային խորհուրդը պետք է ցրվի, իսկ նոր Հանրային խորհրդի կազմում կգործի փաստահավաք հանձնաժողովը։
Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Սա եւ քաղաքական հանձնառություն է, եւ անհրաժեշտություն։ Բայց ես գիտեմ նաեւ, որ կլինեն քննադատություններ, որ սա ուշացած որոշում է։ Եվ այդ քննադատությունը ոճ օբյեկտիվ համարել դժվար կլինի։ Այս ընթացքում մենք փաստահավաք գործառույթ ունենալու քաղաքական կամքի հետ որեւէ խնդիր չենք ունեցել, բայց այս վերջին վեց տարիների ընթացքում անընդհատ քննարկվել է, եւ ամեն անգամ ինստիտուցիոնալ բնույթի պրոբլեմներ են եղել։ Բայց մյուս կողմից, այն փաստերը, որոնք պետք է ուսումնասիրվեն, իրենց տեղում են»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ