Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր կոնյակի շատ մեծ տոկոսն արտահանվում է ՌԴ, հայկական կոնյակը բրենդ է»․ Պապոյանը չպատասխանեց՝ քաղաքական միտում կա՞

Օգոստոս 22,2024 12:49

Կառավարության այսօրվա նիստից հետո էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն անդրադարձավ ռուսական շուկայում վաճառվող հայկական կոնյակի վերաբերյալ հայտարարություններին։

Հիշեցնենք, որ «Անտիկոնտրաֆակտ» ասոցիացիայի եւ Ռուսաստանի կոնյակ, սպիրտ ու ալկոհոլային խմիչք արտադրողների միության համատեղ հետազոտության արդյունքում՝ ՌԴ-ում վաճառվող հայկական կոնյակի գրեթե 90%-ն անվտանգ չէ, իսկ արտադրանքի գրեթե 50%–ը պարունակում է ոչ ալկոհոլային սպիրտ, որը չպետք է լինի կոնյակի մեջ։

«Հայկական կոնյակի հետ կապված հարցերը դրանք պարզապես հարցեր չեն, որոնք պետք է վերաբերեն որեւէ երկրում, այդ թվում՝ Ռուսաստանում դրանց վաճառվել կամ չվաճառվելուն։ Հայկական կոնյակը բրենդ է, եւ մենք Եվրամիության ծրագրերից մեկի շրջանակներում հիմա աշխատում ենք բրենդի կայացման համար։ Իմ կարծիքով՝ մենք թերեւս 2025 թվականից պետք է գնանք հետեւյալ ճանապարհով։ Կդնենք պահանջ պարտադիր իզոտոպային լաբորատորիայի, այսինքն՝ Հայաստանից եթե որեւէ կոնյակի սպիրտ կարտահանվի, ապա ինքը կունենա լաբորատոր փորձաքննության փաստաթուղթ, որ, օրինակ՝ շվեյցարական այսինչ իզոտոպային լաբորատորիայում ինքն անցել է փորձաքննություն»,- ասաց նա։

Հարցին, թե քաղաքական միտում տեսնո՞ւմ է այս ամենում, Պապոյանն ասաց․ «Ես էկոնոմիկայի նախարարն եմ, իմ լիազորությունների շրջանակում պետք է ամեն ինչ անեմ, որպեսզի իմ նշած խնդիրները հենց այս մակարդակում լուծվեն»։ Ըստ նրա՝ այս պահին իրենք էկոնոմիկայի նախարարությունում բողոք չունեն տնտեսվարողներից, որ ՌԴ արտահանման հարցում խոչընդոտի են հանդիպել։

Ըստ նրա՝ հայկական կոնյակի շատ մեծ տոկոսն արտահանվում է ՌԴ։ Պապոյանն ասաց, որ խնդրի մասին մամուլն է բարձրաձայնել, որպեսզի իրենք ճիշտ պատկերացում ունենան, պետք է պաշտոնական նամակագրություն ունենան ռուս գործընկերների հետ։ «Նման հարց քանի որ չի բարձրացվել, չի քննարկվել։ Երբ կլինի պաշտոնական արձագանք, մենք դա կքննարկենք։ Մենք այս պահին եւ արտահանման, եւ իրացման հետ կապված որեւէ խնդիր չունենք, որեւէ ահազանգ չենք ստացել։ Եթե այս պահին բիզնեսը խնդիր չի բարձրաձայնում, մենք էլ չենք տեսնում խնդիր»,- ասաց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031