Լրահոս
Օրվա լրահոսը

Առանձնակի ուշադրության է արժանի Զահրատի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը. Հայաստանի ազգային գրադարանում իրականացվել են մի շարք ծրագրեր

Օգոստոս 22,2024 12:29

Այս ամռանը Հայաստանի ազգային գրադարանում իրականացվել է շուրջ 40 միջոցառում, որոնք ունեցել են ավելի քան 850 մասնակից: Այս ամիսներին գրանցվել է 547 նոր ընթերցող, իսկ գրադարանի այցելուների թիվը կազմել է 24324:

Ամառն առանձնացել է նաև մի շարք իրադարձություններով, այդ թվում՝ Հայաստանի ազգային գրադարանի հիմնադրման 105-ամյակի առիթով թամանյանական մասնաշենքի երկրորդ հարկում բացվել է Հայաստանի ազգային գրադարանի թանգարանային ցուցասրահը: Այստեղ ներկայացված են գրադարանի հիմնադիր փաստաթղթերը, նամակներ, գրություններ, Ալ. Թամանյանի շենքի մեծադիր նախագիծը, արխիվային լուսանկարներ և Հովհաննես Նաղաշյանի դրվագազարդ կահույքի նմուշներ։

Տեղի է ունեցել  «Հայ բանասիրության հեռանկարները» խորագրով միջազգային գիտաժողովը: Լիագումար նիստում Ազգային գրադարանի գիտական փոխտնօրեն Հայկանուշ Ղազարյանը ներկայացրել է «Ազգային գրադարանի շտեմարանները. աջակցություն հայագիտությանը» զեկուցումը։ Օգտակար և ուշագրավ զեկուցումներ են ներկայացրել Սևան Տեիրմենջյանը (Ստամբուլ, Թուրքիա), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բանասիրական գիտ. դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վազգեն Համբարձումյանը, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանը և ուրիշներ։

Ամռանը գրադարանում գործել են մի քանի գրքային ցուցահանդեսներ (Էռնեստ Հեմինգուեյ 125, Լևոն Շանթ 155)։ Առանձնակի ուշադրության է արժանի արևմտահայ բանաստեղծ Զահրատի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են գրողի առանձին գրքով հրատարակությունները, տարբեր լեզուներով թարգմանություններ, Զահրատի ձեռագրերի կրկնօրինակներ, լուսանկարներ, մամուլի անդրադարձներ։ Զահրատի ստեղծագործությանը նվիրված ուշագրավ հանրային դասախոսություն է ներկայացրել գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյանը։

Շարունակվել են կապերը մարզային և համայնքային գրադարանների հետ։ Ճանաչողական այցով գրադարան են այցելել Լոռու մարզի Ստեփանավանի քաղաքային գրադարանի, Վանաձորի գրադարանների կենտրոնացված համակարգի և «Վեդի համայնքի գրադարան» ՀՈԱԿ-ի գրադարանավարները։ Իր հերթին Հայաստանի ազգային գրադարանի համագործակցության և գրքափոխանակության բաժնի մի խումբ աշխատակիցներ այցելել են Սյունիքի և Գեղարքունիքի մարզային գրադարաններ, նվիրել գրականություն, ինչպես նաև գործնական հանդիպումներ ունեցել տեղի համայնքային գրադարանավարների հետ։

Գրադարանի աշխատակիցների համար «Կիբեր-թրաֆիքինգ և կիբերանվտանգություն» թեմայով դասընթաց է տեղի ունեցել, որը վարել են Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի փորձագետ Վիկտորիա Ավակովան և ՏՏ անվտանգության մասնագետ, մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ Գրադարանում անցկացվել է նաև դասախոսություն «ORCID-գիտնականների միասնական միջազգային ռեգիստր» թեմայով, որը վարել է ՀԱԳ Գրականության հանրահռչակման բաժնի վարիչ Արմինե Վարդանյանը։

Գրադարանը շարունակել է «Ֆիլմադարան» հասարակական կազմակերպության հետ ֆրանսիական ֆիլմերի ամենամսյա ցուցադրություն-քննարկումների շարքը։ Ամառվա ամիսներին չորս ֆիլմ է ցուցադրվել, այդ թվում՝ «Արհամարհանք» (1963 թ., ռեժ.՝ Ժան-Լյուկ Գոդար.),  «Կլեոն 5-ից 7-ը» (1962 թ., ռեժ.՝ Անյես Վարդա), , «Հիրոսիմա, իմ սեր» (1959 թ., ռեժ.՝ Ալեն Ռենե), «Ժյուլ և Ջիմ» (1962 թ., ռեժ.՝ Ֆրանսուա Տրյուֆո):

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031