«Ա1+». Արցախցի Լուսիկ Սարգսյանը գրադարանավարի երեսուներեք տարվա գործունեությունը մի կողմ է դրել։ Պետական համակարգում աշխատելու հնարավորություն դեռևս չունի՝ քաղաքացիություն չի ստացել։
«Այն ապրումները, որ ունեցանք արցախցիներս 2020-ի սեպտեմբերի 27-ին թշնամու սանձազերծած պատերազմի հետևանքով, դժվար է բառերով փոխանցել։ Արցախի մեծ մասի կորստից հետո մտքի ծայրով անգամ չէինք անցկացնում, որ մի օր կարող է ստիպված լինենք լքել մեր հայրենիքը»։
Շրջափակման ծանր օրերին տիկին Սարգսյանի ընտանիքը ձեռնարկեց պաղպաղակ արտադրելու գործունեություն՝ այդպիսով հայրենակիցների բավականին դժվարին ժամանակամիջոցում կարողանում էին ուրախություն պարգևել ասկերանցի փոքրիկներին։
Մահվան սպառնալիքի տակ ստիպված լինելով լքել հայրենիքը և հաստատվելով Հայաստանում՝ Լուսիկ Սարգսյանի ընտանիքն ապագան մայր հայրենիքում կառուցելու իր մարտավարությունն է մշակել։
«Արցախը լքելուց առաջ անգամ հնարավորություն չունեցանք տուն մտնելու, որ գոնե մեր երկհարկանի տնից մի հուշ ունենայինք։ Նախ Արամուսում ենք հաստատվել, ապա տեղափոխվել Աբովյան քաղաք։ Տղաներս աշխատում են, հարսս՝ դասավանդում դպրոցում։ Աղջիկս ուսանող է, ու կրթությունը բարձրագույնում համատեղում է դեղատան աշխատանքի հետ։ Հայաստանում մեր ընտանիքը համալրվել է ևս մեկ անդամով՝ թոռ եմ ունեցել։ Ապրում ենք ուրախությունն ու մտահոգությունները համատեղելով։ Կյանք է, ինչ ասես կարող է պատահել։ Մանավանդ այսքան խարխուլ խաղաղության պայմաններում։ Կարևորը մարդկային կյանքն է, մնացածը կարելի է կրկին ստեղծել»։
Հայաստանում աշխատել սկսել է արցախյան ավանդական ժենգյալով հաց թխելով։ Սակայն առողջական խնդիրների պատճառով երկար շարունակել չկարողացավ։
«Եթե համապատասխան տուն գտնեինք վարձակալելու համար՝ կրկին սիրով կսկսեի զբաղվել չրերի և թթուների արտադրությամբ։ Այն, ինչ մնացել է Արցախում, արդեն անցյալ է։ Ու ավելորդ եմ արդեն համարում նույնիսկ մտաբերել այդ ամենը։ Չէ, դա չի նշանակում, որ մենք մոռանում ենք մեր ծննդավայրը, սակայն դրա վրա կենտրոնանալը բացասաբար է անդրադառնում մեր` առանց այն էլ քայքայված առողջությանը։ Ամեն պարագայում հիմա շարունակում ենք ապրել մի օր հետվերադարձի ճանապարհը բռնելու հույսով։ Առայժմ արժանապատիվ կյանքով ապրելու համար անհրաժեշտ միջոցներ ենք փորձում ձեռնարկել»։
Օրեր առաջ Աբովյան քաղաքում տիկին Սարգսյանի ընտանիքը հագուստի խանութ է բացել։
Անահիտ Պետրոսյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: