«Հրապարակ»-ի զրուցակիցն Ալընտրանքային նախագծեր խմբի հիմնադիր Վահե Հովհաննիսյանն է։
– ՌԴ ԱԳ նախարար Լավրովը բաց տեքստով հայտարարեց, թե Հայաստանն է սաբոտաժ անում տարածաշրջանային կումունիկացիաների ապաշրջափակման խնդիրը, եւ խոսեց 2020թ․ նոյեմբերի 9-ի համաձայնության մասին։ Մի կողմից, սա ուղիղ ցուցիչ էր առ այն, որ տարածաշրջանում, այսպես կոչված, միջանցքը վերահսկելու մրցակցություն է ընթանում, մյուս կողմից, այդ ապաշրջափակման դրույթից բացի, նոյեմբերի 9-ի փաստաթղթում այլ չկատարված կետեր էլ կան։ Լավրովի հայտարարությունն այս տեսանկյունից կարո՞ղ է իրավիճակը շտկելու շանս տալ Հայաստանին։
– Հարավային Կովկասում եւ աշխարհում նոր իրողությունները ենթադրում են ճանապարհների որոշակի ապաշրջափակում։ Պետք չէ մեղադրել բոլորին՝ իրենց շահերն առաջ տանելու համար։ Պետք է մեղադրենք ինքներս մեզ, որ չենք կարողանում ձեւակերպել, թե մեր շահը որն է։ Ավելի անպատասխանատու ու ավելի անբան իշխանություն շատ դժվար է գտնել։ Լավրովը խոսում է արդեն ոչ դիվանագիտական լեզվով, դա, իհարկե, հաճելի չէ։ Իսկ ո՞վ է այսօր մեզ հետ խոսում դիվանագիտական լեզվով։ Ամերիկացի Օ,Բրայե՞նը, թե՞ եվրաչինովնիկները, որ Արցախի դատարկման ֆոնին Ալիեւին իրենց հավատարիմ գործընկերն են դարձրել։ Բայց եկեք վերհիշենք, թե ինքներս մեզ, մեր ձեռքով քանի անգամ ենք արել ծայրահեղ վատություններ ու մեզ դրել այսօրվա վիճակում։ Երբ կար հայկական Արցախ, երբ կար կենսական Լաչինի միջանցք, կային հնարավորություններ (ու նաեւ պարտավորություններ)՝ առաջ շարժվելու, գտնելու բարդ լուծումներ, որոնք կապահովեին մեր ազգային շահերը, մենք չարեցինք։ Ավելին՝ արեցինք լրիվ հակառակը. մեր բոլոր հաղթաթղթերը զրոյացրինք։ Եթե մեզ թվում է, թե հրաժարվելով նոյեմբերի 9-ի՝ մեզ համար կարեւոր կետերից, մենք ստիպում ենք Ադրբեջանին ու այլոց՝ հրաժարվել իրենց կարեւոր կետից, ապա մենք ցուցադրում ենք միջպետական հարաբերություններ եւ իրավիճակ ընկալելու մեր բացարձակ անկարողությունը։ Արտաքին աշխարհը սա արձանագրում է շատ արագ։ Այսքանով հանդերձ, լուրջ իշխանության դեպքում մենք դեռեւս ունենք հնարավորություններ՝ իրավիճակ փոխելու, Հարավային Կովկասի կույրաղիքի կարգավիճակից դուրս գալու համար։ Մենք ունենք հնարավորություն՝ շատ բաներ հետ պտտելու։
– Եթե ամփոփենք, Հայաստանի «տնային աշխատանքն» այս բարդ ու հարափոփոխ իրավիճակում ո՞րը պետք է լինի։ Մի պահ պատկերացնենք, թե «կեցցե հեծանիվի» փոխարեն ադեկվատ իշխանություն ունենք։
Կարդացեք նաև
– Ես վստահ եմ, որ մեր բոլոր աղետների հիմքում մեր ստրատեգիական պրիմիտիվիզմն է։ Կա իշխանություն, որը Հայաստանին ահռելի պատմական վնաս է տվել, բայց մենք այն հանդուրժում ենք։ Ավելին, մենք չենք կարողանում ստեղծել լուրջ բովանդակային եւ կառուցվածքային այլընտրանք, որը նոր բան կառաջարկեր Հայաստանին, հայ հասարակությանը, հասկանալի կլիներ հարեւանների ու միջնորդների համար ու երկրի կառավարումն իր ձեռքը կվերցներ՝ փրկելով մեր երկիրը պատմական աղետից։ Մենք ոչ մեկին մեղադրելու իրավունք չունենք, եթե մի կողմում հեծանվորդն է ու իր խաշլաման, իսկ մյուս կողմում՝ հեծանիվն ու խաշլաման քննադատողները։ Հայաստանի միակ փրկությունը նոր սոլիդ իշխանությունն է, սա աքսիոմա է, բայց որպեսզի դա հնարավոր դառնա, պետք են նոր բովանդակությամբ, իրական խնդիրները հասկացող, իրականությունն իրապես հասկացող նոր բովանդակությամբ քաղաքական-հանրային միավորներ, նոր էլիտաներ, որոնք կառաջարկեն նոր ճանապարհ ու կստանձնեն պատասխանատվություն։ Եթե մենք սա չանենք, ապա իրավունք եւ հնարավորություն չենք ունենա պետականություն ունենալու։
Երբ մի պետություն չի կարողանում ոչ մեկի հետ ճիշտ օրակարգով աշխատել, երբ չի կարողանում իր ազգային շահերը որպես աշխատանքային օրակարգ ձեւակերպել ու սպասարկել դրանք, եւ մի հասարակության ամբողջական վերնախավեր չեն հասկանում, թե ինչ է կատարվում իրենց շուրջ ու իրենց հետ, ապա լինում է մեծ աղետ։
Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: