Անգլիացի գրող եւ փիլիսոփա Չեսթերտոնը գրում էր, որ ֆանատիկոսները նրանք չեն, ովքեր կրքոտ ձեւով պաշտպանում են իրենց համոզմունքները կամ վիճարկում են այն, ինչ այդ համոզմունքներին չի համապատասխանում: Մոլեռանդը նա է, ով ընդունակ չէ տեսնել ուրիշի համոզմունքը որպես համոզմունք, ուրիշի գաղափարը որպես գաղափար, որի հնարավոր անորակությունը զուտ մտավոր երեւույթ է: Նա է, ով ենթադրում է, որ ընդդիմախոսներին անպայման կաշառել են կամ, լավագույն դեպքում, այլասերել են:
Գուցե 100 տարի առաջ դա կոչվում էր «ֆանատիզմ», բայց հիմա, կարծում եմ, ավելի ճիշտ կլինի դա անվանել «սոցցանցային մտածողություն», եւ բուն ֆանատիզմի հետ այդ մտածողությունը կապված է մեկ կարեւոր հանգամանքով՝ հիմնական նպատակն այս կամ այն խմբի ստորին բնազդներն արթնացնելն է:
«Պուտինը գնաց Բաքու, որպեսզի համոզի Ալիեւին՝ հարձակվել Հայաստանի վրա»: «Պուտինի՝ Բաքու այցի գլխավոր նպատակն էր՝ զերծ պահել Ալիեւին ուժային ճանապարհով միջանցք բացելուց»: Սրանք երկու տեսակի համոզմունքներ են, որոնց հավատում են հակառակ ճամբարները ու զանազան երանգավորումներով մատուցում են հանրությանը: Ավելի ճիշտ՝ ոչ այնքան հանրությանը, որքան սեփական խմբերին՝ համապատասխան կրքեր բորբոքելու ձգտումով:
Ես կարծում եմ, իրականությունն ավելի բարդ է, քան պատկերացնում են այդ երկու խմբերը: Բայց տվյալ դեպքում կարեւորը ոչ թե դա է, այլ այն, որ մարդիկ ենթադրում են, թե հակառակ համոզմունք ունեցողները կա՛մ ծախված են, կա՛մ անգրագետ, կա՛մ էլ, այսպես ասած, «զոմբիացած»:
Կարդացեք նաև
Իրար հետ այսպես վիճողներից, իրար մեղադրողներից ոչ ոք ամբողջ ճշմարտությանը չի տիրապետում: Նույնիսկ, եթե նրանք գաղտնալսել են Պուտինի եւ Ալիեւի խոսակցությունն ու վերծանել են այդ ձայնագրությունը, դա էլ ամբողջ ճշմարտությունը չէ. քաղաքական գործիչները երբեք չեն ասում այն, ինչ մտածում են: Բայց եկեք ընդունենք, որ իրենց առաջարկած երկու տարբերակներն էլ հնարավոր են: Արդյո՞ք այդ ենթադրություններից որեւէ մեկը հիմք է տալիս իրար ատելու:
…Ինչ մնում է բուն թեմային, ապա ես էլ ինձ թույլ տամ իմ համոզմունքը հայտնելու. այս այցը նշանավորում է հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման հերթական փուլը, որի համար պատասխանատու են նաեւ մեր իշխանությունները: Իմ այդ համոզմունքը նույնպես վերին ատյանի ճշմարտություն չէ:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ