Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշի սահմանազատման ենթարկված գյուղերի մարդկանց մոտ «նյարդային վիճակ ու վախեր են». «Ազատություն»

Օգոստոս 21,2024 23:23

Տավուշի մարզի հատվածական սահմանազատման ենթարկված գյուղերում Միջազգային ճգնաժամային խումբն ուսումնասիրել ու եզրակացրել է՝ մարդկանց մոտ «նյարդային վիճակ ու վախեր են» առաջացել։

Խմբի Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Օլեսյա Վարդանյանն «Ազատության»-ն ասել է՝ անգամ հարևան գյուղերում, որտեղ չեն առնչվել սահմանազատման հետ, մարդիկ անհանգիստ են՝ ի՞նչ կլինի վաղը, ի՞նչ է իրենց սպասվում ապագայում։ Հարցերը շատ են, պատասխանները՝ քիչ, ասում է վերլուծաբանը։

«Դա, ասես, քարն է, որ ջուրն է ընկնում ու նրանից օղակներ են տարածվում։ Ու այնպիսի զգացողություն է, որ կողքի գյուղերում նույնիսկ ավելի մեծ վախեր են ի հայտ գալիս, ավելի շատ հարցեր են առաջանում, քան այն գյուղերում, որտեղ տեղի է ունեցել սահմանազատումը։ Ընդ որում՝ վախերը ոչ թե այսօրվա մասին են՝ ինչի հետ առնչվում են այսօր, այլ կապված են ապագայի հետ՝ ինչպես են ապրելու, ասենք, ադրբեջանցիների հետ, որոնք կհայտնվեն այստեղից ոչ հեռու։ Շփվելո՞ւ են նրանք ընդհանրապես, որովհետև, երբ դու պատ ես կառուցում, ենթադրվում է, որ դուք առանձնանում եք, կլինի՞ արդյոք համագործակցություն, ի վերջո հարևաններ են: Ու ինչ կլինի նախկինում՝ 80-90-ականներին տեղի ունեցածի հետ։ Ի վերջո հիմա մենք Կիրանցում ենք, այստեղ մարդիկ են զոհվել, իսկ այն կողմից մարդիկ զրկվել են իրենց տներից: Սրանք հարցեր են, որոնց մասին պետք է մտածել», – նշեց Վարդանյանը։

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը միշտ էլ մեծ աջակցություն է ունեցել Տավուշի այս սահմանային գյուղերում։ Բայց սահմանազատումը փոխել է տրամադրությունները։ Փորձագետի դիտարկումներով, մարդիկ, որոնք 18-ի հեղափոխության ժամանակ ամբողջ գյուղն իրենց ետևից էին տանում՝ Փաշինյանի օգտին, այսօր ընդդիմության շարքերում են։ Ու նրանք, որոնք պետք է, որ աջակցեին սահմանազատման գործընթացին, հակառակը, խոսում են իրենց անհանգստությունների մասին:

«Ես հիշում եմ, երբ ես գալիս էի 18-19 թվականներին, մարդիկ այստեղ ընդհանրապես չէին ուզում անգամ մի քննադատական խոսք լսել ներկայիս կառավարության հասցեին, էլ չասեմ, որ բացառվում էր որևէ ընդդիմադիր շարժում։ Իսկ հիմա մենք մեծ փոփոխություն ենք տեսնում, զուտ այն պատճառով, որ գործընթացում անմիջականորեն ներգրավվեց վարչապետը։ Տեսնում ենք, որ եթե ինչ-որ բանում մեղադրում են, ինչ-որ բան դուր չի գալիս, ապա դա անձամբ նրան է ուղղված», – ընդգծեց վերլուծաբանը։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031