«Ազգ». Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը հայտարարել է ադրբեջանական SOCAR-ի հետ բազմապլան ռազմավարական գործընկերության ընդլայնման մասին։ Հայտարարությունն արվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Ադրբեջան կատարած այցի ընթացքում։
Ինչպես հայտնում է ուկրաինական Главком կայքը, տեղի ունեցողի հետնապատկերում ուկրաինացիների մի մասը ադրբեջանական պետական Socar ընկերության գազալցակայանները բոյկոտելու կոչ են անում:
«Ուկրաինայում այս ընկերության գազալցակայանները շատ են։ Մեր ժողովրդին կոչ եմ անում բոյկոտել դրանք: Միաժամանակ ուկրաինական բիզնեսին այս ընկերության հետ բոլոր գործընկերային հարաբերությունները խզելու կոչ եմ անում»,- գրել է ակտիվիստ Օլեգ Սիմորոզը:
Ուկրաինայում Socar-ի բենզալցակայանները բոյկոտելու մասին հայտարարել է նաև լրագրող Դմիտրի Տուզովը։
Կարդացեք նաև
«Դե, առայժմ (քանի դեռ իրական դրդապատճառները չեն պարզվել), շրջանցում եմ Socar-ի գազալցակայանները։ Հասկանում եմ՝ պատերազմը նեղացնում է մեր կենսատարածքը և լուրջ սահմանափակումներ է մտցնում մեզ համար սովորական դարձած շատ բաներում ու շփումներում։
Բայց այս լպստումներից հետո պարզապես չեմ կարողանա ոչ մի կոպեկ թողնել վառելիքի ադրբեջանական օպերատորին։ Գոնե այնքան ժամանակ, քանի դեռ չեն պարզվել Պուտինին եղբոր պես ընդունած նախագահ Իլհամ Ալիևի իրական շարժառիթները։ Ես հասկանում եմ, որ «արևելքը նուրբ հարց է»։
Միգուցե այս գրկախառնությունների հետևում տարածաշրջանում Ռուսաստանի էքսպանսիային հակազդելու ինչ-որ ծրագիր կա թաքնված:
Միգուցե: Կապրենք-կտեսնենք: Իսկ առայժմ ոչ մի լումա ադրբեջանական Socar գազալցակայաններին։ Ես մի կերպ յոլա կգնամ: Ու կտեսնեմ և՛ Ալիևի, և՛ նրա երկրի իրական գործերին»,- գրել է ուկրաինացի լրագրող Դմիտրի Տուզովը։