Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սահմանամերձ Բագրավան գյուղը, որտեղ ծաղկում է տուրիզմն, արդեն կամուրջ ունի

Օգոստոս 21,2024 22:03

Անի պատմական մայրաքաղաքին մոտ գտնվող Շիրակի մարզի սահմանամերձ Բագրավան գյուղը, որը վերջին տարիներին վերածվել է զբոսաշրջային ակտիվ գոտու՝ շնորհիվ «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանի հիմնադրած «Վահանատուն» հյուրատուն- թանգարանի, արդեն կամուրջ ունի։

Aravot.am-ի հետ զրույցում Վահան Թումասյանը պատմեց, որ հավաքել են գյուղի հին, քանդված տների քարերը, որոնք գյուղացիները լցրել են ձորը ու այդ քարերից կառուցել են տիպիկ հայկական ճարտարապետությամբ կամուրջ։ Ըստ նրա, կամուրջ կառուցելու գաղափարը ծնվել է ամերիկահայ բարերար Ժակ Յուրիջյանի այցի ժամանակ, ով և օգնել է իրեն իրականություն դարձնել այն։

Վահան Թումասյանի ասելով՝ կամուրջ կառուցելը ծանր և ռիսկային աշխատանք է, իրեն օգնել են գյուղի երեխաները, ինչպես նաև գյումրեցի ճանաչված վարպետները, ովքեր մի շաբաթ շարունակ թողել են իրենց աշխատանքը ու հանուն սահմանամերձ գյուղի զարգացման՝ եկել ու կիզիչ արևի տակ կառուցել են կամուրջը։ Ձոր նետված քարերի մեջ եղել է նաև 80 կիլոգրամանոց քար։

Կամուրջը, ըստ Վահան Թումասյանի, ստեղծված միջավայրի հետ համահունչ է։ Այսուհետ տեղի բնակիչներն ու հյուրերը Սբ. Համբարձման (Սբ. Ավետիս) մատուռ, այգի և մատաղատուն կարող են գնալ ոչ թե ձորի միջով, այլ կամրջով։ «Վահանատուն» հյուրատուն-թանգարանից բացի, գյուղի մատուռը, մատաղատունը ևս կառուցվել են Վահան Թումասյանի ջանքերի շնորհիվ։

«Գյուղն արդեն կամարաձև քարերով կամուրջ ունի, հին քարերն ափսոս են, դրանց գեղեցկությունը ու գույները ոչ մի քար չունի։ Եվ հետո գյուղը մի կողմից մոտ է Երերույքի տաճարին, մյուս կողմից՝ Անի պատմական մայրաքաղաքին, պարտավոր էինք նման ճարտարապետական կամուրջ կառուցելու, հո ժամանակակից՝ եվրոոճի կամուրջ չէինք կառուցելու»,-ասում է Վահան Թումասյանը։

Քարերը ձորից հանելիս՝ գտել են նաև քանդակազարդ քիվ (կառնիզ), որն էլ օգտագործել են աղբյուրը կառուցելու ժամանակ։։

Վահան Թումասյանը իր ֆեյսբուքյան էջում պարբերաբար լուսանկարներով ներկայացնում էր կամուրջի կառուցման ընթացքը։ Այսօր իր գրառմամբ տեղեկացրել է, որ շինաշխատանքներն ավարտված են։

«Բագրավան գյուղն այլևս կամուրջ ունի․ այն սելավատար ձորի վրայով ձգվում է դեպի Սբ. Համբարձման (Սբ. Ավետիս) մատուռ, այգի և մատաղատուն:

Ուղիղ 7 օր՝ ֆիզիկական ծանր աշխատանքային, սակայն հաճելի օրեր պահանջվեց մեզանից, որպեսզի հին, քանդոցքներից հավաքած քարերից կառուցեինք այս հոյակապ հուշարձանը:

Անշուշտ չէինք կարողանա այս հրաշալի, հայկական ճարտարապետությամբ կամուրջն ու աղբյուրը կառուցել, եթե Բագրավան չայցելեր մի հոյակապ հայորդի, հայտնի բարերար Jack Youredjian-ը և չծնվեր կամուրջի գաղափարը:

Համոզված եմ՝ սերունդները հիշելու և օրհնելու են հովանավորին և կառուցողներին, խնամելու և պահպանելու են կամուրջը, որը գյուղին առավել իմաստավորելու և գրավիչ է դարձնելու հյուրերի համար:

Շնորհակալ եմ իմ լավ բարեկամներին, ովքեր օգնեցին եւ թեւութիկունք եղան եւ նոր կյանք հաղորդեցինք սահմանային գյուղին: Ահա այսպես է հնարավոր գյուղական տուրիզմ զարգացնել սահմանային գյուղում»:

Վահան Թումասյանը մեզ ցույց տվեց լուսանկարներ․ այն տեղում, որտեղ կանգնած է բարերար Ժակ Յուրիջյանը, արդեն կառուցվել է կամուրջը (տես լուսանկարում)։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031