Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է.
«Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է։ Սա առիթ է ոչ միայն շնորհավորելու, այլև նորից ընդգծելու այն կարևորագույն դերը, որ Հայ Առաքելական եկեղեցին ստանձնել է վերջին բարդ շրջանում։ Կազմաքանդված հասարակական ինստիտուտների, խեղված քաղաքացիական հասարակության ու անառողջ քաղաքական դաշտի պայմաններում Եկեղեցին մնացել է միակ կենսունակ ինստիտուտը, որը համառորեն կառչած է Հայաստանի պետական անվտանգության պահպանմանը և արձագանքում է երկրի կարևորագույն խնդիրներին։
Եկեղեցին փաստացի այն եզակի ազգային կառույցն է, որը մշտապես կենդանի է պահում Արցախի խնդիրն ու արցախցիների իրավունքների հարցերը։ Եկեղեցու բարձրաստիճան հոգևորականները չեն թաքնվում իրենց ապահով ծառայության հետևում, այլ ակտիվորեն մասնակցում են քաղաքացիական կյանքին։
Բազմաթիվ հոգևորականներ հայկական աշխարհով մեկ անուրանալի ծառայություն են իրականացնում փոխարինելով երբեմն հոգեբաններին, իրավապաշտպաններին և այլոց, օգնելով պահպանել մարդկային կարևորագույն արժեքները, հայրենիքի հետ կապը, ապագայի հանդեպ հավատը»։
Կարդացեք նաև