Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ էր փնտրում ռուս լրտեսը Ղարաբաղում և Հայաստանում. «Ազատություն»

Օգոստոս 21,2024 18:08

Ինչպե՞ս էր ռուսական հատուկ ծառայությունների լրտեսը հասել ՀՀ կառավարություն ու ՔՊ գրասենյակ, ի՞նչ էր փնտրում Մեծամորի ատոմակայանում

«Ազատություն». Ղարաբաղից տեղահանված Արմինեն (անունը փոխված է) Ռուսաստանի ու Արևմուտքի միջև կալանավորների պատմական փոխանակման կադրերը մի քանի անգամ է նայել, ետուառաջ տվել․ աչքերին չէր հավատում։ Ռուսական հատուկ ծառայությունների լրտեսներից, մարդասպան Վադիմ Կրասիկովից հետո շարժասանդուղքից իջավ Պաբլոն՝ նույն այն իսպանացի լրագրողը, որ վերջին տարիներին դարձել էր Ստեփանակերտի մշտական հյուրերից մեկը․ գալիս էր Ղարաբաղ ամեն անգամ, երբ իրավիճակը դառնում էր պայթյունավտանգ։

«Պաբլոյի հետ ծանոթացել եմ տասը տարի առաջ, հիշում եմ՝ 2012-ին էր, թե 2013-ին։ Կարծում եմ՝ դա նրա առաջին այցն էր Ղարաբաղ, ներկայացավ որպես իսպանացի լրագրող, ցանկություն ուներ հարցազրույցներ վարել Ղարաբաղի պաշտոնյաների հետ, այցելել Ղարաբաղի հարակից 7 շրջաններ, ավելի լավ ուսումնասիրել տեղանքը։ Ղարաբաղում շատ ծանոթներ ուներ։ Նրան շատ լավ էին ընդունում, և, տարօրինակ կերպով, Ղարաբաղի իշխանությունները, որ բոլորին էին կասկածում, Պաբլոյի հետ կապված որևէ կասկած չունեին»։

Պաբլոյի իսկական, կամ առնվազն՝ առաջին ինքնությունը բացահայտվել էր Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից շաբաթներ անց․ Լեհաստանի հատուկ ծառայությունները նրան ձերբակալել էին սահմանին ընկած Պրեմիսլով քաղաքում, որն այդ օրերին ուկրաինացի հարյուրավոր փախստականների էր ընդունում։ Մեղադրել ռուսական ГРУ-ի՝ Գլխավոր հետախուզական վարչության լրտես լինելու, Եվրոպայում կայունությունը խարխլելու համար։

Ռուս-ուկրաինական ռազմաճակատից հազարավոր կմ հեռավորությամբ գտնվող Ստեփանակերտում՝ 2020-ի պատերազմի ժամանակ, Պաբլոն իջևանել էր «Եվրոպա» հյուրանոցում, գրանցվել որպես Իսպանիայի քաղաքացի, անկախ լրագրող։

«Նրան ոչ մեկի հետ չէիր շփոթի»,- հիշում է հյուրանոցի վտարանդի տնօրեն Սերգեյ Շահվերդյանը։ Ի տարբերություն մյուս լրագրողների, Պաբլոն մարտի դաշտ էր նետվում ռազմական բարձր պատրաստություն անցած զինվորի նման։

Պաբլոյին ճանաչող թե՛ հայ, թե՛ օտարերկրյա լրագրողները նրան նույն կերպ են նկարագրում՝ կենսուրախ, կատակասեր, ընկերանում էր բոլորի հետ և շատ արագ, սիրում էր աղմկոտ հավաքույթներ, որոնց ժամանակ հաճախ էր ի ցույց դնում մարմնի դաջվածքները։ Ղարաբաղում դա անելու համար նա հատուկ պատճառ ուներ:

«Ղարաբաղի խորհրդանիշ տատիկ-պապիկն էլ էր տատու արել, ասում էր, որ ղարաբաղյան պատերազմն իրեն հոգեհարազատ իրավիճակ էր, դրա համար էր տատու արել»։

«Լրագրո՞ղ, թե՞ հատուկ ծառայությունների լրտես»․ հարցն անգամ փորձառու ռուս ընդդիմադիրերն էին իրենք իրենց տվել տարիներ առաջ, երբ լեհական հետախուզությունը Պաբլո-Պավել-ի համակարգչում հայտնաբերել էր 2015-ին Կրեմլի մոտ սպանված Բորիս Նեմցովի նամակն աղջկան՝ Ժաննա Նեմցովային։ Դրանից առաջ որպես իսպանացի անկախ լրագրող ներկայացող Ռուբցովը հասցրել էր ընկերանալ Նեմցովի աղջկա, նրա միջոցով՝ Կրեմլին քննադատող մյուս ռուս ընդդիմադիրների հետ։ Ընդ որում, այդ ընթացքում նա սոցիալական ցանցերում Վլադիմիր Պուտինին ռուս ընդդիմադիրներից պակաս չէր քննադատում։ Զուգահեռ, ինչպես լեհական հետախուզությունն է պարզել, Ռուբցովն այդ ընթացքում սողոսկել է Նեմցովայի համակարգիչ ու Մոսկվա տեղեկություններ փոխանցել նրա և մյուս վտարանդի ռուս այլախոհների մասին։

«2016-ից 2020 փետրվար Ռուբցովը ռուսական հետախուզությանն է փոխանցել տեղեկություններ, որոնք կարող էին վնաս հասցնել Լեհաստանին և ՆԱՏՕ-ի անդամ մյուս անդամներին»։

42-ամյա Ռուբցով-Գոնսալեսը հետաքրքրված էր նաև Հայաստանի ներքաղաքական կյանքով, դրանից առավել՝ Հայաստանի ու հարևանների հարաբերություններով։ 44-օրյա պատերազմի ժամանակ նա, ներկայանալով որպես իսպանական EFE լրատվական գործակալության թղթակից, հասել էր Հայաստանի վարչապետի մոտ։ Նիկոլ Փաշինյանը, փաստացի, միակ առաջնորդն է, որի հետ Ռուբցովը դեմ առ դեմ հարցազրույց է վարել։

Պաշտոնապես հրապարակված տեքստում նա Փաշինյանից հարցրել է պատերազմի ընթացքից, հետաքրքրվել՝ Մոսկվան անո՞ւմ է ամեն ինչ՝ Երևանի հետ ռազմավարական դաշինքի շրջանակում ստանձնած պարտավորությունները կատարելու համար:

Ռուբցովը նաև Փաշինյանից հարցրել էր՝ ինչո՞ւ են Ղարաբաղի և Հայաստանի սահմանին ռուս սահմանապահներ տեղակայվել։ Հայաստանի կառավարությունն ու իսպանական EFE գործակալությունը հարցազրույցի այս հատվածը հարկ չէին համարել հրապարակել, բայց դա չէր խանգարել, որ այն հայտնվեր ռուսական պետական լրատվամիջոցների՝ «Սպուտնիկ»-ի ու ՌԻԱ «Նովոստի»-ի տրամադրության տակ։

Ռուսական պետական լրատվամիջոցները պատճառաբանել էին, թե իսպանացի լրագրողն ուղղակի ռուս գործընկերոջը ցույց է տվել Փաշինյանի հետ առանձնազրույցի այդ հատվածը։ Ինչո՞ւ էր իսպանացիների համար աշխատող լրագրողը ռուսների հետ կիսվում իր հարցազրույցով, չէին բացատրել։ Այդ հարցը կասկածներ չէր հարուցել նաև Հայաստանի կառավարության մոտ։ Արտգործնախարարությունը պատերազմի երկրորդ օրվանից՝ սեպտեմբերի 28-ից, Պաբլո Գոնսալեսին տրված հավատարմագիրն ուժի մեջ է թողել՝ առնվազն մինչև հոկտեմբերի վերջ։

«Ինֆորմացիան ուժ է» (Información es poder), պատերազմից մեկ տարի անց՝ ղարաբաղյան հակամարտության մասին գրել էր Ռուբցովը իսպանալեզու իր կայքում։ Այդ «ուժը» նրան մի քանի անգամ է Հայաստան բերել, այդ թվում՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրերին։

Պատերազմից հետո, երբ Հայաստանում ներքաղաքական կյանքը եռում էր, ընդդիմությունը՝ բարձրաստիճան զինվորականների հետ պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Պավել Ռուբցովը մի քանի շաբաթ շփվել է Հայաստանի քաղաքական ուժերի հետ, նկարվել իշխող «Քաղաքացիական պայմանագրի» գրասենյակում, մասնակցել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին։

«Ազատության» զրուցակիցները՝ թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր թևից, նրան չեն մտաբերում։ Ընտրությունների մասին նրա հրապարակումներում արտասովոր նորություններ չկան։ Հստակ է, սակայն, որ այդ ընթացքում Ռուբցովին հետաքրքրել է ռազմավարական նշանակություն ունեցող մեկ այլ թեմա՝ Հայաստանի ատոմակայանն ու էներգետիկ համագործակցությունը Ռուսաստանի հետ։ Սեփական՝ իսպանալեզու կայքում այդ օրերին նա հոդված է հրապարակել՝ մանրամասն նկարագրելով՝ որտեղ է ատոմակայանը տեղակայված, ինչ հզորության ռեակտորներ ունի, դրանցից քանիսն են գործում և որ երկիրն է վառելիք մատակարարում։ Հոդվածում բարձրացված հարցերից էր՝ կկառուցի՞ արդյոք Հայաստանը նոր ատոմակայան, և եթե այո, արդյո՞ք Երևանն այդ պատվերը կրկին Ռուսաստանին կտա։

Պաբլո Գոնսալեսի՝ նույն ինքը՝ Պավել Ռուբցովի հետաքրքրությունը միջուկային օբյեկտի հանդեպ կասկածներ չէր հարուցի, եթե ավելի վաղ ռուսական «Ագենտուրա» կայքը բացահայտած չլիներ, որ Գոնսալեսը ժամանակ առ ժամանակ ճամփորդում է ռուսական հատուկ ծառայությունների լրտեսների հետ։ Լրագրողական հետաքննության համաձայն, 2017 թվականին Ռուբցովը Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ է մեկնել, ապա՝ վերադարձել ГРУ-ի հետախույզ Սերգեյ Տուրբինի հետ՝ նույն ինքնաթիռով։ Ընդ որում, երկուսի տոմսերն էլ նույն հասցեից էին պատվիրվել և գնվել նույն վայրից՝ Մոսկվայի Պավելեցկիի կայարանից։ Այս փաստը հասանելի էր դարձել “Сирена-Трэвел” գործակալության տվյալների արտահոսքի շնորհիվ՝ ուկրաինացի հաքերների հարձակումից հետո։

Հ․Գ․ Նյութի հրապարակումից հետո «Ազատություն»-ը ստացել է Հայաստանի արտգործնախարարության արձագանքը, որտեղ նշվում է, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը իսպանացի թղթակից Պաբլո Գոնսալեսին հավատարմագրել է երկու անգամ՝ 2020-ի սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 31-ը և 2021-ի հունիսի 15-ից հունիսի 25-ը, որպես GARA թերթի լրագրող՝ ՀՀ ԱԳՆ կարճաժամկետ հավատարմագրման համար անհրաժեշտ փաստաթղթերի հիման վրա։

Հեղինե Բունիաթյան, Հասմիկ Սմբատյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031