Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ես անմեղ եմ, եթե փախուստի դիմեմ, նշանակում է՝ ընդունում եմ, որ մեղավոր եմ, ո՞նց կարող եմ իմ պատիվը գետնով տալ». «Սիներջիի» տնօրենի բացակայելու արգելքը չվերացվեց

Օգոստոս 21,2024 17:59

Հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվեց էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի եւ մյուսների գործով դատական նիստը։

Հիշեցնենք, որ Վահան Քերոբյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի՝ «պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը», 2-րդ մասի 4-րդ կետով՝ «մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ»: Վահան Քերոբյանը մեղադրանքը չի ընդունում:

ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ պարզվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մի խումբ պաշտոնատար անձինք, կանխակալ որոշում ունենալով մրցույթում «Սիներջի» ընկերությանն ամեն գնով հաղթող ճանաչելու վերաբերյալ, այդ նպատակի իրագործման համար խմբի կազմում Ընկերության տնօրենի և աշխատակիցների օժանդակությամբ կատարել են գործողություններ՝ ուղղված մրցակցության սահմանափակմանն ու «Սիներջի» ընկերության մրցակցին մրցույթից հեռացնելուն:

Մեղադրանք է առաջադրվել նաեւ «Սիներջի» ընկերության հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանին։

Աշոտ Հովհաննիսյանի պաշտպանն այսօրվա նիստում միջնորդություն ներկայացրեց խափանման միջոցի վերաբերյալ։ Փաստաբանն ասաց, որ Աշոտ Հովհաննիսյանը հանդիսանում է ընկերության տնօրեն, տարբեր երկրներ այցելելու ու բանակցություններ վարելու անհրաժեշտություն կա։ Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել, որ Աշոտ Հարությունյանը մեկնի մի շարք երկրներ։ Հետեւաբար, փաստաբանը միջնորդեց, որպեսզի այլընտրանքային խափանման միջոց բացակայելու արգելքը վերացվի։ Միաժամանակ, միջնորդություն ներկայացվեց գրավի չափը բարձրացնել՝ սահմանելով 8 մլն դրամ։

Փախուստի դիմելու մասին հիմնավորմանն անդրադառնալով՝ փաստաբանն ասաց, որ դա տրամաբանական չէ։

Աշոտ Հովհաննիսյանը դատական նիստի սկզբում ասաց, որ դեմ է, որպեսզի լրատվամիջոցները լուսանկարեն կամ տեսանկարահանեն իրեն։

Աշոտ Հովհաննիսյանն իր խոսքում նշեց, որ իր հիմնադրած ընկերությունն այսօր Հայաստանի ՏՏ ոլորտի ամենահին ընկերություններից մեկն է, 25 տարի ընկերությունը մեծ ներդրում է ունեցել Հայաստանի տնտեսության զարգացմանը։ Միակ ամերիկյան ընկերությունն է եղել, որը նաեւ վեց տարի գործել է Արցախում՝ չնայած Ադրբեջանի կողմից հնչած սպառնալիքներին։ «Այսինքն՝ ես պատահական մարդ չեմ, իմ ամբողջ կյանքը ցույց է տալիս, որ եթե ուզենայի, առանց այս ամեն ինչի կվայելեի իմ կյանքը դրսում։ Ումի՞ց փախցնեմ իմ անձը, ինքս ինձանի՞ց, իմ շրջապատում հարգանքը կորցնե՞մ։ Ես անմեղ եմ, եթե թողնեմ՝ փախնեմ, նշանակում է ընդունում եմ, որ մեղավոր եմ, վախեցել եմ ու փախել եմ։ Ես ո՞նց կարող եմ իմ պատիվը գետնով տամ ու գնամ չգիտեմ ինչի։ Իմ ընկերությունն այս ամենի պատճառով շատ է տուժել։ Մեր պատվիրատուները երկրների կառավարություններն են, որեւէ երկիր կուզի՞ գործ ունենալ նման ընկերության հետ։ Ես ինչո՞ւ եմ արգելում տեսանկարահանել ինձ, որովհետեւ ամեն հրապարակում բիծ է իմ ընկերության համար» ,- ասաց Աշոտ Հովհաննիսյանը։

Վահան Քերոբյանի պաշտպան Տիգրան Եգորյանը նշեց, որ Աշոտ Հարությունյանի փաստաբանի հիմնավորումները համոզիչ են։ Նախորդ նիստում դատարանը մերժել էր վերացնել Վահան Քերոբյանի նկատմամբ կիրառված բացակայելու արգելքը։ Եգորյանն ու Քերոբյանն ասացին, որ միանում են Աշոտ Հովհաննիսյանի ու նրա փաստաբանի միջնորդությունը, այդ միջնորդությունը պետք է բավարարվի։

Հանրային մեղադրողն ասաց, որ դատարանը պետք է մերժի այս միջնորդությունը։

Դատավոր Մերի Մոսինյանն ասաց, որ ցանկացած միջնորդություն պետք է լինի փաստարկված, ու դրա տակ պետք է լինեն իրավական հիմքեր։ Բայց այս դեպքում չկան փաստարկներ, որ «Սիներջի» ընկերությունը ֆինանսական վնասներ կկրի։ Դատավորը մերժեց միջնորդությունը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հ. Գ. Երեկ «Արտ Լանչի» տարեցների սոցիալական ճաշարանի բացմանը որպես կամավոր աշխատել է նաև Վահան Քերոբյանը։

«Երբ իմացա ծրագրի մասին, դեռ նախարար եղած ժամանակ խոստացա, որ կգամ ու մեկ օր կաշխատեմ։ Հիմա նախարար չեմ, բայց խոստումը մնում է խոստում»,- ասել է Քերոբյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031