Մեծանուն քանդակագործ, նկարիչ Երվանդ Քոչարի, որի ծննդյան 125-ամյակն է տոնվում այս տարի, 52 տարի առաջ ստեղծած բացառիկ աշխատանքը հատուկ ցուցադրությամբ ներկայացվեց «Ռեֆլեքսիաներ ըստ Երվանդ Քոչարի» նախագծի մասնակից աշակերտներին։
Ցուցադրությունը կայացավ երեկ, օգոստոսի 20-ին, Հայաստանի կինոգործիչների միության Կինոյի տանը, քանի որ միությունն աջակցում է կրթական նախագծին և նախագծի ծրագրային հանդիպումները կայանում են Կինոյի տան սրահներում։
Ցուցադրությանը ներկա էին տասնյակ աշակերտներ, ծնողներ, ուսուցիչներ, լրագրողներ, հայտնի անհատներ, որոնք եկել էին բացառապես մի քանի ժամով Կինոյի տուն բերված քոչարյան ստեղծագործությունն ըմբոշխնելու։
Կարդացեք նաև
Դահլիճում հնչում էր յոթանասունական թվականներին հայտնի, սիրված երգչուհի, տաղանդավոր ստեղծագործող, բազմաթիվ սիրելի երգերի յուրահատուկ կատարող, յուրահատուկ ձայնի ու երգեցողության կրող Բելլա Դարբինյանի ձայնը, ներկաներն ուսումնասիրում էին եզակի մի գործ՝ Բելլա Դարբինյանի դիմանկարը, որ Վարպետը նկարել էր 52 տարի առաջ, 1972 թվականին, իրեն հատուկ նորարարությամբ՝ ալյումինի վրա, գուցե նաև իր ստեղծած ներկերով, քանի որ այդ վաղեմության ստեղծագործությունը, այն էլ ալյումինի վրա, կարծես նոր էր իջեցվել նկարակալից, և փայլում էր իր թարմությամբ ու գույների խաղով, ինչը ևս մեկ անգամ խոսում է Երվանդ Քոչար մեծ անհատականության անկրկնելի արվեստի մասին։
Ցուցադրությանը ներկա էր և իր ունեցած տեղեկություններն այդ օրերի մասին պատմեց Բելլա Դարբինյանի դուստրը՝ լրագրող Թերեզա Կասյանը, որից հետո կայացավ շատ հետաքրքիր ու ստեղծարար մի աշխատարան․ «ՌԵՖԼԵՔՍԻԱՆԵՐ ԸՍՏ ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐԻ» նախագծի մասնակից աշակերտները՝ նախագծի մենթոր, նկարիչ, քանդակագործ, մանկավարժ, ՀՆԱՐ արվեստի աշխատարանի հիմնադիր Նարեկ Հայրապետյանի մտահղացմամբ՝ նկատի առնելով, որ Քոչարը Բելլա Դարբինյանի դիմանկարը ստեղծել էր ալյումինի վրա, ալյումինե փայլաթիթեղից քանդակագործական մի ակտ իրականացրեցին՝ ստեղծելով իրենց իսկ փայլաթիթեղե դիմակները, որոնք հետո ներառվելու են նախագծի ցուցահանդեսային ծրագրում։
Միայն մեծ ցանկությունը, նվիրումը՝ դպրոցականներին արվեստի այդ եզակի ստեղծագործության հետ հաղորդակից դարձնելու, Երվանդ Քոչարի անչափելի ժառանգությանը նրանց մոտ բերելու, անկրկնելի զգացողություններ պարգևելու՝ կարող էր մղել կազմակերպիչներին՝ տեղափոխել քոչարյան այդ մասունքը մասնավոր հավաքածուից և հատուկ ցուցադրությամբ այն ներկայացնել հենց նոր սերնդին։
Այս ցուցադրումը շատ հետաքրքիր նախապատմություն ունի։
2006 թվականին Երևանում լույս է տեսնում Ավետիք Իսահակյանի որդու՝ Վիգեն Իսահակյանի «Փարիզ, Քոչար, անցած օրեր» գիրքը, որում Վիգեն Իսահակյանը պատմում է այսպիսի մի հուշ․
«․․․ Մի օր ես ու տղաս՝ Ավիկը, անցնում էինք Երվանդի արվեստանոցի կողքով, տեսա մարդ կա: Մտանք: Երվանդը լավ սափրված, սանրված, թարմ շապիկ հագած, կտավի առջև նստած նկարում էր…Դիմացը բազկաթոռում նստած էր մի շատ գեղեցիկ կին: Ծանոթացրեց. օրիորդ Բելա Դարբինյան. երգչուհի: Նայեցի կտավին, կտավը կտավ չէր, այլ ալյումինումի մի բարակ թերթ: Տեսա՝ հաճույքով էր նկարում Երվանդը, աչքերը փայլուն, ձեռքի շարժումները՝ արագ: Գույները՝ թարմ, քոչարյան գույներ էին, կապույտ, սպիտակ, վարդագույն, լավ էին բռնում ալյումինումի հենարանին: Դրանք համապատասխանում էին Քոչարի թեորիային, որն ասում էր՝ գեղեցիկ նկարելու համար պետք է մոդելին, բնորդին հավանես, ցանկանաս…:
Որպեսզի ոչ ոք չհասկանա, իտալերեն ասացի. «E bellissima, maestro, avanti !»: Թարգմանես՝ այսպես է. «Գեղեցիկ է, մաեստրո, շարունակիր նկարել, հառա՜ջ»: Սակայն ասելու երանգից կարելի է երկու իմաստ տալ այս բառերին, կարելի է այսպես հասկանալ՝. «Գեղեցիկ է մոդելը-կինը, մաեստրո, շարունակիր սիրահետել, հառա՜ջ»:
Երվանդը հասկացավ, աչքերով վերևի հարկը ցույց տվեց, որ ավելորդ չխոսեմ: Վերևում Մանիկը կար էր անում, մի աչքը՝ ներքև, նայում: Նորից նայեցի նկարին, շատ լավն էր, գեղեցիկ, թեթև, թափանցիկ: Բնազդաբար, բերանիցս թռավ. «Շատ գեղեցիկ է, իսկական Մարի Լաուրենսին լինի»: Երվանդը նեղացավ, բարկացավ. «Դու էլ ինձ միշտ ասում ես՝ a la-ա լյա Բոտիչելլի, ա լյա Ռեմբրանդտ, ա լյա Վերոքիո, ինչո՞ւ չես ասում ա լ յա Քոչար»:
Այս միջադեպը շեղեց Երվանդին իր աշխատանքից, ասաց «Հերիք է այսօրվա համար»: Խնդրեց Բելա Դարբինյանին, որ վաղը նորից մի ժամ տրամադրի գործին և որ անպայման կավարտի նկարը»:
Այս հուշը հրապարակելուց հետո Վիգեն Իսահակյանը նույն գրքում հարցադրում է անում․ «Ի՞նչ եղավ այս գործը, ո՞ւր է. պետք է գտնել, ցուցադրել: Այս գործը, նոր գույներով, նկարված ալյումինումի վրա, կարող էր մի նմուշ լինել իր մի նոր նկարչական պերիոդի…»։
Այդ հուշի հրապարակումից հետո տասը տարի անց՝ 2017 թվականին, լրագրող, հրապարակախոս Արայիկ Մանուկյանը «Հայեր» մեդիահարթակում հրապարակում է «Քոչարի խորհրդավոր բնորդուհին ու գտնված կտավը» հոդվածը, որով իրականացված է համարում Վիգեն Իսահակյանի՝ «Ի՞նչ եղավ այս գործը, ո՞ւր է. պետք է գտնել, ցուցադրել» հարցադրման մի մասը՝ գտնելը և մնում է ցուցադրելու խնդիրը։
«Ես ավելի քան տասը տարի որոնել եմ Քոչարի այդ ստեղծագործությունը։ Անչափ ուզում էի այն գտնել։ Վստահ էի, որ այն մասնավոր մի հավաքածի մաս է կազմում։ Շատ էի ուզում, որ այդ բացառիկ ստեղծագործությունը բոլորը տեսնեին։ Եվ ես այն գտա։ Այդ հրաշք ստեղծագործությունը Բելլա Դարբինյանի ընտանիքում էր, ուղղակի ես չգիտեի, որ իմ շատ մոտ ընկերը, իմ գործընկերը, որի հետ աշխատել էինք հեռուստատեսությունում և շատ թանկ ճանապարհ էինք անցել՝ Թերեզա Կասյանը, Բելլա Դարբինյանի դուստրն է»,- ասում է Արայիկ Մանուկյանը, որը նաև «ՌԵՖԼԵՔՍԻԱՆԵՐ ԸՍՏ ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐԻ» նախագծի համահեղինակն է և ղեկավարը, և հավելում․«Գիտեք, 2006 թվականին արդեն հայտնի էր Քոչարի այդ ստեղծագործության մասին հանրությանը։ Բնականաբար, այդ փաստը հայտնի էր նաև շատերին ավելի վաղ, որոնք զբաղվում են Քոչարի ժառանգությամբ, բայց, ինչպես հավաստեց Բելլա Դարբինյանի դուստրը, իմ ընկեր Թերեզա Կասյանը, բացառությամբ սովետական շրջանի, երբ մի քանի անգամ ստեղծագործությունը ցուցադրել են տարբեր տեղերում, որևէ այլ ցուցադրություն չի կազմակերպվել, որևէ մեկը Քոչարի այդ ստեղծագործությամբ չի հետաքրքրվել, չի որոնել, չի փնտրել։ Եվ ես հպարտ եմ, որ կարողացա համառ որոնումներից հետո այն գտնել, իրականացնել նաև իմ երազանքը՝ ցուցադրել այդ ստեղծագործությունը և այն ցուցադրել հենց այն սերնդին, որն այս տեսակ կուտակումների շնորհիվ պետք է ապրի իր լավագույն ժամանակը»։
Եվ ահա մնում է ցուցադրության խնդիրը։ Այս տարիների ընթացքում, ինչպես ասում են ցուցադրության կազմակերպիչները, բազմաթիվ տարբերակներ են դիտարկվել, բայց նախընտրությունը տրվել է կրթական, մշակութային թիրախային ծրագրի շրջանակում այն ցուցադրելուն և այն բաժին է հասել «ՌԵՖԼԵՔՍԻԱՆԵՐ ԸՍՏ ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐԻ» նախագծի մասնակիցներին։
2024 թվականի օգոստոսի 20-ը, վստահաբար, ընդմիշտ կմնա «ՌԵՖԼԵՔՍԻԱՆԵՐ ԸՍՏ ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐԻ» նախագծի մասնակիցների հիշողության մեջ՝ որպես բացառիկ մի օր, երբ նրանք հնարավորություն ունեցան ուղղակի մոտից տեսնելու, ուսումնասիրելու Երվանդ Քոչարի մի ստեղծագործություն, որը ստեղծվել էր 52 տարի առաջ և քոչարյան շատ յուրահատուկ մի մասունք էր։
Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, ԱԿՆ մշակութային հասարակական կազմակերպության կողմից և նպատակ ունի դպրոցականների հետ ուսումնասիրելով քոչարյան մեծ ժառանգությունը, ձևավորել հմտություններ ու կարողություններ և ականատեսը լինել, թե ինչպես են դպրոցականները՝ ոգեշնչված քոչարյան արվեստով, ստեղծում իրենց անդրադարձումները, որոնց արվեստային լեզվով ընդունված է ասել ռեֆլեքսիաներ։