Լրահոս
Օրվա լրահոսը

Գորիսի ավագանու գործառույթներից դուրս է Առուշ Առուշանյանին պաշտոնանկ անելու որոշումը

Օգոստոս 21,2024 15:22

Երկուշաբթի՝ օգոստոսի 19-ին, Գորիսի համայնքի ավագանին արտահերթ նիստ էր հրավիրել․ օրակարգում՝ ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնի պետի 2024 թվականի օգոստոսի 16-ի գրությունը քննարկելու մասին։ Ըստ՝ այդ գրության՝ Առուշ Առուշանյանը Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր դատարանի դատավճռով դատապարտվել է «ՀՀ քրեական օրենսգրքի» 308-րդ հոդվածի 1-ին մասով, 322-րդ հոդվածի 2-րդ մասով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 6-րդ կետերով եւ որպես պատիժ է նշանակվել նաեւ տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելը՝ 5 տարի ժամկետով, որն օրինական ուժի մեջ է մտել 2024թ․ հուլիսի 27-ից։

«Համաձայն «ՀՀ քրեակատարողական օրենսգրքի» 33-րդ հոդվածի 1-ին մասի՝ եզրափակիչ դատական ակտի պահանջները պարտադիր են դատապարտյալի աշխատավայրի վարչակազմի, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաեւ այն մարմինների կամ կազմակերպությունների համար, որոնք իրավասու են նման գործունեությամբ զբաղվելու թույլտվություն տալ կամ վերացնել այն: Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ դատապարտյալի աշխատավայրի վարչակազմը պարտավոր է ապահովել եզրափակիչ դատական ակտի պահանջների կատարումը՝ դրա պատճենը եւ Պրոբացիայի ծառայության ծանուցումը ստանալուց հետո՝ ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում, ինչպես նաեւ միջոցներ ձեռնարկել եզրափակիչ դատական ակտով դատապարտյալին արգելված պաշտոնները զբաղեցնելու կամ արգելված գործունեությամբ զբաղվելու հետ կապված բոլոր իրավունքներից զրկելու ուղղությամբ՝ այդ մասին տեղեկացնելով Պրոբացիայի ծառայությանը»,-գրված է գրության մեջ:

Ավագանու 21 անդամից նիստին մասնակցել է 14-ը։ Ավագանին միաձայն արձանագրել է, որ ՀՀ արդարադատության նախարարության Սյունիքի մարզային մարմնի պետի գրության պահանջները ավագանու գործառույթներից դուրս են, առկա է այդ գործընթացը ավագանու կողմից կազմակերպելու անհնարինության վիճակ։

Ըստ ավագանու՝ ՏԻՄ պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելու ձեւով պատժի դատապարտվելը «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով ներառված չի համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հիմքերում։ Որպես քրեաիրավական իրավահարաբերությունից բխող հիմք դրանում ներառված է բացառապես ազատազրկման դատապարտվելը եւ այդ պատիժը կրելը, որ այստեղ բացակայում է։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Լուսանկարը՝ Գորիսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031