Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի՞նչ է ակնկալում Ալիևի վարչակազմը Չինաստանի հետ նոր մակարդակի համագործակցությունից

Օգոստոս 21,2024 15:18

«Ազատություն». Մինչ Վաշինգտոնն ու Բրյուսելը Մոսկվայի կոշտ հակազդեցության պայմաններում փորձում են սերտացնել կապերը Հարավային Կովկասի երկրների հետ, տարածաշրջանում իր ազդեցությունն է ընդլայնում Արևմուտքի մյուս մրցակիցը՝ Պեկինը։ Վրաստանից հետո Չինաստանը հարավկովկասյան երկրորդ երկրի՝ Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցության պայմանագրի կնքեց հուլիսին։

Ո՞րն է Պեկինի շահը հարավկովկասյան տարածաշրջանում

Իլհամ Ալիևն ու Սի Ծինփինը հուլիսին ստորագրված հռչակագրում հայտարարում են համագործակցությունն ընդլայնելու մասին՝ խոստանալով ռազմավարական բովանդակություն հաղորդել երկու երկրների հարաբերություններին, որոնց հազարավոր կիլոմետրեր են բաժանում։

«Ճտերն աշնանն են հաշվում»

Չինաստանի հարցերով մասնագետները դեռ չեն շտապում գնահատականներ տալ առաջին հայացքից հավակնոտ այս փաստաթղթին։ Նրանք խորհորդ են տալիս ճտերն աշնանը հաշվել։

«Ազատություն» ռադիոկայանի՝ Չինաստանի հարցերով մասնագիտացված լրագրող Ռեյդ Ստանդիշը հիշեցնում է, որ Պեկինը ռազմավարական գործընկերության մասին հռչակագրեր է ստորագրել բազմաթիվ երկրների հետ՝ ընդ որում հաճախ նույն բովանդակությամբ ու ցանկություններով, որոնք, սակայն, շատ դեպքերում այդպես էլ մնացել են թղթի վրա։

Փորձագետները, սակայն, փաստում են՝ մեկ հարցում պետական լրատվամիջոցը ճիշտ է՝ երկու երկրները բազմաթիվ ընդհանրություններ ունեն․ երկուսն էլ հայտնի են ավտորիտար կառավարման համակարգով, մարդու իրավունքների ոտնահարումներով, կրոնական անհանդուրժողականությամբ։ Այս ֆոնին երկու երկրների համագործակցության վերջին տվյալներն այնքան էլ տպավորիչ չեն․ առևտուրն անցյալ տարի դեռևս չի գերազանցել 3 միլիարդ դոլարը, նախանցած տարի 2 միլիարդ դոլարից մի քիչ էր ավելի, մինչ այդ էլ՝ ավելի պակաս: Բաքուն ավելի շատ ֆինանսական շահ ունի Ռուսաստանից, Թուրքիայից, անգամ ԵՄ անդամ Իտալայից:
Բաքվի ակնկալիքն այլ է

Բաքվի ակնկալիքը Չինաստանից այլ է, կարծում է Հարավկովկասյան տարածաշրջանի հարցերով փորձագետ Վադիմ Դուբնովը․ «Սա ուղերձ է այն մասին, որ մենք ոչ մեկի հետ ենք, ոչ էլ մյուսների, այլ հարում ենք ինչ-որ երրորդ ուժային կենտրոնի»։

«Չինաստանն այլընտրանքային ուղիներ է փնտրում»

Չինաստանի քաղաքականությանը հետևող լրագրող Սթենդիշի համոզմամբ, Բաքվի և Պեկինի հնարավոր համագործակցությունն ավելի լայն աշխարհաքաղաքական ենթատեքստ ունի։ Ուկրաինայի պատերազմի պատճառով աշխարհով մեկ պտտվող մատակարարման շղթաները խափանվել են, և հիմա համաշխարհային շուկաները գրաված Չինաստանը փորձում է այլընտրանքային ուղիներ գտնել։

Այդ մասին են վկայում Չինաստանի ներդրումները Վրաստանում՝ խոշոր ենթակառուցվածքային նախագծերում, ինչպես նաև Հայաստանի հետ առևտրի աճը։

2023թ-ին Պեկինը եղել է Հայաստանի երկրորդ առևտրային գործընկերը ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջև հատել է 1,5 միլիարդ դոլարն՝ այս ցուցանիշով իր տեղը զիջելով միայն Ռուսաստանին, իսկ վերջին հինգ տարիներին հայ-չինական առևտրի ընդհանուր ծավալն ավելի քան կրկնապատկվել է։

«Երկար ժամանակ Չինաստանն իրականում այդքան էլ հետաքրքրված չէր Կովկասով, քանի որ դրա կարիքը չուներ, գիտեք, որ դրանք (Հարավային Կովկասի երկրները) համեմատաբար փոքր շուկաներ են, նախկինում Պեկինի առևտուրը Եվրոպայի հետ բավականին հեշտ էր՝ ուղիղ ուղարկում էր Ռուսաստան, այնտեղից էլ եվրոպական շուկաներ, բայց հիմա դա այլևս այդպես չէ, այլընտրանքի կարիք կա», – ասում է Սթենդիշը։

Այդ այլընտրանքն, ըստ լրագրողի, Միջին միջանցքն է․ 6 հազար 500 կիլոմետրանոց մի ճանապարհ, որը Չինաստանը կմիացնի Եվրոպային Կենտրոնական Ասիայի և Կովկասի միջոցով՝ շրջանցելով Ռուսաստանը։

«Պեկինը կարող է անփոխարինելի գործընկեր դառնալ Բաքվի համար»

Միջազգային փորձագետների գնահատականներով՝ եթե Միջին միջանցքն իսկապես սկսի աշխատել, Ադրբեջանը կարող է մեծ օգուտներ ստանալ, սակայն, մինչ այդ, պետք է եղած ենթակառուցվածքներն ու նյութատեխնիկական կենտրոններն ընդարձակել ու բարելավել։

Այստեղ է, որ Չինաստանը կարող է անփոխարինելի գործընկեր դառնալ Ադրբեջանի համար։

Լուսինե Մուսայելյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031