«Լուկաշենկոյին ուղղակի ոգևորել էին Պուտինի՝ Բաքու կատարած այցի արդյունքները», – Առինջ գյուղում գտնվող Բելառուսի դեսպանատան դիմաց հայտարարեց «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը՝ անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ ՀՀ-ին ուղղված անհարգալից հայտարարություններին։
Հիշեցնենք՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «Россия» հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադառնալով Հայաստանի իշխանության վարած քաղաքականությանը՝ ասել է. «Դե, հայերը մեզնից բացի ո՞ւմ են պետք։ Նրանք ոչ մեկին պետք չեն։ Թող իրենց տնտեսությունը զարգացնեն ու իրենց ունեցածի վրա կենտրոնանան։ Ի՞նչ Ֆրանսիա, ի՞նչ Մակրոն։ Վաղը Մակրոն չի լինի, և բոլորը կմոռանան այդ Հայաստանի մասին»:
Արման Բաբաջանյանն ասաց՝ օրինաչափ է, որ մենք այս պահին չպետք է ունենանք Մինսկում դեսպան․ «Առնվազն հասկանալի է, որ Բելառուսը ուղղակի մասնակցել է 2020-ի պատերազմի պատրաստությանը, Լուկաշենկոն հաստատել է, որ ինքը տեղյակ է եղել, որ Ադրբեջանը պատրաստվում է ռազմական հարձակում գործել ՀՀ-ի և Արցախի վրա։ Պետությունը, որը ներկայացնում է ազգային անվտանգության սպառնալիք, նրա հետ մենք չեն կարող ունենալ դիվանագիտական հարաբերություններ։ Դա ինքնին հիմք է, որ մենք սկսենք այդ գործընթացը և դադարեցնենք այս բռնապետական ռեժիմի հետ մեր հարաբերությունները»։
Արման Բաբաջանյանը, ցույց տալով Բելառուսի դեսպանատան շենքը, նշեց՝ այս շենքը, կարծեմ, Գագիկ Ծառուկյանը նվիրաբերել է Բելառուսին՝ իր բիզնես հետաքրքրություններով պայմանավորված․ «Հույս ունեմ, որ Գագիկ Ծառուկյանին ևս վիրավորել են Լուկաշենկոյի հայտարարությունները, և ինքն առաջինը վզակոթից կբռնի ու Բելառուսի դեսպանին կվռնդի ՀՀ-ից, որովհետև ամեն պատվախնդիր հայ այդպես պետք է վարվի։ Իսկ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության առաջին արձագանքը պետք է լինի մեր այս ակցիային և հայտարարությանը՝ անմիջապես հրավիրել դեսպանին ԱԳ նախարարություն և նրան խորհուրդ տալ վերադառնալ Մինսկ՝ խորհրդատվության»։
Կարդացեք նաև
Արմեն Բաբաջանյանի կարծիքով՝ մենք հասել ենք մի տեղ, երբ պիտի ուղղակի որոշակի գործողությունների դիմել․ Բելառուսը չի կարող ՀՀ-ում ունենալ դեսպանատուն։ Ասաց, որ դեսպանատնից որևէ պահանջ չունեն․ «Կարծում եմ՝ առաջիկայում պետք է ձեռնամուխ լինենք, որ Բելառուսի ժողովրդի քվեն ստացած իրական առաջնորդը՝ Սվետլանա Տիխանովսկայան, պաշտոնական հրավեր ստանա, և այցելի ժողովրդավարական Հայաստան, հանդիպի քաղաքացիական հանրությանը, ՀՀ իշխանություններին։ Նա է ներկայացնում այսօր Բելառուսի ժողովրդին, բելառուսական պետությունը աշխարհի առաջնորդներին»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ