Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերջին 14 օրերի ընթացքում կորոնավիրուսի 229 դեպք է արձանագրվել, վերջին 7 օրերին ՝ 113 դեպք՞

Օգոստոս 21,2024 14:22

«Կարմրուկը դեռեւս 2023 թվականից արձանագրվեց մեզ մոտ, առաջին դեպքը բերովի էր, հետո ունեինք տեղային դեպքեր: Նախորդ տարվա համեմատ՝ այս տարի ունենք հիվանդությունների աճ, եթե նախորդ տարի գրանցվել էր 554 դեպք,իսկ այս տարի մինչեւ օգոստոսի 20-ը՝ 547 դեպք»,-Առողջապահության նախարարությունում կայացած ասուլիսում նշեց Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը ՝ անդրադառնալով վարակիչ հիվանդություններին (կարմրուկ, Արևմտյան Նեղոսի տենդ,Կապիկի ծաղիկ, կապույտ հազ, COVID-19, գրիպ, ՍՇՎ ) եւ Հայաստանում ընդհանուր համաճարակային իրավիճակին:

Հավելեց, որ հիվանդությունների դեմ ամենաարդյունավետ պայքարի միջոցը պատվաստումներն են, դրա համար հորդորեց պատշաճ պատվաստումներ իրականացնել: Պարզաբանեց, որ վարակիչ հիվանդություններն ունեն համաճարակաբանական որոշակի օրինաչափություն, եւ կախված հիվանդությունից՝ 4-7 տարին մեկ լինում են բարձրացումներ:

«Այս տարի ունենք կապույտ հազի բարձրացում, նախորդ տարի 50 դեպք էր գրանցվել, այս տարի մինչեւ օգոստոսի 1-ը՝ 98 դեպք: Ճնշող մեծամասնությունը բաժին է ընկնում մինչեւ 18 տարեկաններին, որոնց մեծ մասը նախադպրոցական տարիքի երեխաներ են»,-ասաց Ստեփան Աթոյանը: Հավելեց, որ կապույտ հազը եւս կառավարելի հիվանդություն է, եւ պատվաստումների դեպքում բացառվում է հիվանդության զարգացումը:

Ինչ վերաբերվում է քովիդին, ՀՎԿԱԿ-ի գլխավոր տնօրենի խոսքով. «Վերջին 14 օրերի ընթացքում 229 դեպք է արձանագրվել, վերջին 7 օրերին ՝ 113 դեպք: Դրանք մի փոքր ավել են նախորդ տարվանից: Հիմա շրջանառվում է օմիկրոնի JN1 տարատեսակը, որը իր հպավարակելիությամբ եւ ծանրության աստիճանով ավելի թույլ է, քան նախորդ տարիներին գրանցված շտամերը: Մահաբերության ցուցանիշը 0,5 է: Հիմնական ռիսկի խմբերը տարեց մարդիկ են եւ խրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ: Սուր շնչառական վարակների մասով նույնպես ունենք բարձրացում նախորդ տարվա համեմատ, բայց սա նույնպես ենթարկվում է համաճարակային հիվանդությունների նշածս օրինաչափությանը»,-ասաց Աթոյանը:

Նա նաեւ նշեց, որ օգոստոսի 1-20-ն ընկած ժամանակահատվածում ջրծաղիկի 336 դեպք է գրանցվել, նախորդ ամսին՝ 1245 դեպք է գրանցվել, ընդ որում՝ մոտ 83 տոկոսը մինչև 18 տարեկան անձանց մոտ, իսկ 52-ը՝ կազմակերպված օջախներից:

Ի թիվս այլնի՝ Ստեփան Աթոյանը շեշտեց, որ մեր տարածաշրջանը համարվում է կապիկի ծաղիկի տարածման ռիսկի ցածր գոտի, ինչ վերաբերվում է այդ վիրուսին, դրա ներկայիս շտամի փոխանցման ձեւը համարվում է վայրի հիվանդ կենդանու հետ սերտ շփումը, փոխանցման այլ ուղիներ այս պահի դրությամբ չեն հայտարարվում։

Ասուլիսում Արեւմտյան Նեղոսի տենդին էլ անդրադարձ եղավ: Պարզվում է վարակման 58 դեպք է հայտնաբերվել, նրանցից 41-ն այս պահին հոսպիտալացված են, 4 հիվանդի վիճակը ծանր է, մյուսներինը՝ միջին ծանրության։ Աթոյանը հայտնեց, որ նույնիսկ Արևմտյան Նեղոսի տենդից մահվան մեկ դեպք է գրանցվել՝ 1938թ ծնված տղամարդ է մահացել, որն ուներ ուղեկցող քրոնիկ հիվանդություններ։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031