Լրահոս
Օրվա լրահոսը

«Вон из Армении»․ կարտոֆիլներ, լոլիկներ և ձվեր՝ Առինջ գյուղում գտնվող Բելառուսի դեսպանատան ուղղությամբ

Օգոստոս 21,2024 13:54

«Այս բողոքը, վստահ եմ, մեր ժողովրդի հավաքական վերաբերմունքն է, և ուղղակի չէինք կարող չարտահայտել»,- Առինջ գյուղում գտնվող Բելառուսի դեսպանատան դիմաց հայտարարեց «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը:

Այստեղ հավաքված քաղաքացիները կարտոֆիլներ, լոլիկներ և ձվեր նետեցին Բելառուսի դեսպանատան ուղղությամբ՝ բացականչելով՝ «Вон из Армении»՝ այդպիսով իրենց բողոքն արտահայտելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հնչեցրած անհարգալից հայտարարությունների կապակցությամբ։

Հիշեցնենք՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «Россия» հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադառնալով Հայաստանի իշխանության վարած քաղաքականությանը՝ ասել է. «Դե, հայերը մեզնից բացի ո՞ւմ են պետք։ Նրանք ոչ մեկին պետք չեն։ Թող իրենց տնտեսությունը զարգացնեն ու իրենց ունեցածի վրա կենտրոնանան։ Ի՞նչ Ֆրանսիա, ի՞նչ Մակրոն։ Վաղը Մակրոն չի լինի, և բոլորը կմոռանան այդ Հայաստանի մասին»:

Քաղաքագետ Հարություն Մկրտչյանը Բելառուսի դեսպանատան առաջ լրագրողների հետ զրույցում վստահեցրեց՝ ՀՀ-ի ուղղությամբ այսպիսի վիրավորանքներն ուղղակի չեն կարող անհետևանք մնալ․ «Ակնհայտ է, որ Բելառուսի նախագահ, բռնապետ, կոլխոզային գործի մեջ աչքի ընկած Լուկաշենկոն իրականացնում է Վլադիմիր Պուտինի ուղիղ հրահանգը։ Այն, ինչ ցանկանում է Վլադիմիր Պուտինն ասել, ասում է Լուկաշենկոյի շուրթերով։ Պետք է պահանջ ներկայացնել Բելառուսի ղեկավարությանը, որպեսզի ՌԴ-ի ձեռքին ՀՀ-ի հետ հարաբերություններում խամաճիկի դերից դուրս գա, և այն, ինչ ցանկանում է ՌԴ-ն ՀՀ-ին հասկացնել, ուղիղ Վլադիմիր Պուտին-Նիկոլ Փաշինյան սպասվելիք զրույցի ժամանակ թող Պուտինը ներկայացնի։ Իսկ դրա նախնական ղողանջները Բաքվի հանդիպման ժամանակ տեսանք։ Գագաթնակետը Լավրովի հայտարարությունն էր, որ ՀՀ-ն տորպեդահարում է իրենց կողմից իրականացվող խաղաղության գործընթացը, որի միջնորդը իրենք ուզում են կարծես լինել։ Հարց է առաջանում՝ դուք ինչպե՞ս ձեր առաջ ստանձնած պարտավորություններն իրականացրիք ԼՂ-ում, ՀՀ տարածքից կան օկուպացված շրջաններ, ուստի ՌԴ-ն ի՞նչ բարոյական դեմքով է հանդես գալիս, առհասարակ ունի՞ նման դեմք նման առաջարկություններով հանդես գալու համար։ Ակնհայտ է՝ ինչ է ցանկացել ասել Լուկաշենկոն։ Փորձում է իր կեղտոտ խաղը խաղաղ։ Պետք է ՀՀ-ն առհասարակ Բելառուսի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման խնդիր դնի իր առաջ, և Բելառուսը հասկանա, որ ՀՀ-ն ինքնիշխան պետություն է, և այսպիսի վիրավորանքներն ուղղակի չեն կարող անհետևանք մնալ ՀՀ-ի ուղղությամբ»։

Բելառուսի դեսպանատան բակում Արման Բաբաջանյանը նաև հայտնեց, որ քաղաքացիական և քաղաքական ուժերի կողմից պատրաստվել է հայտարարություն ու պահանջ՝ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությանն ուղղված։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031